Հայաստանյան մասնավոր ընկերությունները պատրաստվում են ֆինանսավորել ստարտափներին` նորարարական գաղափարներ կյանքի կոչելու համար: Ծրագիրը պիլոտային է, ֆինանսավորման չափը` նախնական: Հաջողակ մի խումբ գործարարներ արդեն ընդգրկված են ստարտափներին գնահատող հանձնաժողովում: Նախապես հայտարարված մրցույթին հայտ են ներկայացրել մի քանի տասնյակ ստարտափներ:
Նրանցից ընտրված ինը մասնակիցները մրցութային երկրորդ փուլում հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց բիզնես պլանը: Յուրաքանչյուր գաղափարի հեղինակի տրվեց 5 րոպե ժամանակ` ներկայացնելու իր նախագիծը և համոզելու «բիզնես հրեշտակներ»-ին, թե ինչու է պետք ընտրել հենց իր նախագիծը:
Ներկայացված գաղափարները հիմնականում վերաբերում են ՏՀՏ ոլորտին` ծրագրային ապահովում, ինտերնետ, մոբայլ տեխնոլոգիաներ:
Հաշվի է առնվում ամեն ինչ` սկսած գաղափարը ներկայացնողի ինքնավստահությունից, մտքի հետաքրքրությունից մինչև բիզնես մոդել և եկամուտների կանխատեսում:
«WebEx» ստարտափի հիմնադիրն, օրինակ, ներկայացնում է իրենց թիմը` որպես ծրագրավորման ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների: Նորարար գաղափարը հետևյալն է` պատրաստելու են վեբ և մոբայլ խաղային հավելված, որով օգտատերը կկարողանա խաղալ, միևնույն ժամանակ` ծրագրավորում սովորել:
Երիտասարդ մեկ այլ մասնակից Աշոտ Բուդգարյանը ֆինանսավորման ակնկալիքով «բիզնես հրեշտակներ»-ին է ներկայացրել բիզնես պրոցեսները վերլուծող հավելված: Իրենց հաճախորդները մեծ ու միջին ընկերություններն են լինելու:
Ներկայացող 9-ը ընկերություններին լսելուց հետո գնահատող հանձնաժողովը կքննարկի բոլոր հայտերը, կընտրվեն լավագույն գաղափարների հեղինակները, որոնք նաև լավ են պատկերացնում, թե ինչպես ստարտափը հաջող բիզնես դարձնել:
Ծրագիրը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ ձեռներեցների և, առհասարակ, ՏՏ ոլորտի զարգացման համար, քանի որ այս ծրագրով նախատեսվում է սկսնակներին տրամադրել ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական, հաշվապահական աջակցություն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն