Սահմանադրական դատարանն էլի անսահման անարդար է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանը երեկ մերժեց խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ավելի ուշ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց. «Սա հավանաբար Հայաստանի պատմության մեջ առաջին հայցն է, երբ Սահմանադրական դատարանը հայց է քննում, որն, ըստ էության, զուրկ էր ինչպես իրավական, այնպես էլ ապացուցողական հիմքից»: Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունների՝ նախորդ բոլոր ընտրությունների վերաբերյալ ներկայացված դիմումները եղել են իրավական, ապացուցողական հիմքով, եւ քանի որ ՍԴ-ն նախկինում մերժել է այդ դիմումները, կարելի է ենթադրել՝ երկրի թիվ մեկ դատարանը պարզապես աչք է փակել նախորդ բոլոր ընտրախախտումների վրա. համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել հենց Մուկուչյանի խոսքերից:

Բայց իրականում պարզ է, որ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ ներկայացված դիմումների հիմնավոր կամ անհիմն լինելը, ապացուցողական հիմքի առկայությունն ամենեւին էլ էական չէ. անկախ ընտրախախտումների վերաբերյալ մատնանշված փաստերից՝ ՍԴ-ն միշտ էլ մերժել է ընդդիմադիրների բողոքները եւ այդպես վարվեց նաեւ երեկ: Ի վերջո, Գագիկ Հարությունյանի ղեկավարած հիմնարկի միակ առաքելութունը դա է եղել տարիներ շարունակ:

Նկատենք, որ երեկ ՍԴ-ն նաեւ քաղաքական գնահատականներ է տվել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելու նախաձեռնությանը՝ անվանելով այն քաղաքական շահարկում: «Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»,- ասված է այնտեղ: Ու տպավորություն է, որ այս որոշումն իրականում գրվել է ոչ թե ՍԴ-ում, այլ Բաղրամյան 26-ում կամ Մելիք-Ադամյանում՝ ՀՀԿ գրասենյակում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս