Համաշխարհային մամուլը այս օրերին ամփոփում է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման 100 օրը, որը լրանում է ապրիլի 29-ին: Թրամփը ամերիկյան քաղաքական համակարգի աութսայդեր էր, ով որեւէ չափորոշիչով չէր համապատասխանում նախագահական աթոռին: Այսուամենայնիվ, նրա ընտրությունն ու նախագահությունն արդեն իսկ անհերքելի փաստեր են, որոնք անխուսափելիորեն բերելու են սոցիալական, տնտեսական ու քաղաքական ծանր մարտահրավերներ ինչպես ողջ աշխարհի համար, այնպես էլ առաջնահերթորեն ամերիկյան հասարակությանը:
Թրամփը նախագահության 100 օրերի ընթացքում հասցրեց բախվել գրեթե ամեն ինչի հետ՝ թե՛ ներքին լրջագույն սոցիալական հակադրությունների, թե՛ քաղաքական սկանդալների, թե՛ արտաքին քաղաքական բարդությունների: ԱՄՆ նախագահը էլ ավելի բորբոքեց լրատվական դաշտի հետ իր թշնամությունը, հանդես եկավ հակասական հայտարարություններով, փորձեց իրագործել նախընտրական շրջանի մի շարք վիճահարույց խոստումներ: Այդ ամենով հանդերձ, նա լրջագույն հաջողություններ, որպես այդպիսին, չարձանագրեց:
Առհասարակ, ԱՄՆ-ում նախագահի առաջին հարյուր օրերը այն հիմքն են, որոնցով կառուցվում են կառավարման 4 տարիները, եւ գրեթե յուրաքանչյուր նախագահ այդ ժամանակահատվածում հանդես է գալիս հիմնարար առաջարկներով, նախընտրական շրջանի իր խոստումների ծնունդը հանդիսացող տնտեսա-քաղաքական եւ սոցիալական ծրագրերի ռազմավարության մշակմամբ: Դատելով Թրամփի կատարած քայլերից՝ առաջիկա չորս տարիներն անցնելու են հենց նույն տրամաբանության՝ ներքին հարցերում ոսկե միջինը գտնելու անընդունակության, ներքաղաքական պայթյունավտանգ սկանդալների ու արտաքին քաղաքականության հակասականության շրջանակներում:
ԱՄՆ-ի ներքին սոցիալական հարաբերություններում թերեւս կարեւորագույն տեղը զբաղեցնում է կառավարության բյուջեի նախագիծը: Թրամփի կառավարության ներկայացրած բյուջեն ապշեցուցիչ պատկեր էր ի հայտ բերում, ըստ որի՝ կրճատվում էին գրեթե բոլոր ոլորտների ծախսերը, ինչի հաշվին շեշտակիորեն մեծանում էր ռազմական բնագավառի ֆինանսավորումը: Այսպես՝ Թրամփն առաջարկում էր ռազմական ծախսերը ավելացնել ավելի քան 50 միլիարդ ԱՄՆ դոլարով: Այս առաջարկը հանդիպեց ինչպես դեմոկրատների, այնպես էլ որոշ հանրապետականների բացասական վերաբերմունքին:
Թեպետ Սպիտակ տունը հայտարարեց, որ հրապարակվածը սոսկ նախագիծ էր, որի շուրջ ակնկալվում էր հանրային լայն քննարկում, իրավիճակը դրանից չմեղմվեց: Պարզ դարձավ, որ նոր նախագահի համար բյուջեի անկյունաքարը ռազմական բնագավառն է, իսկ մյուս ոլորտները ածանցյալ են կամ անկարեւոր: Ակնհայտ է, որ Թրամփի կառավարությունը Կոնգրեսի հետ բանակցություններում կհանգի ընդհանուր հայտարարի, սակայն փաստը, որ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը աճելու են, այլեւս անժխտելի է:
Երկրի սոցիալ-տնտեսական հրատապ խնդիրներից մյուսն առնչվում է առողջության ապահովագրությանը, որտեղ գործող կարգը ներմուծվել է Օբամայի օրոք եւ պայմանականորեն կոչվում է հենց 44-րդ նախագահի անունով՝ Obamacare: Թրամփը նախընտրական շրջանում կոշտ քննադատության էր ենթարկում այդ համակարգը: Նախագահ ընտրվելուց անմիջապես հետո նա ստորագրեց դրա ամբողջական վերանայման հրամանագիրը, եւ նրա թիմը, Կոնգրեսի հանրապետականների հետ ձեռք ձեռքի տված, հղացավ մի նոր տարբերակ, որը ոչ միանշանակ ընդունվեց ամերիկյան հասարակության կողմից:
Առողջապահության ոլորտը կարգավորող այդ նոր նախագծով գրեթե հիմնովին փլատակների էր վերածվում նախկին համակարգը, ինչից տուժելու էր ամերիկացիների մեծամասնությունը, եւ շահելու էր ունեւոր խավը: Թրամփը նույնիսկ չհամարձակվեց մինչեւ վերջ պաշտպանել այդ նախագիծը՝ հայտարարելով, թե ոչ ոք չէր կարող ենթադրել, որ առողջապահական ապահովագրության համակարգը ծայրաստիճան բարդ էր:
Սակայն շատերն էին ենթադրում ու հիմնավորապես բացատրում, որ Թրամփի լոզունգները այդ համակարգի վերանայման մասին սոսկ պոպուլիզմ էին եւ ոչինչ ավելի: Կարծիքը, որ Թրամփն ու նրա խորհրդականները իրականում ոչինչ չեն հասկանում սոցիալական այդ հիմնախնդրի իրական էությունից, փաստորեն, այնքան էլ հեռու չէր իրականությունից: Նախագահը բազմիցս պնդել է, որ եթե առողջապահական ապահովագրության համակարգը չվերանայվի, այն ինքնաբերաբար է քանդվելու: Ծանրությունը, որ այդ համակարգն ունի ԱՄՆ-ի պետական բյուջեի վրա, միանշանակ է ու անժխտելի: Սակայն միաժամանակ հստակ է, որ դրա լրջագույն այլընտրանքը դեռեւս գոյություն չունի:
Երբ Օբամայի վարչակազմը հանդես էր գալիս ապահովագրության ներդրման նախագծով, Կոնգրեսի հանրապետականները ամեն կերպ խոչընդոտում էին դեմոկրատ նախագահի ծրագրերին: Օբամայի բազմաթիվ հորդորները՝ միանալու ու համատեղ ջանքերով լավագույն տարբերակը գտնելու մասին, մնում էին անարձագանք: Օբամային հաջողվեց այդ համակարգը իրողություն դարձնել միայն այն կարճ ժամկետում, երբ Կոնգրեսում մեծամասնությունը պատկանում էր դեմոկրատներին: Հատկանշական է, որ Օբաման անգամ վերջերս էր համոզված պնդում, որ իր ստեղծած ապահովագրությունը հնարավորի առավելագույնն էր: Նա նույնիսկ առանց կաշկանդվելու հայտարարել էր, որ եթե Թրամփին ու հանրապետականներին հաջողվի ավելի լավ տարբերակ գտնել, անձամբ կողջունի դա:
Սակայն հանրապետականները ունակ չեղան գտնելու այդ առավել նախընտրելի տարբերակը: Նույնիսկ Կոնգրեսում, որտեղ մեծամասնությունը պատկանում է Հանրապետական կուսակցությանը, նորովի առաջարկվող համակարգը հավանության չարժանացավ: Ստացվեց այնպես, որ Թրամփի խոստումներից թերեւս ամենակարեւորը, որը վերաբերում է 30 եւ ավելի միլիոն ամերիկացիներին, հօդս ցնդեց: Նախագահը շարունակում է ցայսօր հոխորտալ, որ նոր համակարգը ծայրահեղ անհրաժեշտություն է:
Դրա հետ մեկտեղ այդ նոր համակարգի իրական առաջարկներ նա չի ներկայացնում, ինչով եւ դրսեւորվում է նրա կառավարության անտեղյակությունը սոցիալական հիմնախնդիրներից: Սոցիալական խնդիրները հասարակական հիվանդության առաջին ախտանիշներն են եւ որքան դրանք ցցուն են դառնում, այնքան պետության հիվանդությունը խորանում է: Ամերիկյան էլիտան պատմության ընթացքում քանիցս ապացուցել է, որ ունակ է լուծումներ գտնել նման իրավիճակներից, մինչդեռ այսօր նրան պատել է անորոշությունը:
Շարունակելի…