«Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի: «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ Դավիթաշեն թաղամասում գտնվող շենքի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Ավելին՝ նախատեսվում է առաջիկայում ստեղծել համատիրություն:
Հիշեցնենք, որ «Տոնուս» ընկերությանը պատկանող շենքերը գրավադրված են «Արցախբանկ»-ում: Երեւանի քաղաքապետարանը դեռեւս 2015 թվականի հոկտեմբերի 26-ին շինարարական թույլտվություն էր տվել «Աշոտշին» ընկերությանը, որը շինաշխատանքներ է իրականացրել Դավթաշենի թաղամասի անավարտ բազմաբնակարան շենքում:
«Տոնուսից» տուժած բնակիչները «Արցախբանկի» հետ կնքված համաձայնագրի հիման վրա շինարարական կազմակերպության հետ կնքել էին նախնական պայմանագրեր, որոնց ստորագրման պահից ամենաուշը 9 ամիս հետո շինարարությունը պետք է ավարտված լիներ, եւ մարդիկ ստանային իրենց բնակարանները: Սակայն, ինչպես տեղեկացանք, շինարարությունը նախատեսված 9 ամսում չի ավարտվել: