Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Գաբրիելյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարունիկ Ղուշչյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Գաբրիելյանի աշխատանքից դժգոհություններ չկային, նա նաեւ Նոյեմբերյանի ԲԿ-ում վիրահատություններ էր կատարում, ինչից ֆինանսապես շահում էր բժշկական կենտրոնը: Ա. Գաբրիելյանի ընտանիքը բնակվում է Երեւանում, իսկը ինքը 3 տարի ապրում, աշխատում էր հեռավոր, սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում:
Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ տեղաշարժը հոգնեցուցիչ էր նրա համար: Մանավանդ, որ սահմանամերձ Նոյեմբերյանի ԲԿ-ի ղեկավարի պաշտոնը, ի տարբերություն Երեւանի բժշկական հիմնարկների տնօրենների պաշտոնի, «յուղոտ գործ» չէ: Ա. Գաբրիելյանը հրաժարականի դիմում ներկայացնելիս ասել է, որ իր համար Երեւանում համապատասխան աշխատանք է գտել:
Նոյեմբերյանը սահմանամերձ է, մշտապես առկա է Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման, ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, ինչը կարող է հանգեցնել մեծաթիվ վիրավորների: Այդ առումով շատ կարեւոր է Նոյեմբերյանի ԲԿ-ի բնականոն աշխատանքը, առողջապահական հիմնարկի հմուտ ղեկավարումը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին հարցրինք, թե ե՞րբ է նշանակվելու Նոյեմբերյանի ԲԿ-ի նոր տնօրեն: Մարզպետն ասաց, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում սահմանամերձ ԲԿ-ի խնդիրները:
Նա նշեց, որ առայժմ այդ ԲԿ-ում վիրահատությունները կկատարեն այլ ԲԿ-ներից հրավիրված վիրաբույժները: Հ. Աբովյանը հայտնեց, որ առաջիկայում Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն կնշանակվի այնպիսի անձնավորություն, ով լավ բժիշկ լինելով հանդերձ՝ հմտորեն կղեկավարի ադ բուժհիմնարկը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ