Երեկ լրացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման 100 օրը: Այս ժամանակահատվածը ակադեմիական շրջանակներում համարվում է նախագահի կառավարման մնացած շրջանի նախահիմքը եւ ինքնին ցույց է տալիս, թե ինչպես կընթանան հաջորդ 4 տարիները: Սոցիալական ու տնտեսական հարցերում բախվելով իրական լուծումներ առաջարկելու սեփական անընդունակությանը` Թրամփի վարչակազմը անցած 100 օրերի ընթացքում հասցրեց թաթախվել նաեւ ներքաղաքական սկանդալների ու արտաքին քաղաքական կոնֆլիկտի մեջ:
Մինչ Թրամփի երդմնակալությունը, նրա թիմը բախվեց երկու լուրջ խնդիրների հետ, որոնք վերաբերում էին Ռուսաստանին: Ամերիկյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Թրամփի խորհրդականները ակտիվ շփումների մեջ են եղել ռուսական պաշտոնական շրջանակների հետ եւ իրենց սահմանադրական լիազորություններից դուրս քննարկումներ ունեցել:
Ավելին` տեղեկություններ շրջանառվեցին, որ Թրամփի կողմնակիցները նույնիսկ ինչ-ինչ խոստումներ են տվել ռուսներին: Թրամփն ու իր թիմը ժրաջանորեն հերքեցին դրանք, սակայն մամուլի համառությունը սահման չէր ճանաչում: Ի վերջո, հրապարակվեցին ապացույցներ առ այն, որ Թրամփի խորհրդականները առնվազն կիսաճշմարտություններ են ասել: Խոսքն առաջին հերթին վերաբերում էր Թրամփի` ազգային անվտանգության գծով հատուկ խորհրդական, գեներալ Մայքլ Ֆլինին, որը ՌԴ դեսպանի հետ ունեցած իր բանակցությունների մասին ոչ միայն հրապարակավ էր ստել, այլեւ կեղծ տեղեկություններ էր փոխանցել փոխնախագահ Փենսին:
Մեղադրանքները այն աստիճան հիմնավոր էին, որ Ֆլինը, դեռ չհասցրած մեկ ամիս վայելելու կառավարական պաշտոնը, ստիպված հրաժարական ներկայացրեց: Նրա պաշտոնավարումը կմտնի ԱՄՆ պատմության մեջ որպես ամենակարճերից մեկը, որի պատճառը քաղաքական սկանդալն էր` նախագահի անձնական հեղինակությանը վնասելու հսկայական պոտենցիալով: Սկանդալը նաեւ ցույց տվեց, որ Թրամփը հազիվ թե տեղյակ չլիներ իր խորհրդականի «ինքնագործունեությունից», եւ կարծիք կա, որ նա պարզապես զոհաբերեց Ֆլինին: Փորձն արդեն հուշում է, որ Թրամփի վարչակազմում սկանդալային հրաժարականները եզակի չեն լինելու:
Նման հիմք է տալիս Թրամփի փեսա, նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների ու նախագահի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի հարաբերություններում առկա լարվածությունը: Այն նկատելի էր նույնիսկ մինչեւ Թրամփի երդմնակալությունը, երբ ընթանում էր պաշտոնների բաժանման գործընթացը: Ամերիկյան վերլուծաբանները շարունակում են պնդել, որ Քուշներն ու Բենոնը միմյանց հետ իշխանության համար մղվող «քաղաքացիական պատերազմի» մեջ են: Նրանց հակասությունները նույնիսկ զայրացրել էին Թրամփին, որը պահանջել էր երկուսից խաղաղվել ու աշխատել մեկ ընդհանուր նպատակի շուրջ: Սակայն որքա՞ն կպահպանվի այդ զինադադարը, շարունակում է անհայտ մնալ:
Ներքաղաքական սկանդալներից էր նաեւ մամուլում տարածված, այնուհետեւ ԱՄՆ իրավապահների կողմից քննված տեղեկատվությունը, ըստ որի` ռուսական հատուկ ծառայությունները տիրապետում են Թրամփի մասին առանձնահատուկ կոմպրոմատների: Բնական է, որ եթե ԱՄՆ-ի գլխավոր մրցակից պետություններից մեկը նման հզոր զենքի է տիրապետում, դա ինքնաբերաբար սեղմում է վարչակազմի ազատ գործունեության դաշտը, ինչպես նաեւ խոցելի դարձնում թե՛ իշխանությանը, թե՛ պետությանը:
Այս հանգամանքը ամերիկյան վերնախավը շատ լավ հասկանում էր, ինչի համար էլ շուտափույթ քայլեր ձեռնարկվեցին` պարզելու, թե արդյո՞ք Թրամփն այդքան խորը կապեր ունի ռուսական շրջանակների հետ: Դատելով հրապարակված տեղեկություններից` ամերիկյան հատուկ ծառայությունները լուրջ հիմքեր չեն գտել վարկածն առաջ տանելու համար:
Միաժամանակ կարող է պատահել, որ Թրամփի վարչակազմը ի վիճակի է եղել բնում խեղդել հասունացող պաշտոնանկությունը: Փաստ է միայն, որ Թրամփի ու Ռուսաստանի կապերի մասին ավելին հայտնի չէ հանրությանը, ինչը միաժամանակ չի նշանակում, որ այս հարցում նոր զարգացումներ չեն լինելու: Նույնիսկ կարծիք կար, որ ռուսական շրջանակների հետ Թրամփի ունեցած կապերի մասին տարածվող մեղադրանքներն էլ յուրօրինակ ձեւով ազդել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:
Այսպես՝ Չինաստանի նախագահի հետ հանդիպման պահին Թրամփը հրահանգել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերին հարվածներ հասցնել Սիրիային: Այդ քայլով Թրամփը անմիջականորեն ներքաշվեց սիրիական կոնֆլիկտի մեջ, թեեւ հետեւողականորեն քննադատում էր նախկին նախագահաներ Բուշին եւ Օբամային՝ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմական ուժերն օգտագործելու համար:
Հստակ է, որ Սիրիայի հանդեպ ռազմական գործողությունները անսքող կերպով ուղղված էին լինելու Ռուսաստանի շահերի դեմ` հաշվի առնելով Ասադի ռեժիմին պաշտպանելու պուտինյան քաղաքականությունը: Թրամփը այսպիսով ապացուցեց, որ Սիրիային հարվածելիս հաշվի չի նստելու ոչ մեկի, այդ թվում եւ` Պուտինի հետ: Մի տեսակետի համաձայն` նման պահվածքով Թրամփը փորձեց ցույց տալ, որ ՌԴ-ի հետ իր կապերի մասին շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: Մեկ այլ կարծիքով` այս քայլով Թրամփն անչափելիորեն ուժեղացրեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի դիրքերը Մոսկվա կատարելիք այցից առաջ:
Եվ, վերջապես, չի բացառվում, որ ԱՄՆ նախագահը հրթիռակոծման հրահանգ է իջեցրել` տեղի տալով զգացմունքայնությանը: Ինչպիսին էլ լինի Սիրիայում կատարվածի հիմնապատճառը, դրանից չի փոխվում այն փաստը, որ Թրամփի վարչակազմը անհրաժեշտ պահին չի տատանվելու ակտիվ ռազմական միջամտության տարբերակին դիմելիս:
Առաջիկա 4 տարիներին, երբ շարունակելու են եռալ Հյուսիսային Կորեայի, Իրանի, Սիրիայի, Ուկրաինայի ճգնաժամերի կաթսաները, Թրամփը ցանկացած պահի կարող է դիմել ռազմական գործիքների օգնությանը, քանզի ինչպես օրերս անձամբ էր արձանագրել` «դիվանագիտությունը շատ դժվար բան է»: Սիրիայի նկատմամբ ձեռնարկված գործողությունները հուշում են, որ ռազմական միջամտության գործիքը կենտրոնական տեղ է զբաղեցնելու ԱՄՆ արտաքին քաղաքականության բնագավառում` դրանից բխող տարատեսակ ծանրագույն հետեւանքներով:
Ն. Հովսեփյան