«Արգելոցի տարածքում ռեստորան չի լինի, այլ ուրարտական խոհանոց»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս ապրիլի սկզբին Էրեբունի արգելոց-թանգարանում կայացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը, որի օրակարգում եղել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման եւ այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումն ու քննարկումը:

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, նախագծի աշխատանքների համակարգող Գագիկ Գյուրջյանը ներկայացրել է նախագծի կառուցվածքը՝ անդրադառնալով աշխատանքների ընթացքին: Մի շարք նախագծերին զուգահեռ ներկայացվել է նաեւ ուրարտական խոհանոցի եւ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը, որը, սակայն, հայ հանրության որոշակի զանգվածների շրջանում տարակարծությունների առիթ է տվել` Էրեբունի արգելոցի տարածքում ռեստորա՞ն է բացվելու: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հավաստիացնել, որ նման բան չի կարող լինել. «Ռեստորանում կարելի է պատվիրել ամեն ինչ, իսկ այստեղ միայն ուրարտական վերականգնված ճաշատեսակներ են մատուցվելու, արգելոցի տարածքում չենք նախատեսում ռեստորան ունենալ, երբեք»,-ասաց նա:
Պարոն Գյուրջյանի խոսքով` միջնաբերդից դուրս` այն տարածքում, որտեղ բնակելի տներ են եղել եւ հանվել են, որտեղ ճահիճ կա գոյացած, առաջարկվում է ստեղծել ուրարտական խոհանոց, որը մոտ կլինի ավտոկանգառին.

«Հիմա աշխարհում ընդունված է նյութական եւ ոչ նյութական (հնագույն ճաշատեսակները համարվում են ոչ նյութական մշակութային ժառանգություն) ժառանգությունը միաժամանակ ներկայացնելու միտումը: Մեզ մոտ պեղումների ընթացքում հայտնաբերվել են գյուղատնտեսական արտադրանքի հետքեր` սալոր, քունջութ, ոսպ, սիսեռ, ցորեն, ձավար, ինչպես նաեւ` գառան, ոչխարի, տավարի ոսկորներ: Գտածոները ենթադրել են տալիս, որ ժամանակին դրանցով ճաշատեսակներ են պատրաստել, որոնք կարելի է վերականգնել եւ փորձել մատուցել: Միաժամանակ Կարմիր բլուրում եւ Էրեբունի հնավայրում` միջնաբերդից դուրս, պեղումների ժամանակ ուրարտական բնակելի տներ են հայտնաբերվել: Այդ տան տիպի մեջ կարելի է մատուցել ուրարտական խոհանոցի նմուշները: Կարծում եմ` դա կհետաքրքրի զբոսաշրջիկներին»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս