Մեր հերոսներին էլ արժանացնենք «Ավրորայի». առաջարկում են ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանի թեկնածությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձան «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա հավակնորդների անունները: Մոտ 250 թեկնածուներից ընտրվել են հինգը` Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, ովքեր Սոմալիում խնամում են երեխա-զինվորականներին եւ մարդասիրական կազմակերպություն են հիմնադրել, Ջամիլա Աֆղանին, ով Աֆղանստանում զբաղվում է կանանց եւ աղջիկների կրթության խնդիրներով, Մուհամադ Դարվիշը՝ սիրիացի բժիշկ, Դենիս Մուկվեգեն, ով օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարված կանանց, եւ բժիշկ Թոմ Քաթինան, ով Սուդանի լեռներում աշխատող միակ վիրաբույժն է, որն ամեն օր սպասարկում է հարյուրավոր հիվանդների: Նշենք, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա մայիսի 28-ին:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը, գնահատելով «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի ջանքերը, վերջիններիս առաջարկում է մրցանակի հավակնորդների ցանկում ներառել նաեւ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին:

«Գովելի այդ մրցանակաբաշխության մեջ առկա է մի շա՜տ մեծ բացթողում… Աշխարհով մեկ ցրելով մրցանակաբաշխության ֆոնդը՝ կարելի էր, չէ՞, մի փոքր էլ մեր բյուրավոր հոգսերին ուղղորդեինք այն։ Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը 60 երկարուձիգ տարիներ մեկիկ-մեկիկ գտել ու գրառել է ցեղասպանությունից վերապրածների հուշերը՝ զոհաբերելով իր առողջությունն ու սուղ նյութական միջոցները։ Ինչո՞ւ այդպիսի հսկայածավալ աշխատանքը պիտի լինի այդ հզոր կամքի տեր հայուհու խղճուկ աշխատավարձի ու թոշակի հաշվին։ Թե՞ այլոց պես նա էլ պիտի ճչա ու գոռա՝ ի ցույց դնելով իր հերոսական աշխատանքը։ Նա 80 անց է ու դեռ շարունակում է իր տիտանական ջանքերը՝ համալրելու իր կուտակած հազարավոր վկայություններից կազմված հատորները, որոնք մեծ դժվարությամբ տասնյակ լեզուներով են թարգմանվել մի կերպ հայթայթված նվիրատվություններով։ Ու՞ր է մեր արժանապատվությունը։

Այդ հսկա հատորները պիտի աշխարհին պատմեն Հայոց ցեղասպանության մասին՝ մոտեցնելով համաշխարհային հանրության կողմից ճանաչման եւ հայոց պահանջատիրությանը արդարացի լուծում տալու խնդիրը։ Ինչպես միշտ, մենք ավելի շատ ուզում ենք նախապատվությունը տալ օտարներին»,-կարծում է տիկին Բառնասյանը:

«Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, որ «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվում է նրան, ով օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով, եւ որ մրցանակը ստեղծվել է` խրախուսելու համար այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում, տիկին Բառնասյանը պատասխանեց. «100-ամյա վաղեմության հուշեր փրկելը մարդկանց փրկելուն չի զիջում, հատկապես մեզ նման պահանջատիրական հարցեր արծարծող ազգի համար։ Տիկին Սվազլյանը մի երկրից մյուսը տեղափոխվելու եւ ցեղասպանությունը վերապրածներին գտնելու համար միջոցներ չի ունեցել եւ նույնիսկ վաճառել է իր ամուսնական մատանին: Մի խոսքով` այս կինն իր ամբողջ կյանքը նվիրել է ցեղասպանությունը վերապրածների հուշերը փրկելուն: Գովելի է, երբ գնահատում ենք օտարների ջանքերը, բայց կցանկանամ, որ մեր հերոսներին էլ տեսնենք»:
Ու թեեւ տիկին Բառնասյանի առաջարկն այս տարվա համար փոքր-ինչ ուշացած էր, հայ հանրության շրջանում արդեն սկսվել են քննարկումներ` թեման զարգացնելու շուրջ:

Հավելենք, որ «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Մրցանակի դափնեկիրը ստանալու է 100․000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

Աննա Բաբաջանյան




Լրահոս