Մոսկվայի և Կիևի աղբյուրների տվյալներով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ուկրաինացի գործընկեր Պյոտր Պորոշենկոն շարունակում են հեռախոսային բանակցություններ վարել: Մասնավորապես, երկու երկրների առաջնորդները քննարկել են Դոնբասի իրավիճակը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:
Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ապրիլի առաջին կեսին:
Մոսկվայի աղբյուրները պարբերականին հայտնել են, որ «նախագահները ստիպված են եղել կատակել, որպեսզի չվիճաբանեն և սուր խոսքեր չհնչեցնեն միմյանց հասցեին», սակայն ընդհանուր առմամբ հեռախոսազրույցն անցկացվել է «հարգալից» կերպով:
Կիևի աղբյուրները հայտնել են, որ Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են գերիների փոխանակումը, ինչպես նաև Դոնբաս սննդի, ջրի և էլակտրականության մատակարարումն ու ինքնահռչակ հանրապետությունների բնակիչներին ուկրաինական կենսաթոշակների վճարումը:
Միևնույն ժամանակ, ուկրաինական աղբյուրները նշում են, որ Պորոշենկոյի ադմինիստրացիան չէր ցանկանա հրապարակայնորեն խոստովանել այդ հեռախոսազրույցի փաստը: