Ուկրաինացի երգիչ, դի-ջեյ, հաղորդավար, «ПараНормальных» խմբի նախկին անդամ Իվան Դորնը հունիսի 3-ին բացօթյա համերգով հանդես կգա Երեւանում: Սա կլինի Դորնի առաջին համերգային այցը Հայաստան:
«Ժողովուրդ»-ը համերգի կազմակերպիչ «Մեցցո» փրոդաքշնի վաճառքի բաժնի ղեկավար Անի Պապանյանից հետաքրքրվեց` ինչով է պայմանավորված արտիստի ընտրությունը. «Հատկապես 2013-ից ի վեր` հայ հանրության շրջանում միշտ էլ Դորնի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել: Նույնիսկ սոցցանցերում նրա անունով ֆան-էջեր են բացվել, որոնց միջոցով երկրպագուները պահանջել են Դորնին հրավիրել Երեւան: Մենք էլ որոշեցինք բավարարել նրանց ցանկությունը»,-տեղեկացրեց փրոդաքշնի ներկայացուցիչը` հավելելով, որ կախված հայ հանրության ընդունելությունից` չի բացառվում, որ Դորնը հետագայում կրկին համերգային այց կատարի մեր երկիր:
Ուշագրավ է, որ համերգի տոմսերն արժեն 7000 դրամ, եւ որքան միջոցառումը մոտենա, տոմսերի գինը կաճի` հասնելով մինչեւ 12 հազար դրամի: Մեր այն դիտարկմանը, թե մեկնարկային գինը բավական բարձր է, Ա. Պապանյանը պատասխանեց. «Գինը պայմանավորված է նախագծի բյուջեով: Ի դեպ, նշեմ, որ խոսքը մուտքի տոմսի մասին է, այսինքն` նստատեղեր չեն լինելու»:
Մենք հետաքրքրվեցինք` Երեւանում հնարավոր է արդյոք ապահովել Դորնի համերգի համար անհրաժեշտ տեխնիկան. «Երգիչը տեխնիկայի մի մասը կբերի իր հետ, մյուս մասը մենք կտրամադրենք»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ Դորնը բավական պատասխանատու եւ հետաքրքիր մարդ է, եւ ինքն էլ ոգեւորված է սպասվելիք երեւանյան համերգով: Իսկ հարցին, թե արդյոք հունիսի 3-ին կհնչեն պրեմիերաներ, փրոդաքշնի ներկայացուցիչը պատասխանեց. «Անպայման: Բացի հանրությանը ծանոթ սիրված երգերից` կներկայացվեն նաեւ նոր գործեր: Առհասարակ, մենք խոստանում ենք ինտերակտիվ համերգ, որի ընթացքում կլինեն բազում անակնկալներ»:
Աննա Բաբաջանյան