«Ժողովուրդ»-ը շոու-բիզնեսից ունեցած սպասլիքների եւ ներքին խոհանոցին ծանոթանալուց հետո ունեցած մտորումների մասին զրուցել է երգչուհի, «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի հաղթող Մաշա Մնջոյանի հետ։
-Մաշա՛, վերջին շրջանում երաժշտական ակտիվ գործունեություն էիք ծավալում Ավստրալիայում։ Այդ երկրի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։
-Ինքս չեմ կարող վստահաբար ասել, թե իրադարձություններն ինչպես կդասավորվեն։ Համենայն դեպս, հիմա դեռ Հայաստանում եմ, մոտ ժամանակներում չեմ պլանավորում երկրից դուրս գնալ։ Բայց նաեւ չեմ բացառում, որ հետագայում Ավստրալիայի հետ ճանապարհներս կրկին կխաչվեն։
-Ձեզ առաջիկայում որտե՞ղ, ի՞նչ միջոցառումների շրջանակում կարող ենք լսել։
-Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան նվիրված համերգ է սպասվում, բացի այդ՝ «Եվրոպայի օրերի» շրջանակում (մի շարք տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարպետության դասեր եվրոպացի արվեստագետների մասնակցությամբ) սպասվում են համերգներ՝ իմ եւ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ։ Ի դեպ, վերջերս նկարահանվել եմ նաեւ ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանի տեսահոլովակում, եւ, փաստորեն, առաջին անգամ հանդես եմ եկել ոչ որպես երգչուհի, այլ դերասանուհի։
-Իսկ Դուք ինքներդ ինչո՞ւ տեսահոլովակ չեք թողարկում։
-Ամենակարեւոր պատճառը ֆինանսն է, ապա ժամանակի սղությունը։
-Հիշում եմ, որ խոստացել էիք Սոնայի հետ դուետի՝ «Runaway» երգի հիման վրա տեսահոլովակ ներկայացնել։
-Այո՛, բայց չստացվեց այդ գաղափարը կյանքի կոչել հենց ֆինանսների բացակայության պատճառով։ Ամեն դեպքում, դեռ հույս ունեմ, որ տեսահոլովակ թողարկելու հնարավորություն կունենանք։ Ի դեպ, Սոնայի հետ շարունակում ենք համագործակցել, բացի այդ՝ մենք հարազատ ընկերներ ենք՝ ընտանիքի անդամների պես։
-Իսկ ստեղծագործական կյանքի այս փուլում շոու-բիզնեսում հաստատվելու մտադրություններ ունե՞ք, հետաքրքիր է՝ պրոդյուսեր ունե՞ք։
-Ես ձգտում եմ միշտ տեսադաշտում մնալ՝ գեղեցիկ ու գրագետ գործեր ներկայացնելով։ Պրոդյուսեր, հովանավորներ չունեմ, բայց ինձ շատ է օգնում հորաքույրս, որը երգարվեստին մոտ մարդ է եւ մշտապես իմ կողքին է։
-Երկրպագուներն ուզում են, որ Դուք ավելի ակտիվ գործունեություն ծավալեք։
-Ես էլ եմ ուզում, ուժերիս ներածին չափով իրականացնում եմ դա։
-Մաշա՛, իսկ Դուք երգեր գրո՞ւմ եք։
-Այո՛, երբեմն գրում եմ, բայց բավականաչափ չեմ հավանում, որպեսզի հրապարակեմ։ Ինքս ինձ քննադատաբար եմ մոտենում։
-Իսկ հայկական շոու-բիզնեսում կա՞ մի իրականություն, որի հետ մինչեւ այժմ չեք համակերպվում։
-Ես ե՛ւ շոու-բիզնեսի մեջ եմ, ե՛ւ դրանից դուրս, բայց «չկամ» այն ամենի մեջ, ինչ կատարվում է հայկական շոու-բիզնեսում։ Սիրում եմ, որ ամեն բան ճիշտ ու գրագետ լինի, բայց մի բան միշտ սխալ է գնում։ Համենայն դեպս, շոու-բիզնեսում ունեմ շատ ընկերներ, որոնց գնահատում եմ։
-Այսինքն՝ հայկական շոու-բիզնեսն այնքա՞ն էլ հոգեհարազատ չէ Ձեզ։
-Ես շոու-բիզնեսը այլ կերպ էի պատկերացնում։ Երբ մասնակցում էի «Հայաստանի ձայնին», մտածում էի՝ տեսնես ինչ է կատարվում համերգների կուլիսներում, ինչպես են իրականացվում մի շարք ծրագրեր։ Բայց երբ ծանոթացա ներքին խոհանոցին, պատկերը փոխվեց։ Ասում են, չէ՞, որ պետք է ավելին չսպասես, որպեսզի հուսախաբ չլինես։ Համենայն դեպս, ես ամեն կերպ փորձում եմ պահել այն նշաձողը, որն ինքս եմ ինձ համար սահմանել։
-Իսկ Ձեր՝ հեռուն գնացող նպատակներն ինչի՞ն են վերաբերում։
-Շատ եմ ուզում մատուցել այնպիսի պրոդուկտ, որը կհետաքրքրի ե՛ւ տեղի, ե՛ւ արտերկրի հանդիսատեսին։ Ինձ համար դա կարեւոր հանձնարարական է։
-Եվ վերջում՝ հետաքրքիր է՝ Ձեր անձնական կյանքում այժմ ի՞նչ փուլ է։
-Անձնականի մասին չեմ մտածում, բայց չգիտեմ՝ ինչ կլինի, չեմ կարող ասել, թե Աստված ինձ համար ինչ է պատրաստել։ Ամեն դեպքում, ես ընտանիքի մարդ եմ, գյումրեցիների իմ ընտանիքում ես տեսել եմ միայն սեր եւ ջերմություն։ Նույնը ցանկանում եմ տեսնել իմ սեփական ընտանիքում։
Աննա Բաբաջանյան