Մրոյի` Հայաստան վերադառնալու 30-ամյակը կնշանավորվի մենահամերգով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն, այս տարի նշում է Սիրիայից Հայաստան վերադարձի 30-ամյակը եւ մտադիր է առիթը տոնի վերածել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Երեւանում մենահամերգով հանդես գալու մտադրություն ունի, արդեն աշխատում է այդ ուղղությամբ. «Թե որքանով գաղափարս կիրականացվի, կախված է ֆինանսական միջոցներից»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ Մոնթե Մելքոնյանին նվիրված երգի հիման վրա (հեղինակ` Գուսան Հայկազուն) պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել: Բացի այդ` Մրոյի՝ արցախցի երկրպագուները շուտով նրա կենդանի կատարումներն ունկնդրելու հնարավորություն կստանան մայիսյան հաղթանակներին նվիրված համերգների շրջանակում: Իսկ ավելի ուշ արդեն Արսեն Գրիգորյանը համերգով հանդես կգա Սիրիայում հալեպահայերի համար:

«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով երիտասարդ երգիչների կողմից ժողովրդական, ազգային երգերի մատուցմանը, նկատեց, որ այդ միտումը, կարծես, վերջին շրջանում «մոդայիկ» է դարձել. «Դա գովելի փաստ է, միայն թե հարկավոր է, որ մեր երգիչ-երգչուհիները հայերենը լավ իմանան, հայկական հնչերանգին տիրապետեն, զգան այն վտանգը, որ հնարավոր է, սխալ կատարման հետեւանքով աղավաղեն երգը: Դրա համար միշտ կոչ եմ արել հասկանալ, թե ինչ են երգում, չէ՞ որ հայ երգի պարագայում խոսքի իշխանությունն է կարեւորը, այսինքն` խոսքերին մեծ ուշադրություն է դարձվում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Քանի որ պարոն Գրիգորյանը ժողովրդական երգարվեստը հանրահռչակելու ուղղությամբ որոշակի ծրագրեր է իրականացնում, հետաքրքրվեցինք` գործընթացն ի՞նչ փուլում է. «Արդեն որոշակի ժամանակ է` իրականացնում ենք Երեւանի, մարզային քաղաքների փողոցներում ազգային երգն ու պարը մատուցելու, ուսուցանելու ծրագրեր: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերականգնվում է «Զարթոնք» խումբը, որը տարիներ շարունակ, այսպես ասած, ընդհատակում էր: Ծրագրում ենք նաեւ ստեղծել ազգային երգի, պարի խմբեր այն քաղաքներում, որտեղ դրանք բացակայում են»,- եզրափակեց երգիչը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս