Ինչպես հայտնի է` երեկ Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: Նախարարների հանդիպման շուրջ տեղեկությունները բավական քիչ են և միայն նշվում է, թե նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: Հանդիպման արդյունքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ռուս քաղաքագետ Ատանիսլավ Տարասովի հետ:
– Պարո’ն Տարասով, ի՞նչ նշանակություն կարող է ունենալ երեկվա հանդիպումը: Արդյունքների մասին գրեթե ոչինչ չասվեց:
– Իմ տպավորությամբ սա կարող ենք համարել ուղղակի հերթական հանդիպում, ինչը փաստում է նաև երեք երկրների արտաքին գերատեսչությունների տարածած հաղորդագրությունները: Սա նշանակում է, որ հիմնական բանակցությունները կարող ենք հետաձգված համարել: Արդյունքներ մենք չենք տեսնում:
– Ստացվում է` հետագա բանակցությունների, նախագահների մակարդակով հանդիպումների չպե՞տք է սպասել:
– Այո, նման հանդիպման համար նախադրյալներ չկան: Դրանք չեն դիտարկվում:
– Եթե իրավիճակն այսպես շարունակվի, կարո՞ղ ենք սպասել նոր լարվածության:
– Ես կարծում եմ, որ Հայաստանը խելացի կերպով փոխել է իր քաղաքականությունը: Նրանք շարունակում են պդնել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, չնայած այդ համաձայնագրերի տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը: Ադրբեջանը մեկնաբանում է, թե միայն բանավոր պայմանավորվածութուններ են եղել: Ղարաբաղյան հակամարտությունն արդեն երկար է շարունակվում է, ամեն ինչ չի գնում այնպես, ինչպես Բաքվի քաղաքագետներն են կանխատեսում: Այսօր Թուրքիան էլ գտնվում է բարդ վիճակում և կարծում եմ, որ հակամարտությունը դեռևս սառեցված կմնա:
– Եթե նախորդ պայմանավորվածությունները չէին կատարվել, ըստ Ձեզ ճի՞շտ էր Հայաստանի կողմից նոր հանդիպման առաջարկն ընդունելը:
– Իհարկե, հանդիպելն ու պայմանավորվելը ճիշտ է: Ինչու կրակել, եթե կարող ենք պայմանավորվել: Քաղաքական գործիչների, դիվանագետների հանդիպումը միշտ էլ դրական կողմեր ունենում է: Այդպիսի հանդիպումները նյուանսներ գտնելու, երկխոսությունը պահպանելու առիթ են:
– Ադրբեջանը շարունակում է նոր սպառազինություն ձեռք բերել: Ամեն դեպքում, դա արդյո՞ք չի խոսում այն մասին, որ վերջինս պատրաստվում է նոր արկածախնդրության:
– Ամեն դեպքում, Ադրբեջանը կարող է ինչ-որ քայլեր անել, բայց կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ հակամարտությունը սառեցված կլինի: Իհարկե, նրանք ֆինանսներ ունեն և գնում են նոր սպառազինությունների ձեռք բերման, բայց դեռ անհայտ է, թե ում դեմ են նրանք պատրաստվում պատերազմել: Կարծում եմ, որ արկածախնդրության դիմելը ողբերգություն կլինի հենց իրենց համար: Այդ սպառազինություններն առաջին հերթին պետք է յուրացնել, կարողանալ ճիշտ օգտագործել: Թող սովորեն պատերազմել:
Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը