Այսօր մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանի հարևանությամբ տեղի ունեցավ «Ելք» դաշինքի հանրահավաքը, որի ընթացքում ելույթ ունեցան միավորման անդամներն ու ավագանու թեկնածուները:
Իր խոսքում Էդմոն Մարուքյանը նշեց, թե «Ելք» դաշինքը ցույց է տալիս, որ սա քաղաքական ընտրություն է, իսկ մյուս կողմից էլ ցույց է տալիս, որ իշխանությունը վերցնելու համար պատրաստված մարդկանցով է հանդես գալիս։ «Ինչ-որ մարդիկ ելույթներ են ունենում Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ եւ տարբեր անվանարկում են անում։ «Բեզդելնիկներ» են դուրս եկել մեր դեմ։ Որեւէ քաղաքական արժեք չունենալով, մտավորականի արժեք չունենալով, վտանգի տակ են դնում Հայաստանում մտավորականների մասին ունեցած պատկերացումները։ Նրանք բեզդելնիկ մտավորականներ են, որ բանուգործ չունենալով, մի քարոզարշավից մյուսն են գնում ու ելույթներ ունենում։ Նրանք իրենց ելույթներով հակագովազդ են անում իրենց տերերին»,-հայտարարեց Մարուքյանը:
Նկատենք, որ Էդմոն Մարուքյանի խոսքերն ուղղված են թերևս Լևոն Իգիթյանին, ով հանդիսանում է ավագանու ՀՀԿ-ական թեկնածու և օրեր առաջ ՀՀԿ-ի հավաքի ժամանակ հայտարարել էր. « Զարուհի Փոստանջյանը միջազգային հարթակներում օտարների ներկայությամբ իմ երկրի վրա ցեխ էր շպրտում: Նիկոլ Փաշինյանը մարտի ծանր օրերին ավտոբուսների, տրոլեյբուսների «կռիշներում» վազվզում էր ու գոռում՝ ջարդե՛ք, փշրեք, վառե՛ք: Ինչքան «բեզդելնիկ» կա, մտել է քաղաքականություն»։