Վերջին անգամ ինքնազգացողությունը վատացել է Քյարամի ծննդյան օրը. Քյարամ Սլոյանի եղբայրը՝ հոր մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 52 տարեկան հասակում մահացել է ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:

ArmLur.am-ը դեպքի առավել մանրամասների շուրջ զրուցեց Քյարամ Սլոյանի եղբոր՝ Վրեժ Սլոյանի հետ: Վերջինիս խոսքով՝ այս մեկ տարվա ընթացքում հայրը երկու անգամ սրտի կաթված է ստացել:

«Ինսուլտն իրա հետևանքը թողեց, արդեն գլխուղեղին էր հասել: Տարանք Հանրապետական հիվանդանոց 5 օր այնտեղ պառկեց, որից հետո, կարելի է ասել , ոտքի էր կանգնել»,- ասաց Քյարամի եղբայրը:

Վերջինիս խոսքով՝ հիվանդությունը շարունակել է աննահանջ մնալ և վերջին անգամ ինքնազգացողությունը վատացել է Քյարամի ծննդյան օրը:

«Բժիշկների ասելով՝  հորս ոսկորների մեջ վախ կար մտած, որը, երևի, կապված էր Քյարամի դիակը տեսնելու հետ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը զոհվել է Մարտակերտում՝  2016-ի ապրիլին 1-ի լույս 2-ի գիշերը` գլխատվելով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից։ Չորս օր տևած պատերազմը անդառնալի հետևանքներ թողեց եզդի ընտանիքի վրա: Քյարամ Սլոյանը Կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ իր զինակիցների հետ միասին կարողացավ երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս