Իրավիճակը նորմալ է և վերահսկելի. Դավիթ Բաբայանը՝ սահմանային իրադրության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս գիշեր արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ ընդհանուր առմամբ` դրությունը սահմանային գոտում հանգիստ է եղել. «Մենք գիտենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են զորավարժություններ իրականացնել, բնական է` այս ամենը մեր ուշադրության կենտրոնում է գտնվում: Իրավիճակը նորմալ է և վերահսկելի»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝  հակառակորդի ակտիվությունը պլանային բնույթ է կրում: Զորավարժությունների մասին PR գործընթացը սկսվել է ապրիլի 24-ից առաջ, որը բնութագրում է ահաբեկչական բնույթի քաղաքականություն:

«Ոչ մի հոգեբանական ճնշում չի ազդում և չի ահաբեկում մեզ: Բանակը գտնվում է բարձր մարտական պատրաստվածության ներքո: Չեմ կարծում, որ նրանք կդիմեն արկածախնդրության, հակառակ դեպքում դա կլինի խոշոր պրովոկացիա համաշխարհային մասշտաբի, և ՆԱՏՕ, Ռուսաստանը, Իրանը և տարբեր այլ պետություններ ու միջազգային կառույցներ, չեմ կարծում, որ անտարբեր են մնալու նման զարգացումների նկատմամբ»,- եզրափակեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս