2016 թ. ապրիլի 29-ին պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելյանը Թալիշի դիրքերում ստացել է ականապայթյունային վիրավորում. վնասվել են երկու ոտքերը, սրունքը, կրունկն ու թաթը:
Վարդան Առաքելյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ստանում է 80 հազար դրամ հաշմանդամության կենսաթոշակ:
ArmLur.am-ի հետ զրույցում Վարդանը պատմեց, որ Թալիշի դիրքերում մեքենայով գնալիս հակատանկային ականի վրա է պայթել. «Ոտքերս կոտրվեցին, մեքենան պաժառ ընկավ»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ առաջին բուժօգնությունը ստացել է Մարտակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում, ապա Ստեփանակերտում, այնուհետև տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ վեց անգամ ենթարկվել է վիրահատության:
Հավելենք, որ որոշակի բարդությունների հատևանքով այս պահին, Վարդանը գտնվում է Վնասքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնում. «Չեմ կարողանում քայլել, կրունկս լրիվ փշրվել է ու չի վերականգնվում, անընդհատ բորբոքվում է»:
Նշենք, որ Առաքելյանների ընտանիքն այս պահին գտնվում է ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում: Ապրիլյան դեպքերից հետո Վարդանի ընտանիքը Մատաղիս գյուղից տեղափոխվել է Վանաձոր, միայն հայրն է մնացել գյուղում:
Լիդա Եղիազարյան