ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹԵՎԱԾՈՒՄ Է ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները երկիրը քայլ առ քայլ մոտեցնում են դեֆոլտի շեմին. նման եզրակացության կարելի է հանգել կառավարության վերջին նախաձեռնությունից հետո:

Եւ այսպես, ըստ ԿԲ հաղորդագրության՝ ՀՀ կառավարությունն ապրիլի 29-ին պատրաստվում է 600 մլրդ դրամի կամ 1 մլրդ 234 մլն դոլարի պարտատոմս թողարկել երեք չափաբաժնով, յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի սահմաններում: Ըստ այդմ, պարտքի առաջին մասը Հայաստանի քաղաքացիները վճարելու են 2020 թվականին` 8 տոկոս հավելավճարով, երկրորդ մասը մարվելու է 2022-ին՝ 9 տոկոս հավելավճարով, իսկ երրորդ չափաբաժինը մարվելու է 2037-ին՝ 12.5 տոկոս հավելավճարով:
Առանց այն էլ հսկայական չափերի հասած պետական պարտքի պայմաններում սա կարելի է համարել ահռելի բեռ պետության վրա: Բավական է միայն նշել, որ ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 մլրդ 996.2 մլն դոլար, որից 5 մլրդ 478.3 մլն դոլարը կառավարության պարտքն է: Իսկ, ընդհանրապես, 2017թ. ընթացքում կառավարությունը նախատեսել էր պետական պարտքը մինչեւ տարեվերջ հասցնել 6.2 մլրդ դոլարի: Եւ, ահա, նոր պարտատոմսերի թողարկումից հետո ՀՀ պետական պարտքը տարեկան կտրվածքով կկազմի ավելի քան 7.2 մլրդ դոլար:
«Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-ի հինգերորդ հոդվածը սահմանում է, որ պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ չպետք է գերազանցի ՀՀ ՀՆԱ 60 տոկոսը: Նույն հոդվածի համաձայն՝ եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է նախորդ տարվա ՀՆԱ 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՀ ՀՆԱ վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը: Հիմա պետական պարտքը եւս 1 մլրդ 234 մլն դոլարով ավելացնելով՝ այն կգերազանցի ՀՆԱ 60 տոկոսի սահմանագիծը (Հայաստանի ՀՆԱ-ն 10.5 մլրդ դոլար է). մի հանգամանք, որն օրենքով արգելված է: Թե ինչպե՞ս է կառավարությունը թողարկելու նոր պարտատոմսեր, ավելացնելու պետական պարտքը` առանց խախտելու օրենսդրությունը, հայտնի չէ: Կառավարությունը որեւէ կերպ չի մեկնաբանում իր այս նախաձեռնությունը: Այնինչ՝ ստեղծված իրավիճակը լուրջ մեկնաբանության կարիք ունի. նախ` նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նման մասշտաբի պարտատոմսեր են թողարկվում: Եւ բացի այդ՝ այս ծավալի պետական պարտատոմսերի թողարկումը նախատեսված չի եղել, եւ որոշումը կայացվել է շատ անակնկալ կերպով: Բանն այն է, որ պարտատոմսերը թողարկելու, աճուրդի հանելու մասին հայտարարվում է նախօրոք` ֆինանսների նախարարության կայքում (արդեն հայտնի են ապրիլին թողարկվելիք պարտատոմսերը), այնինչ` սրանց դեպքում աճուրդ հայտարարություն արված չէ: Եւ տեղի ունեցածը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները մեծ գումարի կարիք են ունեցել, ինչն էլ որոշել են այսկերպ հրատապ լուծել:
Այս ամենից բացի՝ արձանագրենք մի քանի կարեւոր իրողություն:
Հավանաբար, հենց պետական պարտքի` ՀՆԱ 60 տոկոսի սահմանագիծը հատելու պատճառով է, որ իշխանությունները նոր միջոցներ ներգրավում են ոչ թե արտաքին աղբյուրների` օտարերկրյա պետություններից եւ միջազգային կառույցներից նոր վարկեր վերցնելու հաշվին, այլ ներքին պարտատոմսեր թողարկելով: Այսինքն` Սերժ Սարգսյանի իշխանությունը պարզապես սպառել է վարկային նոր միջոցներ ներգրավլու ռեսուրսները եւ միջազգային հանրության մոտ նաեւ տնտեսական առումով համարվում է անհուսալի գործընկեր:
Բացի այդ՝ Հայաստանի՝ այսօրվա տնտեսական իրավիճակի պայմաններում պետական պարտքի կտրուկ ավելացումը հղի է լրջագույն վտանգներով:
Երկրի տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում, ու չնայած ԱՎԾ արձանագրած աճին, այնուամենայնիվ, չի կարող ամբողջ ծավալներով սպասարկել բյուջեն ու բյուջեի դեֆիցիտը:
Եւ հետո, հայտնի փաստ է, որ նոր պարտքեր վերցնելուն զուգահեռ Հայաստանը մաս-մաս փակում է նախկին պարտքերը. պետական բյուջեից տարեկան զգալի գումարներ է ծախսվում պարտքի սպասարկման նպատակով: Ու որքան ավելանում է այդ պարտքը, այնքան ավելանում են սպասարկման նպատակով տրամադրվող գումարները: Ըստ այդմ, 2017թ. այդ նպատակով ծախսվելու է 245.8 մլն դոլար, 2018-ին` 268.9 մլն դոլար, 2019թ. 316.4 մլն դոլար, եւ, վերջապես, 2020թ. տրամադրվելու է 700 մլն դոլար. սա եվրոբոնդերը մարելու համար նախատեսված գումարն է՝ գումարած սպասարկման վճարը (նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ականջը կանչի):
Այնպես որ, իրավիճակն առավել քան մտահոգիչ է, եւ նման տեմպերով շարունակվելու դեպքում կարող է Հայաստանը հայտնվել դեֆոլտի` անվճարունակության շեմին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 
ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, դիմել է դատարան: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով, որ Արտաշատ քաղաքի բնակչուհի Մերի Սաֆարյանից բռնագանձվի 1 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը հայտնեց, որ քաղաքացին չի վճարել գույքահարկը, ինչի համար էլ քաղաքապետարանը օրենքով սահմանված կարգով դիմել է դատարան, որպեսզի այդ ճանապարհով կարողանա քաղաքացիներից պահանջել գումարը:

 

 

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՊԱՐՏՔ Է
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տեսադաշտում են հայտնվել ոչ միայն ձեռնարկություններն ու գործարանները, այլեւ բժշկական կենտրոնները: Այս անգամ ՊԵԿ-ի թիրախում է հայտնվել Գյումրու բժշկական կենտրոնը: Այսպես՝ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊԵԿ-ը այս տարվա մարտի 27-ին որոշում է կայացրել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով վճարման ենթակա գումար գանձելու մասին: Նշենք, որ բժշկական կենտրոնի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով չկատարված պարտավորությունը կազմում է 11 մլն 880 հազար դրամ: Այն առաջացել է 2017 թվականի հունվար ամսվա հաշվարկից եւ ժամանակին չվճարված հարկի գումարի նկատմամբ հաշվարկված տույժերից: Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ քննարկվում է ԲԿ-ն փակելու վերաբերյալ տարբերակը:

 

 

ԻՆՔՆԱԿԱՄ Է ԱԶԱՏՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի՝ ապրիլի 13-ի որոշմամբ նրա խորհրդական Արթուր Վանեսյանը ազատվել է աշխատանքից: Մեզ հայտնի դարձավ, որ խորհրդականը աշխատանքից ազատվել է իր սեփական դիմումի համաձայն: Ի դեպ, այժմ մարզպետն ունի ընդամենը մեկ խորհրդական, երկու օգնական եւ չորս տեղակալ: Հուսանք՝ մարզպետը շռայլություն իրեն թույլ չի տա, եւ խորհրդականի երկրորդ հաստիք չի ավելացնի: Չէ՞ որ վարչապետը հորդորել է խնայողութունների ռեժիմին անցնել:

 

 

ՉԻ ԼԻՆԻ՞
Օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ Աբխազիայի տարածքով հնարավորություն կա վերսկսել տարանցիկ փոխադրումները հենց աբխազական երկաթուղով: Միայն թե նկատենք, որ աբխազական երկաթուղու գործարկումը քաղաքական հարց է եւ կախված է Վրաստանից, քանի որ վերջինս չի ճանաչում Աբխազիայի անկախությունը, համարում է այդ տարածքներն օկուպացված: Իսկ Վրաստանը չի ցանկանում այդ երկաթուղու վերագործարկումը. «Վրաստանի տարածքով ցանկացած տարանցիկ փոխադրում պետք է իրականացվի երկրի օրենսդրության համաձայն»,- հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն «Ազատություն» ռադիոկայանի եթերում: Նա ընդգծել է, որ նման, այդ թվում Վրաստանի «օկուպացված տարածքներով» փոխադրումների առնչությամբ բոլոր որոշումները պետք է կայացնի Վրաստանի կառավարությունը:

 

 
ՆՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովին, որի նախագահը վարչապետ Կարեն Կարապետյանն է, հանձնարարվել է երկամսյա ժամկետում մշակել եւ նախագահի հավանությանը ներկայացնել միջոցառումների ծրագիրը:

 

 

 

ՄԻՇՏ ԷԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ
Yerevan.Today-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ակտիվ հանդիպումների մեջ է եւ մասնավորապես հանդիպե՞լ է Իշխան Զաքարյանի հետ, ասել է. «Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որեւէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ եւս: Ապրել եւ աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին»: Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Քոչարյանը մտադիր է վերադառնալ քաղաքականություն, Սողոմոնյանն ասել է. «Ինքը մի առիթով պատասխանել է այդ հացին՝ ասելով՝ երբեք մի՛ ասա երբեք: Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի եւ Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը: Սակայն անցած 9 տարիների ընթացքում որեւէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից, թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն, կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել եւ այլն: Որեւէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերին: Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ ավստրիական նախագահության առաջնայնությունների կատարման ընթացքը եւ կազմակերպության համար կարեւորություն ներկայացնող հարցեր։

 

 

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Նովակովսկիին: Զրույցի ընթացքում դեսպանը նշել է, որ բազմաթիվ լեհ գործարարներ շահագրգռված են հայկական շուկա մուտք գործելու հարցում եւ պատրաստ ներգրավվել վերականգնվող էներգետիկայի, շինարարության, տրանսպորտի ու այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրերում: Հայ-լեհական կապերի ամրապնդման գործում զրուցակիցները կարեւորել են նաեւ Վարշավա-Երեւան ավիաչվերթերի վերագործարկման փաստը:

 

 

 

ՊԱՏԻԺԸ՝ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Եթե Բաքվում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվի Ադրբեջանում, Իսրայելը կփորձի հասնել նրան, որ նա իր պատիժը կրի Իսրայելում: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի արդարադատության նախարար Աելեթ Շաքեդը: Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին եւ 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:




Լրահոս