ՀՀԿ-Ի ՊԱՇՏՊԱՆԻ ՏԻՏՂՈՍՆ ՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԶԵԿՈՒՅՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ասուլիսը ուղեկցվեց միջադեպով:

Մինչ պաշտպանը ներկայացնում էր 2016 թվականին «Սասնա ծռեր» խմբավորման անդամների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ արտահերթ զեկույցը, ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանը, եւս երկու երիտասարդներ, մոտենալով պաշտպանի սեղանին, փակցրին «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությունը: Դրանով ակտիվիստները իրենց վերաբերմունքն էին արտահայտում ՄԻՊ-ի եւ նրա հրապարակած զեկույցի վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ նախորդ տարվա հուլիսյան իրադարձությունների տարեկան զեկույցը բաղկացած էր 4 բաժիններից, որտեղ անդրադարձ կար ոստիկանների կողմից թույլ տրված խախտումների, ապօրինի բերման ենթարկելու դեպքերին, ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ բողոքներին, խաղաղ երթի խոչընդոտմանը, հատուկ միջոցների կիրառմանը նաեւ Սարի թաղի բնակելի տների մոտ, լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքերին. «Մարդիկ բերման էին ենթարկվում առանց որեւէ պարզաբանման: Սա, իհարկե, բերման ենթարկելու անընդունելի եղանակ է, որովհետեւ ոչինչ չէր վկայում այն մասին, որ խաղաղ չէր հավաքը»:
Արման Թաթոյանը, առանձնացնելով լրագրողների դեմ բռնության դեպքերը, շեշտեց, որ նրանք թիրախային խմբում են. «Բռնությունները եղել են քաղաքացիական հագուստով մարդկանց կողմից, բայց ոստիկանների ներկայությամբ, եւ զեկույցում պատասխանատվության հարց է բարձրացվում»:
Ըստ պաշտպանի՝ աննախադեպ շփոթված վիճակում է եղել ոստիկանությունը. «Տեղի է ունեցել հարձակում ոստիկանության ՊՊԾ գնդի վրա, վտանգավոր վիճակ»:
Ծավալված իրադարձություններից 8 ամիս անց ներկայացնելով զեկույցը՝ պաշտպանը, ըստ էության, որեւէ նոր բան չասաց, քանի որ այն, ինչ կատարվել էր նշված օրը, հայտնի էր բոլորին: Իսկ երբ հանցանքի պարագլուխների պատասխանատվության մասին էր խոսվում, պաշտպանը խոսքը կտուրն էր գցում` նշելով, թե դա քննության փուլում է:
Ըստ էության սա էր պատճառը, որ ասուլիսի մեկնարկից րոպեներ հետո ՄԻՊ գրասենյակում պաշտպանին մոտեցան ակտիվիստ Մաքսիմ Հակոբյանը եւ եւս երկու երիտասարդ ու նրա սեղանի դիմաց փակցրին ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր` Լեռնիկ Երանոսյանի նկարը, որը Սարի թաղում պայթուցիկը ձեռքին՝ ինքնամոռաց մարտնչում էր: Փակցրին նաեւ այդ դեպքերի օրը աչքը կորցրած 17-ամյա Սայաթ Հովհաննիսյանի լուսանկարը եւ «ՀՀԿ-ի իրավունքների պաշտպան» գրությունը:
Արման Թաթոյանը, անդրադառնալով իրեն «ՀՀԿ-ի պաշտպան» տիտղոսին արժանացնելու մասին, ասաց. «Ինձ համար նշանակություն չունի կուսակցություն, մարդկանց խումբ: Այն, որ ՀՀԿ-ն ինձ առաջադրել է, ոչ մի նշանակություն չունի: Ես ընտրվել եմ, աշխատում եմ ու ես ինքս այս ինստիտուտը, ինձ տանում եմ ինքնավարկաբեկման, որ սկսեմ կուսակցական շահե՞ր պաշտպանեմ: Բացառվո՛ւմ է նման բան»:
Ասուլիսից հետո «Ժողովուրդ»-ը մի քանի հարցերի շուրջ զրուցեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, միայն հուլիսյան դեպքերի ժամանակ չէ, որ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել: 2015 թվականին էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ծավալված դեպքերով եւս մի շարք լրագրողներ բռնության ենթարկվեցին, ու ընդամենը մի քանի շարքային ոստիկան ենթարկվեցին պատժի` այն էլ տուգանքի տեսքով, եւ արդեն երեք տարի է, ինչ այս գործով ՀՔԾ-ում քննություն է ընթանում: Արդյո՞ք այս անհետեւողականության պատճառով չէ, որ մարդիկ վստահություն չունեն Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ:
-Ախր ցանկացած հարց լինում է, թիրախավորում եք, ասում եք, թե Մարդու իրավունքների պաշտպանը չկա:
-Մարդիկ բռնության են ենթարկվել, բայց պատասխանատվության ենթարկվողներ չկան, Դուք պետք է իրենց իրավունքները պաշտպանեք, պատասխանատուների անունները տաք, բայց չեք անում:
-Ես էլ միջոցներ եմ ձեռնարկում, զեկույցը հրապարակել եմ՝ խիստ գնահատականներ տալով, առաջարկներ ներկայացնելով, Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես այդպես է եղել, կոնկրետ լիազորություն ունի, կոնկրետ լիազորությունների շրջանակում աշխատում են:
-Ձեր գնահատականներով կամ արձանագրելով մեր ոտնահարված իրավունքները չեն վերականգնվում, պարո՛ն Թաթոյան: Հիմա կոնկրետ ակտիվիստները Ձեր սեղանի դիմաց փակցրին ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի լուսանկարը, որը Սարի թաղում պայթուցիկը ձեռքին է եղել: Բայց որեւէ կոնկրետ անդրադարձ չկար զեկույցում այդ մասին:
-Ես չեմ տեսել այդ լուսանկարը:
-Ձեր աշխատակիցները այն հեռացրին:
-Երբ զեկույցը հրապարակվի, այնտեղ նշված է, որ պետք է կիրառվեն պատասխանատվության խիստ միջոցներ:
-8 ամիս է անցել, խիստ միջոցներ չեն կիրառվել, ինչո՞ւ, փորձել եք անձա՞մբ հասկանալ:
-Քննություն է գնում:
-Քննության արդյունքները Ձեզ բավարարո՞ւմ են:
-Պետք է ենթարկվեն, դրա համար առաջարկները, պնդումները ներկայացնում եմ: Սա է այն, ինչ կարող է անել Մարդու իրավունքների պաշտպանը:
-Իսկ ի՞նչ կասեք ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած ժողովի մասին, որտեղ մարդկանց սպառնում են՝ վախեցնելով, թե վատ կլինի, եթե ձայներ չբերեն: Իհարկե, ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել՝ ընտրողներին դրամ եւ այլ առավելություններ խոստանալու համար: Դա բավարար է:
-Ես հայտարարություն տարածել եմ, որ ձայնագրության մեջ կա սպառնալիքի դեպքեր, ինչը անթույլատրելի է:
-Ընդամենը անթույլատրելի է ու վե՞րջ: Սահմանափակվել եք այդ ձեւակերպմա՞մբ:
-Մասնավորի հետ կապված. չունենք լիազորություն՝ ՍԱՍ-ի եւ իր աշխատակիցների հետ կապված, բայց պետական մարմինների հետ կապված կան, աշխատում ենք:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՌԵԿՏՈՐՆԵՐԸ ԶՂՋԱՑԵԼ ԵՆ
Հասարակության համար անպիտան ուսանողներին ՀՀ ոչ պետական բուհերի ռեկտորների կողմից վաճառված դիպլոմների գործով թեեւ մեծ աղմուկ բարձրացավ, սակայն ամեն ինչ ավարտվեց ընդամենը տուգանքներով:
Ինչպես հայտնի է՝ հունվարի 13-ին ԱԱԾ-ն մեծ շուքով բացահայտել էր, որ Երեւան քաղաքում եւ մարզերում գործող որոշ ոչ պետական բուհերի ռեկտորներ շահադիտական դրդումներով կեղծ ավարտական դիպլոմներ էին հատկացրել դասընթացներին չմասնակցած անձանց: Ուշագրավն այն է, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլեւ օտարերկրյա, այդ թվում` Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի եւ Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների: Գրել էինք, որ Երեւանի Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի ռեկտոր Լաուրա Մկրտչյանը 2 միլիոնի դիմաց բուհի նախկին ուսանողին իրավաբանական ֆակուլտետի դիպլոմ էր վաճառել:
Սակայն այս արարքի համար նա ազատազրկման դատապարտվեց 300 հազար դրամ տուգանքով:
Փետրվարի 23-ին ազգային անվտանգության կողմից Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկվել «Պրոգրես-համալսարան»-ի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի մասով քրեական գործը: Ռեկտոր Խաչատրյանը ԱՄՆ-ում բնակվող եւ Հայաստանից բացակայող մի շարք անձանց տվյալներով դուրս է գրել ավարտական դիպլոմներ, ինչի դիմաց ստացել է 700-900 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նա 7 նման դիպլոմներ է պատրաստել եւ կատարված «դիպլոմաշինական» աշխատանքի համար ստացել ընդհանուր 2 միլիոն 798 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մինչ դատաքննությունը սկսելը, Ռաֆիկ Խաչատրյանը միջնորդել է դատական նիստ իրականացնել արագացված կարգով, քանի որ ընդունել է իր մեղքը եւ զղջացել կատարած արարքի համար:
Եվ ահա ապրիլի 12-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանը հրապարակեց այս գործով վճիռը, եւ «Պրոգրես-համալսարան»-ի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը ազատազրկման դատապարտվեց 600 հազար դրամ տուգանքով:
Իհարկե, ռեկտորները բռնվելուց հետո կարող են զղջալ, գլուխները քարին խփել, բայց ի՞նչ է փոխվելու: Այս իրողության մեջ ամենամտահոգիչ հարցն այն է, թե ո՞վ պետք է պատասխան տա դիպլոմ ստացած, բայց մասնագիտական կրթություն չունեցող ուսանողների գործունեության համար: Մարդիկ, որոնք մասնագետ չեն, բայց հավակնում են մասնագիտական կարողություններ դրսեւորելու այս կամ այն ոլորտում` ցուցաբերելով ոչ պրոֆեսիոնալ պահվածք:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Վերաքննիչ քրեական դատարանը երեկ մերժել է ԼՂ նախկին ՊՆ նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը: Բաբայանը, ով «Իգլայի» գործով մարտի 24-ից կալանավորված է, կշարունակի մնալ անազատության մեջ:

 

 
ՄԱՀԱՑՈՒ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող, շարքային Նարեկ Զավենի Հակոբյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում, Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ, N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով առաջացած կրակոցից:

 

 

ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ
Հայաստանի գլխավոր դատախազությունում ընտրական իրավախախտումների ուսումնասիրման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը շարունակում է գործունեությունը նաեւ Երեւանի ավագանու՝ մայիսի 14-ի ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներին, քաղաքացիների հաղորդումներին եւ գլխավոր դատախազության «թեժ գծով» ստացված ահազանգերին համապատասխան ընթացք տալու նպատակով: Այդ մասին ասված է դատախազության հաղորդագրությունում:

 

 

ԿՐԱԿԵԼ ԵՆ ՖՈՒՌԻ ՎՐԱ
Նախօրեին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ադրբեջանական հենակետից անկանոն կրակ է բացվել Ոսկեպար-Բաղանիս հատվածի միջպետական ճանապարհի ուղղությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տավուշի մարզի Բաղանիս համայնքի համայնքապետ Նարեկ Սահակյանը. «Գնդակոծության է ենթարկվել «Ջերմուկ Գրուպ»-ին պատկանող ածխաթթու գազով բեռնված ԴԱՖ մակնիշի 130 ԼՕ 05 պետհամարանիշի բեռնատար ֆուռը: Գնդակոծությունից վնասվել է միայն օդի բարձիկը: Մեքենայի վարորդ Անդրանիկ Աբրահամյանը չի տուժել: Հ.Գ. Ապատեղեկատվություն տարածող մանյակներին՝ Բաղանիս գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»:




Լրահոս