Կիրակի օրը` ապրիլի 23-ին, կկայանա արեւմտյան ժողովրդավարության հերթական քննությունը Ֆրանսիայում նախագահի ընտրության համար: Վերջինիս մասնակցում են 11 թեկնածուներ, որոնցից հիմնական պայքարն ընթանում է չորսի` Էմանուել Մակրոնի, Մարին Լը Պենի, Ֆրանսուա Ֆիյոնի եւ Ժան Լյուկ Մելանխոլի միջեւ: Ակնհայտորեն, այս ընտրություններով կորոշվի ոչ միայն Ֆրանսիայի ներքին քաղաքականության կարեւորագույն հարցերից մեկը, այլեւ Եվրամիության ճակատագիրը:
Ֆրանսիայի նախագահական մարաթոնում առաջնայնությունը պատկանում է էկոնոմիկայի նախկին նախարար Մակրոնին: Վերջինս համարվում է պրո-եվրոպական գործիչ, որը Ֆրանսիայի ապագան տեսնում է ԵՄ-ի կազմում: Հատկանշական է, որ նա իր պաշտոնից հրաժարվել է՝ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Որքան խորթ երեւույթ է Հայաստանի համար, որտեղ պաշտոնյաները նույնիսկ արձակուրդ չեն գնում` վարչական ռեսուրսն ու պաշտոնեական դիրքը չարաշահելու ազատություն ունենալու համար: Ինչեւէ, Մակրոնի դիրքերը ուժեղացան Ֆիյոնի թուլացմանը զուգահեռ, եւ կարծիք կա, որ նրան ընտրում են Լը Պենին չընդունողները եւ Ֆիյոնից հիասթափվածները: Նրա ընտրությամբ առաջին հերթին կշահի ԵՄ-ն, իսկ վերջինից հեռացող Միացյալ Թագավորությունը (ՄԹ) կընկղմվի ծանր բանակցությունների մեջ արդեն ոչ միայն Գերմանիայի, այլեւ Ֆրանսիայի հետ: Ըստ էության, Մակրոնն առաջին փուլում առաջին հորիզոնականը վաստակելու իրական շանսեր ունի: Փետրվարի հարցումներով նա ստանում էր 18 տոկոս, մինչդեռ այսօր նրա վարկանիշը հասել է 24-ի:
Ֆրանսիայի ազգային ճակատը առաջադրել է ֆրանսիական ու համաշխարհային քաղաքականության թերեւս ամենահակասական կերպարներից մեկի` Մարին Լը Պենի թեկնածությունը: Նրան անվանում են Ֆրանսիայի Թրամփ` ակնարկելով, որ նա նույնչափ ամբոխահաճ է, իր հայացքներում ռադիկալ, կարծիքներ արտահայտելիս անշրջահայաց, որքան ԱՄՆ նախագահ Թրամփը: Լը Պենը հակված է Ֆրանսիան դուրս տեսնել Եվրոպական միությունից` պնդելով, որ ԵՄ-ն արգելում է Ֆրանսիայի զարգացումը: Այս թեզը հաղթանակ գտավ ՄԹ-ում, սակայն եթե վերջինս միշտ էլ վերապահումներով է առաջնորդվել ԵՄ-ի հետ հարաբերություններում, ապա Ֆրանսիան դասական իմաստով ԵՄ-ի հիմնադիրներից է: Այստեղ հասարակությունը շատ ավելի կողմնակից է տնտեսական գործակցությանը մայրցամաքի երկրների հետ` հաշվի առնելով նաեւ ֆրանս-գերմանական պատմական հակադրությունների հոգեբանական կողմը: Նախկինում տնտեսական մրցակցությունը մշտապես հանգեցնում էր Գերմանիայի ու Ֆրանսիայի միջեւ ռազմական ընդհարումների, մինչդեռ ԵՄ-ի շնորհիվ մրցակցությունը փոխարկվել է տնտեսական սերտ համագործակցության: Լը Պենի գաղափարները որքան էլ գրավիչ են ու ամբոխահաճ, դրանք դժվար թե կարողանան վայելել ողջ ֆրանսիական հասարակության համակրանքը: Փետրվարի հարցումներով Լը Պենը 27 տոկոսի աջակցություն ուներ, այսօր արդեն` 22.5:
Ֆրանսիային փոփոխություններ է խոստանում բերել նաեւ Հանրապետական կուսակցության թեկնածու, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսու Ֆիյոնը: Վերջինս, ինչ-որ տեղ կարելի է ասել, որ սինթեզում է Լը Պենի ու Մակրոնի քաղաքական առաջարկները: Նա ծայրահեղական կեցվածք չունի ԵՄ-ի նկատմամբ, սակայն միաժամանակ համոզված է, որ Ֆրանսիան չպետք է իր շահերը ստորադասի եվրոպական ինտեգրացիային: Այս առումով հատկանշական է Ֆիյոնի անհամեմատելիորեն մեղմ կեցվածքը Ռուսաստանի ու վերջինիս ագրեսիվ քաղաքականության հանդեպ: Ֆիյոնի հաղթանակը ներկուսակցական փրայմերիզներում բազմաթիվ վերլուծաբանների հուշում էր, որ նա նույնպիսի անակնկալ կարող է մատուցել նաեւ ընտրությունների առաջին փուլում: Այս հույսերը կարծես թե ի դերեւ ելան, քանզի Ֆիյոնը ներքաշվեց մի սկանդալային պատմության մեջ, որը էականորեն ազդեց նրա վարկանիշի վրա: Ըստ մամուլի բացահայտումների` 1988-2002թթ. Ֆիյոնն իր կնոջը նշանակել է խորհրդարանում իր օգնականի պաշտոնում: Պարզվում է, որ կինը որեւէ գործ այդպես էլ չի արել, սակայն աշխատավարձ է ստացել պետական բյուջեից: Անտեղի վճարված գումարները կազմել են մոտ 1 միլիոն եվրո: Ֆիյոնը հանդես եկավ հարցազրույցով եւ պատմեց, որ նույնպիսի օգնականի աշխատանք իր համար կատարել են նաեւ իր զավակները եւ պետական բյուջեից աշխատավարձ ստացել: Նախկին վարչապետը փաստորեն կամովին բացահայտել է հանրությունից դեռ գաղտնի մնացած տեղեկությունը, որպեսզի դա չանեին ԶԼՄ-ներն ու իրեն կրկնակի հարված չհասցնեին: Ֆիյոնը նաեւ ներողություն էր հայցել ֆրանսիացիներից իր ընտանիքի անդամներին պաշտոններ բաժանելու համար, սակայն շեշտել էր, որ օրենքի տառի խախտում թույլ չէր տվել: Սկանդալային այդ պատմությունը ազդեց Ֆիյոնի՝ օրեցօր մեծացող վարկանիշի վրա: Փետրվարին կատարված հարցումներով Ֆիյոնն ուներ 25 տոկոս, իսկ այսօր արդեն` 19:
Նախագահական թեկնածուների հեռուստաբանավեճերի արդյունքում իր դիրքերը զգալիորեն ամրապնդել է ձախակողմյան Ժան Լյուկ Մելանխոլը: Նա առաջ է մղում սոցիալիստական գաղափարները, թեեւ գործող նախագահ Օլանդի իշխանավարությունը նկատելիորեն նվազեցնում է նրա հաղթանակի շանսերը: Ի վերջո, Մելանխոլը 2012թ. ընտրություններում գրավել էր ընդամենը 4-րդ հորիզոնականը` 11 տոկոսով: Փետրվարին անցկացված նախնական հարցումներով նա վայելում էր ընտրողների 15 տոկոսի աջակցությունը, մինչդեռ այսօր` 18:
Հստակ է, որ առաջին փուլում թեկնածուներից որեւէ մեկը չի կարողանալու բացարձակ հաղթանակ տանել, ինչի պատճառով պայքարը կշարունակվի երկրորդ փուլով: Ներկայիս կանխատեսումներով` երկրորդ փուլում հայտնվելու իրական շանսերը երեքինն են` Ֆիյոնինը, Մակրոնինն ու Լը Պենինը: Արձանագրելի է, որ եթե վերջինս չանցնի երկրորդ փուլ, Ֆրանսիան լիովին ձերբազատված կլինի թրամփյան վտանգից, հակառակ դեպքում ֆրանսիական ընտրախավը նույնպես կկանգնի չափազանց բարդ խնդրի առաջ:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՊԵԿ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ «ՊԱՇԱՐԵԼ ԵՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Երեկ «Առինջ մոլ», «Փեթակ» եւ «Սուրմալու» առեւտրի կենտրոնների առեւտրականները բողոքի ակցիա անցկացրին ՀՀ կառավարության շենքի մոտ: Բանն այն է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեւական ժամանակ է` ստուգումներ է իրականացնում նշված առեւտրի կենտրոններում: Ու հիմա առեւտրականները ոչ միայն պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, այլեւ հարկային ստուգումների կասեցում:
Ի դեպ, բողոքի ակցիայի ընթացքում առեւտրականները դժգոհեցին՝ պատմելով, որ հարկային տեսուչները ստիպում են իրենց մանրամասն ներկայացնել, թե որ ապրանքը ինչ գնով են գնել կամ վաճառել: Վարչապետի հետ հանդիպումը բնականաբար չկայացավ, բայց առեւտրականները իրենց դժգոհություններն ու հուզող հարցերը ուղղեցին վարչապետի օգնական Բրուտյանին: Հանդիպումից հետո առեւտրականները լրագրողների հետ զրույցում ներկայացրին, թե ինչ են խոստացել գործադիր մարմնի ներկայացուցիչները, ինչը իրենց չի գոհացրել:
«Մեզ ասացին, որ մեր պետությանը պետք է ճիշտ ձեւով հարկերը վճարենք, աշխատողներին պետք է գրանցենք: Մարդիկ իրենց գործն են անում, ծրագիր է, պետք է գան, հարցուփորձ անեն: Մենք ներկայացրել ենք մեր խնդիրները, բայց իրենք փոխանցեցին մեզ, որ նոր օրենքի համաձայն՝ բոլորը պարտադիր ՀԴՄ կտրոններ պետք է խփեն: Մենք իրենց բացատրեցինք, որ հիմա առեւտուր չկա, դրա համար ստիպված չենք խփում: Խնդրեցինք, որ հարկային տեսուչներին շուկաների վառոդների մոտից հեռացնեն: Իսկ Բրուտյանն էլ, ի պատասխան մեր խնդրանքին, ասաց, որ նման բան հնարավոր չէ»,- պատմեցին վարչապետի օգնականի հետ հանդիպմանը մասնակցած առեւտրականները: Բացի այս՝ Բրուտյանը առեւտրականներին առաջարկել է կազմել 10-15 հոգանոց հանձնաժողով, հստակեցնել իրենց հուզող խնդիրները, ապա ներկայացնել վարչապետին: «Նաեւ խոստացան, որ առայժմ ՀԴՄ կտրոն չխփելու դեպքում ոչ ոք չի տուգանվելու, եւ մեզ չեն նեղացնելու, բայց այդ ստուգումները լինելու են: Ասել է՝ եթե կտուգանեն, կզանգեք»,- հայտարարեցին առեւտրականները:
Նշենք, որ հանդիպմանը ներկա են եղել միայն «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնի առեւտրականները:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿԵՂԾԻՔԻ ՀԱՄԱՐ
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում Տավուշի մարզի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ ապրիլի 12-ից ընթանում է Լուիզա Մատինյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության կադրերի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Լ. Մատինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը): Սույն հոդվածը նախատեսում է 200-500 հազար դրամի չափով տուգանք կամ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Լ. Մատինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԴԻՄԵԼՆ ԷԼ ՉՕԳՆԵՑ
Նոյեմբերյանի «Ջուր օգտագործողների ընկերության» աշխատողները ամիսներով աշխատավարձ չեն ստացել: Ոռոգման ջրի վարձավճարի գումարները չմուծելու համար Նոյեմբերյանի ՋՕԸ-ն դատի է տվել ջուր սպառողներից մի քանիսին: Ընկերության որոշ աշխատակիցներ էլ աշխատավարձի պարտքը ստանալու համար դատի են տվել Նոյեմբերյանի ՋՕԸ-ին: Մարտի 18-ին Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նախընտրական հանդիպման ժամանակ Նոյեմբերյանի ՋՕԸ-ի ջուր բաշխող Սաշիկ Զալինյանը, վարչապետին դիմելով, հայտնեց, որ ինքը 7 տարի աշխատում է այդ հիմնարկությունում, նախորդ տարիներից աշխատավարձի մեծ պարտքեր կան: Վարչապետն ասաց. ««Ջուր օգտագործողների ընկերությունը» մի շատ հետաքրքիր բիզնես է, որտեղ լիքը հանելուկներ կան»: Նրա խոսքերով՝ ՋՕԸ-ները մի քանի տարի առաջ ջրամատակարարումը կատարել են որոշակի հողատարածքների հաշվով, ամեն տարի ջրամատակարարումը ավելացել է, սակայն ոռոգվող հողատարածքների չափերը տարիների ընթացքում նվազել են: Կ. Կարապետյանն ասաց, որ ինքը այդ հարցում ջուր բաշխողին չի մեղադրում: Նա հայտնեց, որ այդ ոլորտում բարեփոխում է արվում. հանրապետության 37 ՋՕԸ-ը միավորվելով՝ դառնում են 15, գույքագրում է արվելու, ճշտվելու են ոռոգվող հողատարածքների չափերը: Վարչապետը հայտարարեց, որ ՋՕԸ-ի աշխատողները աշխատավարձ չեն ստանում իրենց գործընկերների վատ աշխատանքի պատճառով, մատակարարված ջրի դիմաց գումարներ մուտք չեն գործել հիմնարկ: Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Բերդի ՋՕԸ-երը արդեն միավորվել են: Սակայն Նոյեմբերյանի ՋՕԸ-ի աշխատողները շարունակում են սպասել աշխատավարձերի պարտքերի մարմանը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ