«ԱՅԴ ՄԱՐԴԻԿ ԿԱ՛Մ ՇԱՏ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ, ԿԱ՛Մ «ՖԱՆՏԱԶՅՈՐ»»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններն են, եւ այդ առիթով «Ժողովուրդ»-ը զրուցում է մշակույթի գործիչների հետ, պարզում՝ ինչ ակնկալիքներ ունեն նրանք այդ գործընթացից եւ ինչը կցանկանան փոխված տեսնել մայրաքաղաքում: Մեր այսօրվա զրուցակիցը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանն է: Նա խոստովանում է, որ պատրանքների մեջ չի ապրում եւ վստահ է, որ ընտրությունների արդյունքում լուրջ փոփոխություններ չեն գրանցվի:

-Պարո՛ն Բայաթյան, առաջիկա ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Հաշվի առնելով, թե ովքեր են առաջադրվել ընտրություններում, ենթադրում եմ, որ մեր իրականությունում լուրջ փոփոխություն չի լինի: Համենայն դեպս, ժամանակը ցույց է տալիս, որ ով կա, իր տեղում մնում է: Կարծում եմ՝ տեղաշարժ կլինի, բայց թեթեւակի: Ամեն դեպքում, ցանկացած փոփոխություն զգուշացում կլիներ իշխանություններին, որ իրենք հավերժ չեն: Դա զգոնություն կներշնչեր նրանց: Բայց, դե, մեզ մոտ որ մեկ նստում են մի պաշտոնի, հավերժ են դառնում, ասում են՝ էս սարն իմն է, էս քարն իմն է: Ուրիշ երկրներում պաշտոնյաները, սովորաբար, գիտեն, որ ցանկացած պահի, եթե օրենք խախտեն, պետք է հրաժարական տան, իսկ մերոնք հանգիստ նստած են, իրենց կարծիքով՝ ոչ մի խնդիր չունեն, դրա համար էլ մեզ մոտ ամեն ինչ նույնն է մնում: Այնինչ՝ ցանկալի կլիներ, որ կարեւոր բաներ փոխվեին մեր կյանքում:
-Ի՞նչ նկատի ունեք:
-Օրինակ՝ քաղաքաշինության ոլորտում ցանկացած քայլ անող օրենքի վերահսկողության ներքո լիներ, վերջապես կարգավորվեր ճանապարհային երթեւեկությունը՝ բայց ոչ արագաչափեր շարելով ու մարդկանցից արհեստականորեն փողեր կորզելով:
-Իսկ մշակութային մասով ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Դե, եթե մայրաքաղաքը չլինի երկրի մշակութային կյանքի արտացոլողը, կարող ենք ասել, որ կործանվել ենք: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ ամեն մեկի ասպարեզ չպետք է տրամադրվի, որ ամեն մշակութային օջախ պետք է ծառայի իր նպատակին, Օպերային թատրոնը՝ օպերային, Ֆիլհարմոնիկի շենքը՝ ֆիլհարմոնիային: Որեւէ դեպքում չպետք է հայտնվի մեկը, ով փող կտա ու ինչ կուզի, կանի:
-Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված են նաեւ մշակույթի գործիչներ: Ըստ Ձեզ՝ նրանք կարո՞ղ են ինչ-որ բան փոխել մայրաքաղաքին առնչվող կարեւոր որոշումներ կայացնելիս:
-Այդ մարդիկ կա՛մ շատ լավատես են, կա՛մ «ֆանտազյոր» են, եթե իրենց թվում է, որ կարող են ինչ-որ բան փոխել: Բացի այդ՝ մարդ պետք է բավական պարապ լինի, որ հանձն առնի այդ գործը: Զբաղված մարդը ոչ մի դեպքում ադմինիստրատիվ գործեր չի կատարի. դրա համար կան չինովնիկներ: Ամեն դեպքում, եթե մշակութային այդ գործիչները կարողանան ինչ-որ դրական տեղաշարժերի հասնել, միայն ուրախ կլինեմ: Բայց հիշենք, որ մենք խորհրդարանում էլ ունենք արվեստի ներկայացուցիչներ, որոնց ներկայությունն այնտեղ հավասար է զրոյի: Սովորաբար նրանց հայհոյում են, վարկաբեկում, ինչը ոչ ոքի պատիվ չի բերում. ավելի լավ կլիներ, եթե այդ մարդիկ իրենց գործով զբաղվեին, որը ոչ պակաս պատասխանատու է:
-Պարո՛ն Բայաթյան, Ձեր հույսը, կարծես, վերջնականապես կորցրել եք…
-Չէ՛, ուղղակի ես պատրանքների մեջ չեմ ապրում: Ի վերջո, ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված, մեր երկրի ղեկավարներն էլ ամենաուժեղները չեն, նրանք էլ են ենթարկվում մի շարք գործոնների: Չնայած, եթե այդ մարդիկ մի քիչ բարեխիղճ լինեին, կաշառակեր չլինեին, շատ բաներ կարող էին փոխվել դեպի լավը: Ցանկալի կլիներ, որ պաշտոնյաները ոչ թե գոռգոռալով իրենց հայրենասեր կարծեին, այլ արած գործով:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ «ՎԵՐՎԱՐԱԾՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎԻ

Հնարավոր է՝ «Վերվարածներն ընտանիքում» հայտնի սերիալը շարունակություն ունենա: Այդ մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Իվետա Եդիգարյանը (սերիալում հայտնի է որպես Զիտա):

Դերասանուհին, ով տեւական ժամանակ բնակվում էր ԱՄՆ-ում, նշեց, որ առաջիկա երեք տարվա իր պլանները կապված են Հայաստանի հետ. «Որպես երգչուհի՝ աշխատում եմ ռեստորաններում եւ ակումբներում: Ինչ վերաբերում է նկարահանումներին, դրանք միշտ չէ, որ ստաբիլ բնույթ են կրում: Այդ ոչ կայուն վիճակը, սոցիալական վատ պայմաններն են պատճառը, որ շատերը երկրից պարզապես հեռանում են: Ամեն դեպքում, գոհանում եմ այն ամենով, ինչ ունեմ: Ու թեեւ ինձ համար Հայաստանից լավ տեղ չկա, ԱՄՆ-ում տեսնում եմ բազում հեռանկարներ, բացի այդ՝ այնտեղ մարդիկ վարձատրվում են իրենց աշխատածին համարժեք, իրենց լիարժեք քաղաքացի են զգում»,-ասաց նա:
Մենք հետաքրքրվեցինք՝ Իվետային կտեսնենք արդյոք գեղարվեստական ֆիլմերում. «Հնարավոր է՝ կրկին համագործակցեմ Գոռ Վարդանյանի հետ, բացի այդ՝ չեմ բացառում, որ երկրպագուներս առաջիկայում տեսնեն ինձ կատակերգական ժանրի ֆիլմում»,-պատասխանեց նա:
Ինչ վերաբերում է երգչուհու գործունեությանը, Իվետան պատմեց, որ ունի նոր երգ եւ ցանկանում է դրա հիման վրա տեսահոլովակ նկարահանել:
Մեր զրուցակցին հարցրինք նաեւ՝ հնարավո՞ր է արդյոք, որ նա մշտապես մնա Հայաստանում. «Կյանքը ցույց կտա: Այսօրվա դրությամբ կարծում եմ, որ դա հնարավոր չէ: Ինչ խոսք, կցանկանամ, որ արտերկրում ապրող բոլոր հայերը վերադառնան հայրենիք, այնինչ՝ օրեցօր դրան նպաստող պայմանները նվազում են: Բայց չէ՞ որ ամենքս էլ ձգտում ենք մեր կյանքը բարելավել, ինչ-որ նոր ձեռքբերումներ ունենալ»,-մեկնաբանեց Իվետան:
Իսկ հարցին, թե արդյոք անձնական կյանքում կան փոփոխություններ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՛չ, այդ առումով ինձ մոտ հանդարտ շրջան է: Երբ լուրջ նորություն ունենամ, անպայման կտեղեկացնեմ երկրպագուներիս»:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՄԵՐ ԿԻՆՈՆ՝ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
Այս տարվա ապրիլին «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն Անկարայի միջագզային կինոփառատոնի շրջանակներում ներկայացնելու է հայկական կարճամետրաժ եւ անիմացիոն ֆիլմերի ընդգրկուն ծրագիր: Անկարայի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ապրիլի 21¬30¬ը: Ծրագիրը կազմված է 11 ֆիլմից: Հայկական կինոծրագրերը Անկարայում կներկայացվեն ապրիլի 28¬ին եւ 29¬ին: Կինոծրագիրը ներկայացնող պատվիրակության մեջ ընդգրկված են ռեժիսորներ Նաիրա Մուրադյանը, Դիանա Կարդումյանը եւ կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի համադրող Րաֆֆի Մովսիսյանը, ով նաեւ Անկարայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է: Ծրագրում ընդգրկված ֆիլմերը մարդասիրության, հանդուրժողականության եւ ազատության վերաբերյալ թեմատիկ ընդհանրություններ ունեն:

 

 

ԱՎԵՐՎԱԾ  ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
Ավելի քան 3000 հայկական ավերված հուշարձաններ են վավերագրվել 2010¬2016¬ին պատմական Հայաստանի՝ ներկայիս Թուրքիայի տարածքում: Ավերումներն ունեցել են հիմնականում հետեւյալ նպատակը՝ կրոնական շինությունների ոչնչացմամբ վերացնել հայկական հետքերը եւ բեկորներն օգտագործել որպես շինանյութ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Պարոն Աբրոյանը շեշտել է, որ պաշտոնական դաշտում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով մեր ձայնը բարձրացնում ենք Թուրքիայի հայերի, միջազգային ՀԿ¬ների, ՅՈՒՆԵՍԿՕ¬ի միջոցով:

 

 

ՄՐՑՈՒՅԹԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ԿՈՉ
ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն այն համոզման է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթին մասնակցությունից, մինչեւ մրցույթի կազմակերպիչները բարեփոխումներ չանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է ՁԸհհ-ը: Կիրկորովը նշել է՝ ինքը չի ընդունում այն, որ քվեարկության ժամանակ գնահատականը հավասար է բաժանվում հանդիսատեսի եւ ժյուրիի միջեւ:
Հավելենք, որ փետրվարին Կիրկորովն արդեն կոչ էր արել բոյկոտել «Եվրատեսիլը»: Այդ անգամ էլ խնդիրն այն էր, որ մրցույթն այս տարի հյուրընկալող Ուկրաինան 3 տարով արգելել է ռուս երգչուհու մուտքը երկիր: Արգելքի պատճառ է հանդիսացել այն, որ երգչուհին 2015 թվականին Մոսկվայից մեկնել է Ղրիմի թերակղզի: Ուկրաինական կողմն օրինական եւ թույլատրելի է համարում մուտքը Ղրիմ միայն Ուկրաինայի տարածքից:




Լրահոս