Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացավ` չտալով հարցի պատասխանը, թե ո՞վ է լինելու եվրոպական այս գերտերության նախագահը: Զարմանալիորեն սոցիալական հարցումները լիովին ճիշտ գուշակեցին քվեարկության արդյունքը` առաջին հորիզոնականում տեսնելով Էմանուել Մակրոնին, իսկ երկրորդի կարգավիճակում` Մարին Լը Պենին:
Ընտրողների շրջանում անցկացված հարցումները նախորդ տարվա ամռանը Միացյալ Թագավորությունում, ինչպես նաեւ նոյեմբերին` Ամերիկայի Միացյալ Նահանգներում իրական շեղումներ էին արձանագրել: Բրիտանացի սոցիոլոգները հայտարարում էին, որ ՄԹ-ն չի լքի ԵՄ-ը, սակայն նրանց հրապարակած թվերը ճիշտ հակառակը դուրս եկան: ԱՄՆ-ում նույնպես նախագահական ընտրություններում հաղթանակը վերագրվում էր Հիլարի Քլինթոնին, սակայն Դոնալդ Թրամփը ջախջախեց սոցիոլոգների կանխատեսումները: Այս անգամ, թվում էր, պատկերը կրկնվելու է նույն ձեւով, սակայն քվեարկությունից անմիջապես հետո հրապարակված «էքզիթ փոլի» տվյալներն ու քվեաթերթիկների հաշվարկը ապացուցեցին, որ Ֆրանսիան վերջնականորեն չի շեղվել կանխատեսելիության տիրույթից: Ըստ այդմ` Էմանուել Մակրոնը ստացել է մոտ 24 տոկոս, Մարին Լը Պենը` 21.5, Ֆրանսուա Ֆիյոնը` մոտ 20, Ժան Լյուկ Մելանշոնը` 19.6: Մնացած թեկնածուները միասին վերցրած հավաքել են մոտ 15 տոկոս: Այսպիսով երկրորդ փուլում նախագահի աթոռը կվիճարկեն Մակրոնն ու Լը Պենը:
Նկատելի է, որ Ֆրանսիայում ետպատերազմյան դասական շրջանի քաղաքական ավանդույթը, այդուամենայնիվ, խաթարվել է: Խնդիրն այն է, որ այսօր նախագահական աթոռը վիճարկում են ոչ թե դասական քաղաքական գաղափարաբանություն ունեցող կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպիսին կլիներ սոցիալիստների, լիբերալների ու պահպանողականների պարագայում, այլ այդ հոսանքներից դուրս գտնված նախկին մարգինալները: Թե՛ Մակրոնը, թե՛ Լը Պենը չեն տեղավորվում ձախերի ու աջերի դասական բաժանման մեջ, քանզի նախկինում նրանք կորակվեին որպես ծայրահեղականներ, որոնք մերժված կլինեին ընտրողների կողմից: Այսօր արդեն ակնհայտ է, որ մերժվում են դասական պահպանողականները, լիբերալներն ու սոցիալիստները, որոնց առաջարկած քաղաքական բաղադրատոմսերը այլեւս չեն բավարարում ֆրանսիական հասարակության պահանջները: Եթե սոցիալիստների պարագայում անկումը բնական է` հաշվի առնելով գործող նախագահի քաղաքականության արդյունքում երկրի ներսում կուտակված խնդիրները, իսկ լիբերալները գրեթե ամբողջ աշխարհում են մասնատված ու միավորման անընդունակ, ապա պահպանողականների դեպքում իրավիճակը ավելի քան լուրջ է: Ֆրանսիայի հանրապետական կուսակցության թեկնածու Ֆիյոնը ներկուսակցական սանդուղքներով արագընթաց կերպով բարձրանալուց հետո բախվեց անանցանելի պատնեշների: Այդ մասին նա խոսեց նաեւ ընտրության արդյունքների ի հայտ գալուց հետո` նշելով, որ սեփական պարտության համար պատասխանատու է անձամբ ինքը, թեեւ հավելել էր, որ իր առաջ դրված խոչընդոտները չափազանց լուրջ էին ու դաժան: Ֆրանսիայի նախագահի աթոռի ամենաիրական, սակայն արդեն նախկին հավակնորդը կոչ է արել երկրորդ փուլում միավորվել Մակրոնի շուրջ` մերժելով Լը Պենի առաջարկած Ֆրանսիան: Ըստ Ֆիյոնի` Լը Պենի ղեկավարած «Ազգային ճակատը» հայտնի է իր բռնության ու անհանդուրժողականության պատմությամբ, որի հղացած տնտեսական ու սոցիալական ծրագրերը երկիրը հասցնելու են սնանկության ու քաոսի: Այդ իսկ պատճառով նախկին վարչապետը անայլընտրանք է համարել Մակրոնի օգտին քվեարկելը:
Մակրոնին ներկայացնելով որպես «ինքնահավան վերնախավի» ներկայացուցիչ` Լը Պենն էլ իրեն հռչակեց ժողովրդի թեկնածու: Երկրորդ փուլում իր հայտնվելը որակելով իբրեւ ֆրանսիացիների ազատության առաջին քայլը` Լը Պենը իրավիճակը գնահատել է որպես պատմական: Նա հայտարարել է, որ պատրաստ է իր ուսերին կրել ֆրանսիացիներին ազատություն բերելու պատասխանատվությունը: Ավելին` նա հանձնառություն է ստանձնել լինել բոլոր հայրենասերների ու Ֆրանսիան պաշտողների նախագահը: Իսկ ահա առաջին տեղը գրաված Մակրոնը, անուղղակիորեն ծանակելով իր մրցակցին, խոստացել է լինել ինչպես հայրենասերների, այնպես էլ բոլոր ֆրանսիացիների նախագահը` ընդդեմ ազգայնամոլական սպառնալիքների: Նախագահի թեկնածուն պնդել է, որ իրական պայքարը մեկնարկում է հենց այդ երեկոյից` իր հանգրվանին սպասելով մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում: Մակրոնը երախտագիտություն է հայտնել իր օգտին հանդես եկած արդեն նախկին մրցակիցներին` վստահությամբ, որ համատեղ ջանքերով կանխելու են ծայրահեղականության հաղթանակը Ֆրանսիայում:
Այսպիսով՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում սպասվում է իսկական հակադրությունների բախում: Թեկնածուներից մեկը կողմ է Ֆրանսիայի մեկուսացմանը, մյուսը ինտեգրացիայի ջատագովն է: Լը Պենը պահանջում է դուրս գալ եվրոյի գոտուց, Մակրոնը դրա խորացման աջակիցն է: Լը Պենը դեմ է արտահայտվում միգրացիային, Մակրոնը հանդես է գալիս ժողովուրդների բարեկամության կարգախոսներով: Այս առումով չափազանց մեծ նշանակություն է ստանում մայիսի 7-ի քվեարկությունը, որին ընդառաջ թեկնածուների միջեւ թվային տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Թեեւ օրեր առաջ անցկացված հարցումներով, եթե երկրորդ փուլ անցնեին Մակրոնն ու Լը Պենը, ում կընտրեիք հարցին ի պատասխան՝ ֆրանսիացիների մեծամասնությունը նախընտրել էր առաջինին: Ինչպես ԱՄՆ-ի նախագահական վերջին ընտրությունն ապացուցեց, արեւմտյան ժողովրդավարությունում վերջին պահին ընտրողների մոտ վերաիմաստավորում է տեղի ունենում, ինչը կարող է անայլընտրանք հաղթողի համար նույնիսկ նախագահություն արժանանալ: Այդ միայն Հայաստանում եւ կեղծ ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծող այլ երկրներում է, որ ընտրողների կամքը քարացած է ու ենթակա համակարգի ճնշումներին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մինչ Հայաստանի ջերմոցատերերը պայքարում են թուրքական լոլիկի, վարունգի եւ այլ գյուղմթերքի ներկրման դեմ, այս ընթացքում ներքին շուկա են սպրդել ադրբեջանական ծագում ունեցող խնձորներ: Թե ինչպես կամ ինչ ճանապարհով են դրանք հայտնվել շուկայում, երեկ ողջ օրվա ընթացքում այդպես էլ անհայտ մնաց:
Պատկան կառույցները՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ Իշխան Կարապետյանի ղեկավարությամբ եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն չբարեհաճեցին բացատրություն տալ հանրությանը, թե ինչ ճանապարհով է Հայաստան մտել ադրբեջանական ծագում ունեցող խնձորը:
Միայն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ տեղյակ է խնդրին, եւ իրենց մասնագետները զբաղվում են դրանով: ՍԱՊԾ մասնագետները շրջայց են կատարել խանութներով, շուկաներով, եւ արդյունքները ավելի ուշ կհրապարակվեն: Դե, իհարկե, պետք է պատճառաբանություն գտնեն՝ իրենց անգործության համար:
Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ուղտի ականջում քնած է: Քանի որ հնարավոր է՝ այդ խնձորները ՀՀ մուտք են գործել անօրինական ճանապարհով, ինչպես օրեր առաջ այդպես ներքին շուկայում հայտնվել էին թուրքական լոլիկները: «Ժողովուրդ»-ը երեկ ողջ օրվա ընթացքում ՊԵԿ-ից այդպես էլ չկարողացավ պարզաբանում ստանալ ներքին շուկայում վաճառվող ադրբեջանական խնձորների մասին:
Տեղեկացնենք, որ օրեր առաջ Հայաստան էր ներկրվել թուրքական ծագում ունեցող լոլիկ, իսկ արկղերի վրա եղել էր ռուսական տառերով «Karabax» մակնշումը: Այս տեղեկությունը մամուլում հրապարակվելուց հետո ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ մինչեւ 2017 թվականի ապրիլի 5-ը կանխվել է գյուղմթերքի անօրինական ներկրման 153 փորձ, որի արդյունքում հայտնաբերվել է մոտ 15 տոննա գյուղմթերք, հիմնականում լոլիկ: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող լոլիկը, որի արկղերի վրա մակնշված է եղել «Karabax» անվանումը, հայտնվել էր Արարատի մարզի Հովտաշատ գյուղում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
33 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՎՆԱՍ ԱՆՏԱՌԻՆ
Անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ կոչված են պայքարելու բազմաթիվ կազմակերպություններ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կազմում գործող անտառտնտեսությունները, նույն «Հայանտառ»-ի կազմում գործող մոնիտորինգի կազմակերպությունը, բնապահպանական պետական տեսչությունը, ոստիկանությունը: Անտառները հսկող եւ վերահսկող կազմակերպությունները շատ են, սակայն դրանից ապօրինի անտառհատումների թիվը չի նվազում, ընդհակառակը ավելանում է:
Հատկապես ցավալի է, երբ զանգվածային հատումներ են կատարվում բնության՝ հատուկ պահպանվող տարածքում, Դիլիջանի ազգային պարկում: Հայաստանի Հանրապետության դատախազության տարածած հաղորդագրությամբ՝ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել անտառային ֆոնդի տարածքներում՝ բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան Ազգային Պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին» տեղամասի 6-րդ պահաբաժնում առանձնապես խոշոր չափի ապօրինի ծառահատում կատարելու դեպքի առթիվ: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության նախապատրաստած նյութերով պարզվել է, որ վերոնշյալ տարածքում ապօրինի հատվել են 100 տարբեր տեսակի եւ տրամագծի ծառեր, ինչի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 18 միլիոն 906 հազար 474 ՀՀ դրամի վնաս:
Տավուշի մարզի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկում» ինչպե՞ս են ճշտել հատված ծառերի քանակը, որոշել դրա հետեւանքով պատճառված վնասի ստույգ չափերը: Նա ասաց, որ կան հատված կոճղեր, 10 օր ստուգումներ են կատարվել, պատճառված վնասի չափը որոշել է ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը: Մարզի դատախազի տվյալներով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ Իջեւանի անտառտնտեսության տարածքում ապօրինի հատվել է 22 ծառ, պետությանը պատճառվել է 866 հազար 760 դրամի վնաս: Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպքով նույն անտառտնտեսության տարածքում հատվել է 84 ծառ, պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 14 միլիոն դրամ: Այդ դեպքերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որպեսզի քրեական գործեր հարուցվեն:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ