ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի ծննդատունը, որն ունի ավելի քան 10 աշխատող, փակման եզրին է: Պատճառը ծնունդների քանակի նվազումն է: Արդյունքում ծննդատան աշխատակիցները հայտնվել են անելանելի դրության մեջ: Նրանք արդեն երկու ամիս է, ինչ ստանում են 27 հազար դրամ աշխատավարձ:
Մարալիկի ծննդատան աշխատակիցները աշխատավարձերի նվազման հետ կապված դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին: Նրանցից Հերմինե Հանիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ծնունդների քանակի նվազումը մի քանի պատճառ ունի: Դրանցից մեկն էլ կապված է հասարակական տրանսպորտի բացակայության հետ: «Նախկինում տասից ավել գյուղերի հղիները գրանցվել են Մարալիկի հիվանդանոցում, սպասարկվել են Մարալիկի բուժանձնակազմի կողմից, բայց ինչ հասարակական տրանսպորտը չկա (խոսքը Մարալիկ քաղաքն ու հարակից գյուղերը իրար կապող տրանսպորտի մասին է), հղիների թիվն էլ է նվազել: Այս ամենի արդյունքում մարդիկ օգտվում են Գյումրու բժշկական կենտրոնից: Ճիշտ է, այս գյուղերը Գյումրիին մոտ են, բայց մարդիկ միշտ նախընտրել են օգտվել Մարալիկի ԲԿ-ից, քանի որ այստեղ բժշկական հետազոտություններն ու ծառայությունները ավելի էժան են, քան Գյումրիում»,- ներկայացրեց ծննդատան բուժքույր Հերմինեն: Նա նշեց նաեւ, որ ինքը արդեն երկու ամիս է, ինչ ստանում է 27 հազար դրամ, այն դեպքում, երբ նախկինում ստացել է 57-60 հազար դրամ աշխատավարձ:
«Աշխատավարձը կատարողականով են վճարում մեզ: Ո՛չ դրույքաչափ գիտենք, ո՛չ գիտենք, թե գիշերային հերթապահության դիմաց որքան ենք վճարվում, իրենք ինչպես ուզում, վճարում են: Միայն պատճառաբանում են, որ ծնունդների թիվն է նվազել, հետեւաբար աշխատավարձն էլ պակասել է: Բայց բնական է, որ այս ամիսներին Շիրակի մարզում ծնելիությունը նվազում է, տղամարդիկ Ռուսաստանի Դաշնություն են մեկնում՝ արտագնա աշխատանքի նպատակով: Ինչի հետեւանքով ծննդաբերություն լինում է սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: Իսկ փետրվար, մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին քիչ են լինում ծնունդները, միայն հունիս ամսից սկսում են ավելանալ»,- բացատրեց բուժքույրը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ ծննդատան ղեկավարությունը աշխատավարձի նվազումը պատճառաբանում է կուտակած պարտքերը մարելու անհրաժեշտութամբ: Նրա պատմելով՝ խոսքը 10-19 մլն դրամի պարտքի մասին է:
«Ժողովուրդ»-ը դժգոհող աշխատակիցներից տեղեկացավ, որ երեք տարի առաջ փակվել է բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքը, սակայն նրանց համառ ջանքերի շնորհիվ այն անցած տարվա օգոստոս ամսին վերաբացվել է: Լյդումիլա Թադեւոսյանը Մարալիկի ծննդատանը 40 տարի որպես բժշկուհի է աշխատել: Նրա դժգոհությունները նույնպես կապված են աշխատավարձի կտրուկ նվազման հետ: «Երկար տարիներ աշխատել եմ այս հաստատությունում, բայց չեմ նկատել, որ վնաս է կրել: Իսկ այժմ տնօրենը անընդհատ կրկնում է, թե վնասով ենք աշխատում: Մենք ժամանակին շրջանի 16 գյուղ սպասարկել ենք, բայց այժմ 4-5 գյուղ է օգտվում մեր ծառայություններից: Մյուս 11 գյուղերը Մարալիկին կապող տրանսպորտ չունեն: Այսքանից հետո ծնունդ որտեղից լինի: Մարդիկ իմացան, որ վիրաբուժական բաժանմունքը փակվել է, դրա համար չէին գալիս: Հիմա բացել ենք տվել: Խոչընդոտներ կան, որոնք հնարավոր է վերացնել»,- նկատեց Թադեւոսյանը: Ըստ բժշկուհու՝ 2014 թվականին Մարալիկի ծննդատունն ունեցել է 250 ծնունդ, 2015-ին՝ 180, իսկ 2016 թվականին՝ 117 ծնունդ: Մարալիկի ծննդատան մյուս բուժքույրը՝ Անահիտ Սահակյանը, 30 տարվա աշխատանքային ստաժ ունի: Վերջինս մեզ հետ զրույցում պնդեց, որ ծնունդների քանակի նվազումը չպետք է անդրադառնա իրենց աշխատավարձերի չափի վրա: «Չէ՞ որ մարդիկ իրենց սոցիալական վիճակից ելնելով՝ միտումնավոր չեն ունենում մեկից կամ երկուսից ավել երեխաներ: Երբեւէ չի եղել, որ մեր աշխատավարձերի չափը կտրուկ նվազի: Ես ստանում էի 70-80 հազար դրամ աշխատավարձ, բայց արդեն երկու ամիս է՝ ստանում եմ 27 հազար դրամ: Հունվար ամսին ունեցել ենք 8 ծնունդ, իսկ անցած տարվա դեկտեմբերին՝ 17 ծնունդ: Վերջին ամիսներին աշխատավարձերի չափերը նվազեցնում են՝ առանց բացատրություն տալու»,- վրդովվեց տիկին Սահակյանը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հիշեց նաեւ, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը դեռեւս անցած տարվա ընթացքում եղել է ծննդատանը եւ զարմացել՝ լսելով փակման լուրերի մասին:
«Ժողովուրդ»-ը աշխատակիցների դժգոհությունները եւ ծննդատան փակման վերաբերյալ մտահոգությունները փոխանցեց «Մարալիկի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սուսաննա Պետրոսյանին: Վերջինս լսելով հարցը՝ անմիջապես հայտարարեց. «Եթե ծննդատունը շարունակի վնասով աշխատել, ապա կփակվի: Թող աշխատողները մի քիչ սպասեն, տեսնենք՝ ինչ կլինի: Եթե իրենք ծնունդներ շատ ունենան, ապա բարձր կստանան: Դա է պայմանը: Այս ապրիլին ունեցել ենք 2 ծնունդ: Ծնունդների թիվը կտրուկ նվազել է, ինչից նվազել է նաեւ ֆինանսավորումը: Իրենց աշխատավարձերի նվազումը պարտքերի հետ հեչ կապ չունի»,- նեղսրտեց տնօրենը: «Ժողովուրդ»-ը բուժհաստատության ղեկավարից տեղեկացավ, որ ԲԿ-ի պարտքը կազմում է 6 մլն դրամ: Ըստ տնօրենի՝ այն գոյացել է աշխատավարձերի պարտքը մարելու արդյունքում: Ի դեպ, նա նաեւ նշեց, որ պարտքը անցած տարվա դրությամբ կազմել է 12 մլն դրամ, սակայն այս տարի այն նվազել է՝ դառնալով 6 մլն դրամ:
Իսկ ահա Մարալիկը հարակից ավելի քան 10 գյուղերի հետ տրանսպորտով կապելու խնդրի հետ կապված տնօրեն Պետրոսյանը արդարացավ՝ նշելով, որ ինքը այս հարցով դիմել է մարզպետարան: Նա հայտնեց, որ Մարզպետի հրահանգով ավտոբուս է աշխատել, բայց այն գործել է մեկ ամիս: «Նայեք, հղի կա, եկել է Մարալիկի հիվանդանոցից, ուղեգիր է վերցնում Գյումրիի բժշկական կենտրոնի համար: Հարցնում եմ՝ ինչու ես գնում, Գյումրիում հետազոտվում, ի պատասխան՝ ասում է՝ բժշկուհի ջա՛ն, ես գնացել եմ Գյումրի, այնտեղից եմ եկել Մարալիկ, տրանսպորտ չկա»,- նշեց նա՝ ընդգծելով, որ տրանսպորտի խնդրի կարգավորումը իր լիազորությունների շրջանակում չէ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
7 ՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՏԱԽՏԱԿԱՄԱԾ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1848 թվականին, 1903թ. այն նորոգվել է: Եկեղեցու տանիքի ծածկի համար օգտագործվել են Իտալիայում պատրաստված գեղեցիկ կղմինդրեր: Խորհրդային ժամանակաշրջանում եկեղեցին օգտագործվել է որպես Նոյեմբերյանի խորհրդային տնտեսության պահեստ:
Հայաստանի անկախացումից հետո վերադարձ կատարվեց հոգեւոր արմատներին, Սուրբ Սարգիս եկեղեցին կրկին դարձավ աղոթատեղի: 1997 թվականի հուլիսի 18-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից եկեղեցին բավականաչափ տուժեց: Դրանից հետո եկեղեցու դահլիճում հոգեւոր արարողություներ չէին կատարվում, դրանք կայանում էին եկեղեցու տարածքում գտնվող հովվատանը: Սակայն փոքրիկ հովվատունը չէր կարող տեղավորել բոլոր հավատացյալներին, ովքեր շնչահեղձ էին լինում խնկի եւ վառվող մոմերի հոտից: 2005-2006թթ. Սուրբ Սարգիս եկեղեցին հիմնանորոգվեց: Հայտնի նկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ծագումով Նոյեմբերյանի քաղաքից Հենրիկ Մամյանը ցանկանում էր հարազատ քաղաքին նվեր մատուցել` որմնանկարներով զարդարելով Սուրբ Սարգիս եկեղեցու պատերը: Նա 2010 թվականին սկսեց եկեղեցում որմնանկարների էսքիզները նկարել:
Մայրաքաղաքում բնակվող, բազմազբաղ Հենրիկ Մամյանը քիչ ժամանակ էր ունենում հեռավոր Նոյեմբերյան մեկնելու, այդ գործը կատարելու համար: Ցավոք, 2014 թվականին, 70 տարեկան հասակում Հենրիկ Մամյանը կյանքից հեռացավ: Նրա աղջիկները՝ Լուսինն ու Զառան ցանկություն հայտնեցին ավարտել իրենց հոր գործը: Խոշորացված Նոյեմբերյան համայնքի հոգեւոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը հայտնեց, որ 2016թ. սեպտեմբերին Հենրիկ Մամյանի աղջիկները եկեղեցու պատերից մեկի վրա նկարել են իրենց հոր արած էսքիզի ուրվանկարը: Դրանից հետո, սակայն, գործը կանգ է առել: Հայտնի չէ, թե երջանկահիշատակ Հենրիկ Մամյանի երեւանաբնակ դուստրերը ե՞րբ են վերսկսելու կիսատ մնացած գործը: Արդեն 7 տարի հոգեւոր օջախում շինարարական տախտակամած է: Ե՞րբ է այն հառնելու:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
Ստամբուլի ոստիկանությունը թույլ չի տվել «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը Փանգալթը մետրոյի դիմաց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում իրականացնել: Թուրքական demokrathaber կայքի փոխանցմամբ՝ HDP-ի Շիշլիի կառույցը նախկին 5 տարիների պես այս տարի եւս ցանկացել է Փանգալթը մետրոյի դիմաց իրականացնել «Առերեսվիր ցեղասպանության հետ» հիշատակի միջոցառումը: Սակայն ոստիկանությունը թույլ չի տվել, ինչից հետո հիշատակի միջոցառումն անցկացվել է կուսակցության գրասենյակում: HDP-ի գրասենյակում տեղի ունեցած հիշատակի միջոցառմանը Ստամբուլի «Նոր Զարթոնք»-ի խոսնակ Նորայր Օլգարը նշել է, թե առանց առերեսվելու չի կարող խաղաղություն լինել: Նա շեշտել է, թե ներկայում էլ Թուրքիայի քրդաբնակ նահանգներում է տեղի ունենում ցեղասպանություն:
ԲԱԽՈՒՄՆԵՐ
Նախագահական ընտրություններից հետո Փարիզում բախումներ են տեղի ունեցել, որոնց արդյունքում առնվազն 29 մարդ է ձերբակալվել: Փարիզի պրեֆեկտուրայից հայտնել են, որ թեթեւ վնասվածքներ են ստացել ոստիկանության վեց աշխատակից եւ երեք ցուցարար: Նախագահական ընտրությունների առաջին փուլի օրը բողոքի ակցիա է տեղի ունեցել Փարիզում, որի ժամանակ մեքենաներ են այրվել: Հաղորդվում է, որ Բաստիլի հրապարակում ցուցարարների հետ բախման ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով՝ մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլին կմասնակցեն էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ ՈՒ ԱՐՏԱՔՍՎԵԼ
Իտալացի լրագրող Գաբրիելե դել Գրանդեն, ով ապրիլի 9-ից Թուրքիայում ձերբակալված էր, ազատ է արձակվել ու արտաքսվել երկրից: Իտալիայի արտաքին գործերի նախարար Անգելինո Ալֆանոն սոցիալական ցանցերով հայտնել է, որ լրագրողն Իտալիայի ճանապարհին է: Նշենք, որ 35-ամյա լրագրողը հայտնի է փախստականների հարցով իր աշխատանքներով: Նա Թուրքիա էր եկել Սիրիայի իրադրությունը եւ «Իսլամական պետություն» խմբավորման ծագումը պատմող գրքի համար հետազոտություններ անցկացնելու նպատակով, սակայն ապրիլի 7-ին Թուրքիայի Հաթայի շրջանում ձերբակալվել էր: Դել Գրանդեն ապրիլի 19-ից հացադուլ էր սկսել: Իտալիայի արտգործնախարարությունը դիմել էր Թուրքիային՝ պահանջելով ազատ արձակել լրագրողին:
ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանին՝ սիրելի մոր՝ Խանում Մալխասյանի մահվան կապակցությամբ։ Հոգեհանգիստը` վաղը՝ ապրիլի 25-ին` ժամը 18.00-ին, Մալաթիա-Սեբաստիայի համայնքապետարանի մոտ գտնվող Սրբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը` ապրիլի 26-ին` ժամը 14.00-ին, Արագածոտնի Թթու ջուր գյուղում։