ԱՐԳԵԼՎԱԾ ԽՆՁՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է՝ Երեւանի տարբեր վայրերում խնձորներ են վաճառվում, որոնց արկղերի վրա գրված է Ադրբեջան: Հատկապես սոցիալական ցանցերում հիմա էլ քննարկումների թեմա է դարձել դա՝ համեմված կեղծ հայրենասիրական պաթոսով, դավաճաններին հայտնաբերելու եւ ինկվիզիցիայի դարաշրջանին բնորոշ մեթոդներով պատժելու կոչերով: Մինչդեռ, պարզվում է, հայկական օրենսդրությունն ամենեւին էլ չի արգելում հարեւան երկու պետություններից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից, ապրանքների ներկրումը: Նշենք, որ դեռ մինչեւ 2013թ. հունիսի 7-ը գործել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009թ. սեպտեմբերի 15-ի N 220-Ա հրամանը, ըստ որի՝ ժամանակավորապես արգելված է «Թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը»: Այդ հրամանն արձակել էր ՕԵԿ քվոտայով ԳՆ նշանակված Գերասիմ Ալավերդյանը, իսկ նրան հաջորդած Սերգո Կարապետյանը հրամանը չեղյալ է հայտարարել: Ու այսօր կարելի է հանգիստ ՀՀ ներմուծել ադրբեջանական եւ թուրքական ծագում ունեցող կենդանական եւ բուսական ցանկացած հումք ու մթերք: Ճիշտ է՝ հենց Ադրբեջանից դա հնարավոր չէ անել, բայց Վրաստանից կամ Իրանից կարելի է բերել ադրբեջանական ծագման ապրանք: Իսկ եթե ազգայնական շրջանակներն իսկապես մտահոգված են կատարվածով, ապա պետք է նախ եւ առաջ պահանջեն օրենսդրական համապատասխան արգելքներ սահմանել հարեւան երկրներից ապրանքներ ներկրելու վրա:
Մյուս կողմից, իհարկե, հասկանում ենք անհանգստությունը, որ կարող է երկիրը, որի հետ հակամարտության մեջ ենք, միտումնավոր թունավորված ապրանք ուղարկել ՀՀ: Ահա այստեղ էլ անելիք ունեն ՊԵԿ-ը, ԱԱԾ-ն ու ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, որոնք մաքսազերծելուց եւ ապրանքը ՀՀ մուտք գործելուց առաջ պետք է նախապես հավաստիանան, որ դրանք անվտանգ են եւ կարելի է անվնաս օգտագործել: Իսկ ռիսկային ապրանքները, ինչպիսին ադրբեջանական խնձորն է, առավել խորը ուսումնասիրել։
Հ.Գ. Երեկ՝ կեսգիշերին մոտ, հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ-ն հանձնարարել է խնձորները հանել վաճառքից ու ոչնչացնել: ՍԱՊԾ պարզաբանման մեջ նաեւ նշված է, որ խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, եւ իրենք չեն կարող երաշխավորել դրանց անվտանգ լինելը:

 

 

 
Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը համոզված է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ օրերս արած հայտարարությունը, թե պետք է պատրաստվել լայնամասշտաբ պատերազմի, հոգեբանական ճնշում գործադրելու փորձ է: «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մշտապես փորձում են երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ մենք չենք հաշտվել մեր տարածքների կորուստի հետ, որ ուժով էլ լինի, հետ ենք վերադարձնելու, եւ, վերջ ի վերջո, ուզում են երրորդ երկների վրա նաեւ ճնշում գործադրել, որ մենք չենք հաշտվել այս ամենին, մենք պետք է մեր ուզած ձեւով հարցին լուծում տանք, հարցին լուծում տվեք, վերջացրեք»: Ինչ վերաբերում է նախորդ տարվա ապրիլյան պատերազմին, Բալայանը նշել է, թե այն ժամանակ քաղաքական ֆոնն ուրիշ է եղել: «Ինձ թվում է՝ այն ժամանակահատվածում տարածաշրջանում դերակատարություն ունեցող որոշ երկրների համաձայնությամբ է երեւի այդ ամենը կատարվել»,- ասել է նա՝ այդպես էլ չմատնանշելով, թե որ երկրների մասին է խոսքը:

 

 

 
Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, եւ այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ Արսեն Հակոբյանն է եղել, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից՝ գողություն կատարելու մեղադրանքով: Հայաստանում հայտնվելուց հետո նա 2016 թվականի օգոստոսին ԱԳՆ-ից կարողացել է փաստաթուղթ ստանալ, որ իբր հետախուզման մեջ չէ, եւ ճողոպրել է: Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները գաղտնի են պահում:

 

 

 
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հերթական աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանն օրերս մեղադրական դատավճիռ է կայացրել: Խոսքը նախարարության աշխատակիցներից Վարազդատ Դանիելյանի մասին է, որը մեղադրվում էր պաշտոնական կեղծիք կատարելու մեջ: Դատարանն օրերս նրան տուգանել է 400 հազար դրամով եւ 1 տարի ժամկետով զրկել պետական մարմիններում աշխատելուց: Բայց կատարվածն ուշագրավ է մեկ այլ առումով. չնայած այս նախարարության ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում կոռուպցիոն դրսեւորումների առթիվ հարուցված քրեական գործերի առատությանը, ոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ նախարար Արտեմ Ասատրյանը, շարունակում է բարեհաջող պաշտոնավարել: Այնինչ՝ ցանկացած նորմալ երկրում կոռուպցիոն սկանդալների բացահայտումից հետո նախարարներն առնվազն բարոյականություն են ունենում եւ հրաժարական տալիս: Մինչդեռ մեզանում ե՛ւ Արտեմ Ասատրյանը, ե՛ւ իշխող ՀՀԿ-ն ամեն կերպ փորձում են իրենց վրայից գցել պատասխանատվությունը:

 

 

 
ՇՈՒՏ ՄՈՌԱՑԱՆ
ՀՔԱՎ գրասենյակը երեկ «Ապրիլյան պատերազմական գործողություններից մեկ տարի անց» անվանումով տեղեկանք է հրապարակել, որտեղ ներկայացրել է ապրիլյան պատերազմի ընթացքում ի հայտ եկած մտահոգիչ իրավիճակը շտկելու ուղղությամբ իշխանությունների կատարած քայլերը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը: Դեռեւս անցած նոյեմբերին հրապարակված սկանդալային զեկույցում ներկայացնելով 61 զոհերի հարազատների հայտնած տեղեկությունները վերջիններիս մահվան հանգամանքների վերաբերյալ՝ ՀՔԱՎ ներկայացուցիչները նշել էին զինվորական տեխնիկայի անսարքության, անորակ վառելիքի մատակարարման, ռազմական կոնկրետ իրավիճակում զինամթերքի բացակայության, ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման եւ այլ խնդիրներ, որոնք, սակայն, պաշտպանության նախարարությունը մշտապես որակել է որպես «ոչ պրոֆեսիոնալ» աշխատանքի արդյունք՝ նշելով, թե կոնկրետ դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնք դեռեւս ընթացքի մեջ են: Անցավ 6 ամիս, իսկ ապրիլյան պատերազմից էլ՝ ամբողջ մեկ տարի, սակայն ինչպես երեկ նկատեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը. «Մեկ հանրային լսում կամ քննարկում չի անցկացվել մեկ տարվա ընթացքում, որտեղ քաղհասարակության, ԶԼՄ-ների ներկայացուցիչները եւ զոհվածների հարազատները հնարավորություն կունենային մասնակցելու եւ հարցեր տալու՝ պատասխանատու պաշտոնատար անձինք պատասխանատվություն կրեցի՞ն, թե՞ ոչ»:
Ի դեպ, ՀՔԱՎ-ի բարձրաձայնած՝ տանկերում որակյալ վառելիքի բացակայության հարցը, որին եւս ՊՆ-ն շատ նյարդային արձագանքեց, հետագայում բարձրաձայնվեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից. «Վարչապետը ինքը այդ հարցը օրակարգ վերադարձրեց ու արձանագրեց, որ վառելիքի որակի հետ կապված կային խնդիրներ: Մենք արձանագրում ենք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի հետ կապված խնդիրների ուղղությամբ պետությունը քննություն չի իրականացրել»,-հավելեց իրավապաշտպանը: Ներկայացված տեղեկանքում նաեւ մատնանշված է այն հանգամանքը, որ ապրիլյան հարձակման հետ կապված հակասական հայտարարություններ են արել Սերժ Սարգսյանը եւ նախկին ՊՆ նախարար Ս. Օհանյանը. առաջինը պնդել էր, թե հարձակումը մեզ համար անակնկալ էր եղել, Օհանյանը, մինչդեռ, ասել էր, որ հայկական հետախուզությունը տեղեկացված է եղել հնարավոր հարձակման մասին: Եվ ահա՝ այս հարցում եւս մինչ օրս չկա հստակություն. ի վերջո, հայկական հետախուզությունը տեղեկացրե՞լ է բարձրագույն զինվորական հրամանատարությանը վտանգի մասին, թե՞ ոչ:
Որքան էլ ցավալի է, սակայն այսօր՝ ապրիլյան պատերազմից ընդամենը մեկ տարի անց, այս հարցերը շոշափում են միայն մի քանի իրավապաշտպաններ, իսկ քաղաքական էլիտան զբաղված է մանդատների եւ պորտֆելների բաշխմամբ ու Երեւանի ավագանու ընտրություններով: Այնինչ՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ մի քանի օրից Արցախի սահմանին կսկսի նոր՝ լայնամասշտաբ զորավարժություններ, ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ՝ պատերազմի նախօրեին:




Լրահոս