Մայիսի 1-5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը պատրաստվում են Արցախի սահմանի մոտակայքում զորավարժություններ անցկացնել: Որքանո՞վ է սա մտահոգիչ մեզ համար, եւ ի՞նչ սպասել այս զորավարժություններից. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի հետ:
-Պարո՛ն Բալայան, մայիսի 1-5-ը Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնելու: Այս փաստը որքանո՞վ է մտահոգիչ մեզ համար:
-Վերջին տարիներին դա առաջինը եւ վերջինը չէ: Իհարկե, ամեն մի մեծաքանակ զորախմբերի տեղաշարժ միշտ էլ անհանգստություն է առաջացնում, բայց մեր համապատասխան զորամիավորումները պատրաստ են նաեւ անակնկալների, որովհետեւ, գաղտնիք չէ, որ Ադրբեջանը եւ ինչպես նաեւ նրան հովանավորող Թուրքիան տարիներ շարունակ արցախյան հիմնահարցը զենքի ուժով լուծելու գաղափարին են անընդհատ դավանել եւ այս տեսանկյունից Արցախի պաշտպանության բանակը պատրաստ է, մանավանդ 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո բավականին մեծածավալ աշխատանքներ է կատարվել, որպեսզի դիմակայվի հակառակորդի՝ նման սադրանքներին, ոտնձգություններին: Եթե լսել եք՝ այս վերջին ժամանակներս ոչ միայն Ադրբեջանի նախագահը, այլեւ նրանց պաշտպանության նախարարը՝ Զաքիր Հասանովը, ամպագոռգոռ հայտարարություններ են արել, որ մենք պատրաստ ենք զինված ճանապարհով հարցը լուծել, բայց սա մեզ համար նոր բան չէ, ուղղակի մնում է մեր բանակի զգոնությունն ավելի բարձրացնել եւ ընդհանուր առմամբ ժողովրդի բարոյա-հոգեբանական մակարդակը բարձր պահելու միջոցով հասարակությանը միշտ պատրաստ պահել անակնկալ զարգացումներին:
-Հնարավո՞ր եք համարում, որ այդ շրջանում սահմանին ավելի սրվի լարվածությունը:
-Դե, գիտեք, իհարկե, ինչքանով ես տեղյակ եմ՝ շուրջ 30 հազար զինծառայողներ են մասնակցելու, դա բավականին մեծ թիվ է, եւ մեր զինվորականությունը համարժեք քայլեր է ձեռնարկում: Իհարկե, լարվածությունը կա, եւ չնայած մենք ասում ենք, որ 2016 թվականի ապրիլին տեղի ունեցավ նոր պատերազմ, բայց, ըստ էության, 2014 թվականի օգոստոսից այդ պատերազմը կա, եթե տանկը կրակում է, հրանոթից կրակում են, կամ անընդհատ դիվերսիոն հարձակումներ, կամ ուժերի անընդհատ տեղաշարժեր են լինում, բնականաբար, սա պատերազմ է, պարզապես մարտի վարման մեթոդոլոգիան է փոխված:
-Պարո՛ն Բալայան, 2016-ին եւս Արդրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ անցկացրին, ինչին հաջորդեց ապրիլյան պատերազմը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հնարավո՞ր է լայնամասշտաբ պատերազմի վերսկսում:
-Գիտեք, իմ կարծիքով ապրիլյան իրադարձությունների քաղաքական ֆոնն ուրիշ է եղել, եւ հիմա էլ այլ զարգացում է, ինձ թվում է՝ այն ժամանակահատվածում տարածաշրջանում դերակատարություն ունեցող որոշ երկրների համաձայնությամբ է երեւի այդ ամենը կատարվել: Ես կարծում եմ, որ այսօր այդ իրավիճակը չկա, որովհետեւ, վերջ ի վերջո, իրավիճակ ստեղծող երկրներն էլ են համոզվել, որ հարցը ռազմական լուծում չունի, իսկ ռազմական լուծում ունենալու պարագայում չի իմացվի, գուցե այդ բոցը տարածվի նաեւ այն երկրներում, որոնք նախաձեռնում են, որոնք հովանավորում են, որոնք փորձում են այդ ամենին տոն տալ: Այնպես որ, ինձ թվում է՝ հիմա քաղաքական այլ կացություն է ստեղծված, մանավանդ այս վերջին ժամանակներում Սիրիայում, Իրաքում իրավիճակների սրումը, Ուկրաինայում ավելի լարված կացության ստեղծումը, ինչու ոչ, Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերի ջրի երես դուրս գալը, քաղաքական նախադրյալ չկա, բայց պետք է ամեն անակնկալի պատրաստ լինել, այսինքն՝ ձեռքները պետք է ծալած չնստենք:
-Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ օրերս իրենց սպաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ պետք է պատրաստվեն լայնամասշտաբ պատերազմի…
-Ինձ թվում է՝ դա Ալիեւի երգի շարունակությունն է, որ անընդհատ դեպքից դեպք հիշեցնում է, որ մենք ուժի միջոցով հարցեր ենք լուծելու: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս նախագահի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարի, մշտապես փորձում են երեք հիմնական հարցեր լուծել, մեկը հայ հանրության վրա հոգեբանական ճնշման մեծացումն է, երկրորդը՝ ներքին լսարանի համար է, որ մենք չենք հաշտվել մեր տարածքների կորուստի հետ, որ ուժով էլ լինի մենք հետ ենք վերադարձնելու, եւ, վերջ ի վերջո, ուզում են երրորդ երկների վրա նաեւ ճնշում գործադրել, որ մենք չենք հաշտվել այս ամենին, մենք պետք է մեր ուզած ձեւով հարցին լուծում տանք: Այսինքն՝ սրանք ճնշման ձեւեր են, որ նոր բան չեն, եւ Զաքիր Հասանովն էլ այդ երաժշտախմբի, այսպես ասած, երգն է շարունակում:
-Եւ վերջում, ապրիլի 27-ին Ռուսաստանում հանդիպելու են Ռուսաստանի, Հայաստանի եւ Արդբեջանի արտաքին գործերի նախարարները: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այդ հանդիպումից, եւ հնարավո՞ր է՝ դրան հաջորդի հանդիպում նախագահների մասնակցությամբ:
-Գիտեք, ընդհանուր առմամբ ցանկալի է, որ նման հանդիպումներ լինեն, որովհետեւ երբ խոսք չի լինում, քննարկում չի լինում, ավելի շատ զենքերն են սկսում խոսել, այսինքն՝ պատերազմ է լինում, այս տեսանկյունից նախընտրելի է դա, բայց հույս փայփայել, որ այդ հանդիպման ընթացքում ինչ-որ հարցերի լուծումներ են տալու, չեմ կարծում: Ինչո՞ւ, որովհետեւ Ադրբեջանն այնքան մաքսիմալիստական ծրագրեր ունի, այնքան ախորժակը բաց, որ հազիվ թե այս պահին հնարավոր լինի հարցերին որեւէ լուծում տալ, որովհետեւ ինչպես տեսնում եք, Ադրբեջանը մշտապես խոսում է ոչ միայն ԼՂՀ-ի մասին, այլեւ Սեւանում, Երեւանում թեյ խմելու մասին, այսինքն՝ այդ մարմանջը դրանց մեջ մշտապես նստած է: Բայց մյուս կողմից էլ պատերազմները խելահեղ մարդկանց մոտեցումների հետեւանք է լինում, այս տեսանկյունից մենք ունենք միայն ու միայն մեկ ճանապարհ՝ սահմանը ամուր պահել, երկրի խնդիրներին լուծումներ տալ, ժողովրդական ինստիտուտները զարգացնել, դիմակայել եւ հայրենիքում ապրել ապահով, սա է ճանապարհը:
«ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ» ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԲՈՒՀԵՐՈ՞ՒՄ
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նախընտրական այս շրջանում բարձրագույն ուսումնական հաստատությունների «ուսանողական խորհուրդ» կոչվածի անդամները որոշել են հետ չմնալ իրենց կուսակցական ավագներից եւ ներգրավվել ցուցակագրման գործողություններում:
Ուսխորհուրդների նախագահների գլխավորությամբ այդ կառույցի անդամները մոտենում են առավելապես իրենց շրջապատի երեւանաբնակ ուսանողներին եւ հորդորում ընտրել Տարոն Մարգարյանին, իսկ նրանց, ովքեր նշում են, որ այլ թեկնածուի են ընտրելու, սկսում են համոզել, որ նա վատն է, եւ այս պարագայում լավագույն թեկնածուն Մարգարյանն է:
Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը իր 2016 թվականի ամենամյա զեկույցում բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդիրը դիտել էր կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն էլ իր համաձայնությունն էր հայտնել Թաթոյանի տեսակետին, ասել է, թե նա եւս անընդունելի է համարել բուհերում քարոզարշավներ անցկացնելը: Սակայն ինչպես երեւում է, ո՛չ ՄԻՊ-ի եւ ո՛չ էլ նախարարի բացասական վերաբերմունքը այդ իրողության վրա որեւէ ազդեցություն չի ունենում եւ բուհերում շարունակում է տիրել քաղաքականացված մթնոլորտը: Հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոյանի եւ Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Վերջիններս, ինչպես սպասելի էր, հերքեցին մեր տեղեկությունները եւ բացառեցին, որ իրենց մոտ կարող են նման գործողություններ կատարվել:
Ինչեւէ, ցուցակագրումներ կատարելուն ՀՀԿ-ն շատ նորմալ է վերաբերում, ավելին՝ դա համարում է պարտադիր պայման, որովհետեւ, ինչպես նախօրեին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ցուցակագրում կատարելը կազմակերպչական աշխատանք է:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ԿԽՈՍԵՆ
«Ծառուկյան» դաշինքի խորհրդավոր լռությունը շարունակվում է: Ու քանի որ դեռեւս վերջնական որոշում չկա՝ ո՞վ է պատգամավոր դառնալու, ով՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելու, այդ լռությունը շատ թեկնածուների համար գնալով ավելի անտանելի է դառնում: «Ժողովուրդ»-ը դաշինքի անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Միքայել Մելքումյանից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված դաշինքի լռությունը. «Չի լռում, ուղղակի հիմա որոշակի սպասողական վիճակ է, երբ որ կվերջանա, կխոսենք»: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ո՞րն է սպասողական վիճակի պատճառը, այն, որ Ծառուկյանի մոտ են ցուցակները եւ դեռ չի՞ շտապում հստակեցումներ անել, Մելքումյանը նշեց. «Ասացի այնքան, որքան ասացի»: Պարզվում է նաեւ, որ դաշինքում մեկը մյուսից այդքան էլ տեղեկացված չէ: Երբ Մելքումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրավական գործընթաց են սկսելու իրենց դաշինքով պատգամավորության թեկնածու առաջադրված Վարդան Ղուկասյանի այն հայտարարության հիման վրա, որ գողացել են իր ձայները, ի պատասխան հարցի՝ Մելքումյանը խուսափողական պատասխան տվեց. «Ես չգիտեմ, այդ բանից ես տեղյակ չեմ, եթե տեղյակ չեմ, ոնց խոսեմ այդ մասին»:
ՊԱՅՔԱՐ
Դատավորների միության նախագահի պաշտոնի շուրջ կրքերը գնալով թեժանում են: Բանը հասել է նրան, որ թեեւ ապրիլի 21-ին կայացել է դատավորների միության ընդհանուր ժողովը, սակայն նախագահի ընտրություններ չեն կայացել: Ինչպես հայտնի է՝ դատավորների միության նախագահի պաշտոնի համար պայքարում էր միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը եւ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը: Գաղտնի քվեարկություն է եղել, եւ Հրաչիկ Սարգսյանին կողմ են քվեարկել 105 դատավոր, իսկ Արսեն Մկրտչյանին՝ 84 դատավոր, որի հետեւանքով էլ միության նախագահի ընտրությունը չեղյալ է հայտարարվել, քանի որ ըստ կանոնադրության՝ դատավորների միության նախագահ կարող է ընտրվել այն դատավորը, որը հավաքել է դատավորների ձայների կեսից ավելին, այսինքն՝ առնվազն 116 ձայն: Հիմա լինելու է այս ընտրությունների երկրորդ փուլը: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ընտրությունները ընթացել են բավականին թեժ, դատավորների միջեւ ներքին տարաձայնություններ են առաջացել: Թե կոնկրետ ինչն է պատճառը, մեր աղբյուրներն առայժմ չեն հստակեցնում:
ԾԱՂԿԱՅԻՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ
ՀՀ կառավարությունը պատրաստվում է անցած տարի հիմնադրված «Ավալանժ» ընկերությանն արտոնություն տալ՝ 3 տարով հետաձգելով նրա կողմից ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարումը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը նախատեսում է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում զբաղվել ջերմոցային տնտեսությամբ, որտեղ կաճեցնի բարձրակարգ վարդեր: ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ նշված ընկերության հիմնադիրները հայր եւ որդիներ են՝ Արտակ, Վահագն եւ Գարիկ Խաչատրյանները: Նշենք, որ Հայաստանում ծաղկային ջերմոցներ ունի նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Գողթ գյուղում: