ԴԵԺԱՎՅՈՒ` 5 ՏԱՐԻ ԱՆՑ, 25 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը երեկ սկսեց քննարկել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը, որով պահանջվում է անվավեր ճանաչել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Եթե անկեղծ, ապա ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը վաղուց ի վեր հիշեցնում է ներկայացում, որի ավարտը միանգամայն հայտնի է. անկախ դատարանում ներկայացված փաստերի բովանդակությունից, ՍԴ-ն, միեւնույն է, մերժում է դիմումները, եւ առանց մեկ րոպե անգամ կասկածելու կարող ենք պնդել` նույնը կանի նաեւ այս անգամ: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե քաղաքական ուժը, որը չի ընդունում ընտրությունների արդյունքները, պետք է համակերպվի ստեղծված իրավիճակին ու հրաժարվի ՍԴ դիմելու մտադրությունից, ընդհակառակը, անկախ ՍԴ կայացնելիք որոշումներից՝ այդ քայլին գնալն օգնում է բացահայտել կատարված ապօրինությունները, դրանց մեխանիզմները եւ այսպես շարունակ: Նույնը երեկ եղավ նաեւ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի դեպքում:
Առաջին նիստում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին դիմումի բովանդակությունը: Նիստն ի սկզբանե հարթ չընթացավ. ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե ինքը «դեժավյուի» զգացում ունի, քանի որ 2012թ. էլ Սահմանադրական դատարանում ներկայացնում էր Կոնգրեսի դիմումը ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով: «Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, ընդդիմությունը դիմում է ՍԴ, ամեն անգամ ՍԴ-ն գտնում է, որ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Արդյունքում ժողովուրդը կորցնում է հավատը ընտրական գործընթացների հանդեպ»,- ասաց նա: Սակայն Զուրաբյանի խոսքերը դուր չեկան ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, որը ՍԴ հասցեին քննադատությունը լսելուն պես ընդհատեց. «Սա Ազգային ժողովը չէ, եւ ոչ էլ Ձեր ելույթների ժամն է, որ քաղաքական ելույթ եք ունենում»: Գագիկ Հարությունյանը կոչ արեց խոսել ՍԴ դիմումի էության մասին եւ ներկայացնել այնպիսի փաստարկներ, որոնք կվերաբերեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայացրած որոշմանը: «Այն, ինչ ես ասում եմ, վստահ եղեք, որ վերաբերում է գործին, խնդիրը համակարգային բնույթ է կրում»,- պատասխանեց Զուրաբյանն ու շարունակեց ելույթը՝ հայտարարելով. «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի 2-ին եւ դրան նախորդած ժամանակաշրջանը այլ կերպ անվանել, քան պետականորեն կազմակերպված զանգվածային կեղծարարություն եւ ժողովրդի ազատ կամքի արտահայտման մերժում, հնարավոր չէ: Իշխող կուսակցությունը, օգտագործելով պետական լծակները՝ դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցները, համայնատիրությունները, ընկերությունները, օգտագործելով բանակը, կրիմինալը՝ ստեղծել է ընտրողների նկատմամբ ապօրինաբար ներազդելու համակարգ: Ապրիլի 2-ի գլխավոր յուրահատկությունը քվեարկության գաղտնիության զանգվածաբար խախտումն էր: Բոլորը գիտեն, թե ինչ ճնշումների են ենթարկվում ընտրողները Հայաստանում: Այն, ինչ տեղի է ունեցել ապրիլի 2-ին ու դրան նախորդող ժամանակահատվածում, այլ կերպ անվանել, քան պետականորեն կազմակերպված համատարած ու զանգվածային ընտրակեղծարարություն, հնարավոր չէ: ՀՀԿ-ն խափանել է ժողովրդի կամքի ազատ ձեւավորումը եւ արտահայտումը: Ձեւավորել է Ազգային ժողովի կազմ, որը նախապես նախագծել էր իշխող կուսակցությունը»: Զուրաբյանը կասկածի տակ դրեց ընտրողների մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշը` հաշվի առնելով արտագաղթը: Եւ այս դեպքում ստացվում է, որ ապրիլի 2-ին քվեարկությանը մասնակցել է իրական ընտրողների 96 տոկոսը: «Այսպիսի ցուցանիշը հատուկ չէ ժողովրդավարական երկրներին եւ գրանցվում է միայն բռնապետական երկրներում՝ Հյուսիսային Կորեայում, Թուրքմենստանում, մինչեւ 2003-ի Իրաքում եւ այլն»,- հայտարարեց նա: Իրենց դիմումի մեջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինիքի ներկայացուցիչներն անդրադարձել են ընտրությունների օրը տեղամասերում տեսանկարահանումներին եւ ինտերնետային հեռարձակման խափանման հարցին: «Հստակ պետք է արձանագրվի՝ այս ընտրությունների թափանցիկության, օրինականության գլխավոր երաշխիքներից մեկը՝ տեսախցիկների տեղադրման համակարգը, անհասկանալի եւ մինչեւ այսօր չպարզված հանգամանքներով չի գործել: Այն չի գործել ժամը 7:30-ից մինչեւ մեկը: Տեսախցիկներով վերահսկվող ընտրատեղամասերում ՀՀԿ-ն ավելի շատ ձայներ է ստացել: Առանց տեսախցիկների տեղամասերում ընտրակեղծարարության բոնուսը կազմել է մոտ 9 տոկոս»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` միաժամանակ միջնորդելով ստեղծել հատուկ հանձնախումբ` ստուգելու 1500 ընտրատեղամասի տեսախցիկների ձայնագրությունները, որոնցից յուրաքանչյուրը 30 ժամանոց է:
Դիմումի մեջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը բարձրաձայնել է ընտրակաշառքի բաժանման կամ խոստման դեպքերը: Դաշինքի ներկայացուցիչներից փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, թե նման դեպքեր բացահայտվել են 9 մարզի 12 քաղաքներում եւ 6-ական գյուղական համայնքներում: «Մենք հետագայում կատարել ենք հաշվարկներ այդ տարածքներում կաշառքի ազդեցությունը գնահատելու նպատակով: Մենք թվային տվյալներ ենք դուրս բերել քվեարկությանը մասնակցած անձանց եւ այդ տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը եւ, առհասարակ, ամբողջ իրավական համակարգն անգործության է մատնված եղել: Ահազանգերից եւ որեւէ մեկով արդյունավետ քննություն չի իրականացվել»,- ընդգծեց փաստաբանն ու թվարկեց ընտրակաշառքի դեպքերը` գումար, վառելափայտ, ուսման վարձի նվազեցում, եւ այսպես շարունակ: «Ընտրությունների արդյունքներում կա մեկ օրինաչափություն՝ խախտումներ իրականացրած բոլոր բացահայտված անձանց ճնշող մեծամասնությունը կա՛մ ՀՀԿ-ի վստահված անձինք, կա՛մ ՀՀԿ-ի այլ ներկայացուցիչներ են հանդիսացել»,- ասաց Տիգրան Եգորյանը:
Նշենք, որ ՍԴ-ն «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը քննարկելու եւ որոշումը կայացնելու է 15 օրվա ընթացքում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ ԴԱՍՎԱՐԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Պտղավան գյուղի բնակիչ, Պտղավանի միջնակարգ դպրոցի դասվար, 1969թ. ծնված Արփինե Փաշիկի Թանդարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ տեղական ինքնակառավարման ընտրությունների՝ խոշորացված Այրում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունների ժամանակ, հանդիսանալով թիվ 40 ընտրատարածքի թիվ 40/05 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, ունենալով ընտրացուցակը լրացնելու իրավասություն, գործով չպարզված թեկնածուի օգտին քվեարկելու նպատակով ընտրացուցակում լրացրել է Պտղավան գյուղի մահացած բնակիչ Վասիլի Ղեւոնդովի նույնականացման քարտի տվյալները եւ նրա փոխարեն կատարել քվեարկություն:

Ամուսնացած, բարձրագույն կրթությամբ Արփինե Թանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով (Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթղթեր ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է 2017թ. մարտի 30-ին: Մինչ դատաքննությունը սկսվելը ամբաստանյալ Ա. Թանդարյանը միջնորդել է քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ միջնորդությունը կայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետեւանքները: Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը: Արփինե Թանդարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքներ դատարանը հաշվի է առել այն, որ նա խոստովանել է իր մեղքը եւ անկեղծորեն զղջում է կատարածի համար, նախկինում ոչնչով արատավորված չէ, բնութագրվում է դրական, խնամքին ունի մինչեւ տասնչորս տարեկան մեկ երեխա: Դատարանը համարել է, որ նրա պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:
2017թ. ապրիլի 7-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Արփինե Թանդարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով եւ դատապարտել 500 հազար դրամ տուգանքի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՎՏԱՆԳ ՇՐՋԱՊԱՏԻ ՀԱՄԱՐ
Ապրիլի 22-ին Գյումրիում Դուդկոյի 4 հասցեում գործող «Արգո» խանութի մոտ 102-րդ ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւի՝ առանձնակի դաժանությամբ սպանությունը ցնցեց բոլորին: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Ջ.Ա.-ն: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ կասկածյալը ունեցել է հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ: Մասնավորապես զինվորական ծառայության ընթացքում՝ 2016թ. նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղդում եւ նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նշանակված փորձաքննությունների պատասխանների համաձայն՝ ստեփանավանցի երիտասարդի մոտ հայտնաբերվել են հոգեկան խանգարումներ, ճանաչվել է սահմանափակ մեղսունակ եւ ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ: Պաշտպանության նախարարի հրամանով 2017թ. մարտին նա զորացրվել է: Մեզ հայտնի դարձավ, որ ստեփանավանցի երիտասարդը երբեւէ չի ճանաչել սպանված զինծառայողին, երկար տարիներ ընտանիքի հետ բնակվել է Հունաստանում, իսկ Հայաստան վերջերս են տեղափոխվել: Թե ինչու եւ ինչպես է հայտնվել Գյումրիում, ոչ ոք չգիտի:
Կատարվածը մեկ անգամ եւս փաստում է, որ նման հիվանդները շարունակում են վտանգավոր մնալ մարդկանց համար: Դեռ ամիսներ առաջ Սպիտակում հոգեկան խնդիրներ ունեցող եւ փաստացի Լոռու մարզային հոգեբուժական դիսպանսերում հաշվառված մայրը խեղդամահ էր արել սեփական մանկահասակ երեխաներին, ապա ինքնասպան եղել: Տարիներ առաջ էլ Վանաձորում հոգեկան հիվանդ տղան էր կացնահարելով սպանել հարազատ հորը: Մոտ մեկ տարի առաջ էլ Վանաձորում հոգեկան հիվանդ տղան նույն խնդիրներով տառապող մոր հետ բառացիորեն գերի էր վերցրել հարեւանի մանկահասակ երեխաներին ու սպառնացել սպանել: Այնուհետ պատանդ էր պահել դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկին ու աթոռով մի քանի անգամ հարվածել ոստիկանի գլխին, մինչեւ որ օգնության էին հասել մյուս ոստիկանները: Գալով Գյումրու ողբերգական դեպքին, ինչպես նաեւ համադրելով մյուս դեպքերը, որեւէ մեկը չի կարող հստակ երաշխիք տալ, որ, օրինակ, ռուս զինծառայողի փոխարեն չէր լինի մեկ ուրիշը:
Նշված դեպքերը թերեւս միայն չնչին մասն են կազմում բոլոր այն ողբերգական դեպքերի, որոնք կատարվել են հոգեկան շեղումներ ունեցող անձանց ձեռքով: Հարուցվել են քրեական գործեր, որոնց մի մասը կարճվել է, մի մասով հոգեկան հիվանդներն ուղարկվել են հարկադիր բուժման, մյուս մասով քննությունը դեռ ընթացքի մեջ է: Ու անկախ սահմանվող պատժից, որեւէ զոհի այլեւս հնարավոր չէ հետ բերել, մինչդեռ որեւէ մի կառույց չի կարող երաշխավորել, որ նման ողբերգական դեպքերը այսքանով կավարտվեն:
Հ.Գ Վանաձորում մեկ ամսից ավել է, ինչ որոնվում է Սպիտակ քաղաքի բնակիչ, 29-ամյա Կ. Ա.-ն, ով տանից դուրս է եկել մարտի 13-ին, ու մինչ օրս գտնվելու վայրը անհայտ է: Ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները: Սպիտակցի երիտասարդը եւս հաշվառված է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում:

ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս