ՀՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ քննարկվում է ադրբեջանական խնձորների մուտքը ՀՀ իրացման շուկա: Տարօրինակ է, սակայն, որ առայժմ ադրբեջանական ծագում ունեցող խնձորները հայտնաբերվում են միայն սպառողների կողմից: Իսկ պատկան կառույցները՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու պետական եկամուտների կոմիտեն, շարունակում են ձկան պես լուռ մնալ:

Նշենք, որ երեկ ՀՀ քաղաքացիներից մի քանիսը Երեւանի տարբեր հատվածներում նկատել էին վաճառվող ադրբեջանական խնձորներ եւ համապատասխան լուսանկարներ հրապարակել: Սպառողներից մեկը դրանք հայտնաբերել էր Գ. Հասրաթյան փողոցում՝ նախկին «Շիրակ» հանրախանութի հարեւանությամբ:
Տեղեկացնենք, որ դեռեւս 2013 թվականի հունիսի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանի համաձայն՝ 2009 թվականի սեպտեմբերի 15-ի N 220-Ա հրամանն ուժը կորցրած է ճանաչվել: Ասել է, թե ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի սեպտեմբերի 15-ի «Թուրքական եւ ադրբեջանական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումքի ու մթերքի ՀՀ-ի տարածք ներկրումը ժամանակավորապես արգելելու եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարի՝ 2009 թվականի հունիսի 11-ի N 146-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N220-Ա հրամանը: Ըստ այդմ, այս հրամանը ուժը կորցրած ճանաչելուց հետո անարգել հնարավոր է ՀՀ ներմուծել ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ թուրքական ծագում ունեցող կենդանական եւ բուսական հումք ու մթերք: Ի դեպ, այս հրամանը ստորագրվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կողմից:
Ըստ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի՝ Թուրքիայից եւ Ադրբեջանից ՀՀ ներմուծման մասով պաշտոնապես ոչ մի արգելք չկա: «Բայց մեզ համար սահմանը ռիսկային երկրների է բաժանվում, եւ եթե ներկրվող ապրանքը ունի թուրքական կամ ադրբեջանական ծագում, ապա այն պետք է սահմանի վրա խստագույնս ստուգվի: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ լիազոր մարմինը իրականում հավուր պատշաճի ստուգումներ չի իրականացրել: Ավելին ասեմ, երբ լիազոր մարմինը խոսում է մաքսանենգ ճանապարհով երկիր մտած ապրանքից, մոռանում է նշել մեկ բան, որ նույն սահմանի վրա ինքն էլ տեսուչներ ունի: Խոսքը ՍԱՊԾ-ի մասին է»,- նկատեց Բաբկեն Պիպոյանը: Մասնագետի պնդմամբ՝ եթե մենք ունեցել ենք մաքսանենգ ճանապարհով երկիր ներթափանցած ապրանք, ապա այն իրացման ցանցում պետք է բացահայտի եւ շուկայից դուրս բերի նույն սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: «Երբ իրենք հայտարարություն են անում՝ վայ, գիտեք ինչ կա, մենք ինչ անենք, այս ապրանքը մաքսանենգ ճանապարհով է եկել, հարց է առաջանում՝ ինչու է մտել երկիր: Այս դեպքում, լավ, մենք այս հարցում ձեզ մեղադրանք չենք ներկայացնում, բայց դուք ինչո՞ւ չեք ստուգել: Ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկել: Այդ ապրանքը մեր իրացման ցանցում է, ինչո՞ւ եք թողնում մնա: Բայց տվյալ պարագայում լիազոր մարմինը այնպես է պաշտպանում թուրքական կամ ադրբեջանական ծագմամբ ապրանքը, տպավորություն է՝ ոնց որ ինքը ներմուծած լինի»,- վրդովվեց Պիպոյանը:
Մեր զրուցակիցը բարձրաձայնեց եւս մեկ խնդրի մասին. օրեր շարունակ խոսվում է ՀՀ մուտք գործած ադրբեջանական խնձորների մասին, բայց, միեւնույն է, լիազոր մարմինը այդ աղմուկից հետո շարունակում է անգործության մատնվել: Այսինքն՝ ներքին շուկայում ադրբեջանական խնձորները «հայտնաբերվում են» կրկին սպառողի կողմից: Մինչդեռ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն, պետք է դա հայտնաբերեր: «Ես կարծում եմ, որ ՍԱՊԾ-ն աշխատում է բացառապես հետեւյալ մեխանիզմով. կա հասարակական քննադատություն, ճնշում, ինչն էլ մեղմելու նպատակով վերոնշյալ կառույցը ձեւական մի քանի հայտարարությամբ է հանդես գալիս, որպեսզի հասարակությունը, կոպիտ ասած, շառը քաշի, գնա: Հասարակություն ասելով՝ նկատի ունեմ զանգվածային լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին եւ այլն: Իրականում գործողություններ, որոնք միտված են սննդամթերքի անվտանգության ապահովմանը, չկան: Կա բառացիորեն ոչինչ չասող հայտարարություններ, ընդ որում՝ երբ մենք ուսումնասիրում ենք դրանք, պարզում ենք, որ իրարամերժ են»,- հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Պիպոյանը: Նա ընդգծեց նաեւ, որ արդեն մի քանի օր է, ինչ բարձրաձայնվում է ՀՀ մուտք գործած ադրբեջանական խնձորների մասին, բայց պատկան կառույցները շարունակում են լռել:
«Տեսականորեն հնարավոր է, որ այս ապրանքը եկել է սահմանով կամ մաքսանենգ ճանապարհով: Բայց երկու դեպքում էլ լիազոր մարմինը՝ ՍԱՊԾ-ն, արդեն լռում է, ինչը արդեն խայտառակություն է: Մինչեւ հիմա չգիտենք, թե սա պատշաճ կարգով սահմանո՞վ է եկել, թե՞ ոչ: Չէ՞ որ սահմանին ե՛ւ ՊԵԿ, ե՛ւ ՍԱՊԾ տեսուչներն են կանգնած. եթե այդ խնձորները ներթափանցել են օրինական ճանապարհով, ապա ի՞նչ եք արել: Իսկ եթե մաքսանենգ ճանապարհով ներթափանցած ապրանք եք գտել շուկայում, ապա ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում: Եթե, իհարկե, գտել եք: Դուք իրացման ցանցում տեսնում եք ակնհայտ ադրբեջանական ծագման ապրանք, ինչո՞ւ չեք կասեցնում, ոչնչացնում: Չէ՞ որ ունեք դրա իրավունքը: Իրենք խոսում են անբովանդակ, հույս ունեն, որ մարդիկ մինչեւ վերջ չեն փորձի հասկանալ, թե ինչ է կատարվում»,- նկատեց մասնագետը: Նշենք, որ եթե ապրանքն ունի թուրքական կամ ադրբեջանական ծագում, ապա դրա նկատմամբ պետք է ե՛ւ սահմանային, ե՛ւ լաբորատոր հսկողություն սահմանվի: Բայց ՀՀ մուտք գործած ադրբեջանական խնձորների մասով արդեն մի քանի օր է, ինչ այդպես էլ անհայտ է մնում՝ ՍԱՊԾ-ն պատշաճ ստուգում իրականացրե՞լ է, թե՞ ոչ:
«Խնդիրը ներմուծումը արգելելու մեջ չէ: Թե ով է դրանք բերել ՀՀ, մեծ նշանակություն չունի, բայց որ լիազոր մարմինը գործ չի արել ու բացի հիմար բաներ խոսելուց ուրիշ ոչինչ էլ չի անում, դա ակնհայտ է»,- նկատեց Պիպոյանը:
Հ.Գ. Նշենք, որ երեկ մենք իրացման ցանցում հայտնված ադրբեջանական խնձորների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ե՛ւ ՊԵԿ-ից, ե՛ւ ՍԱՊԾ-ից: Սակայն երկու կառույցներն էլ անհաղորդ մնացին: Այստեղ տեղին է հիշեցնել ՀՀ վարչապետի անցած տարվա նոյեմբերին արած հայտարարությունը. «Ուղղակի շանտղություն է, երբ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետեւում, թե մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»: Ահա թե ինչպես է խիստ վերահսկողություն իրականացնում նրա իսկ կողմից ՍԱՊԾ պետ նշանակված Իշխան Կարապետյանը:
Հ.Գ. 2 Կեսգիշերին մոտ ՍԱՊԾ-ն պարզաբանում տարածեց, որտեղ նշված էր, որ ծառայությունն արգելել է ադրբեջանական ծագման խնձորի վաճառքը, իսկ շրջայցերը շարունակվում են։ Բացի այս՝ պարզաբանման մեջ նշված է նաեւ, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել, եւ ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍԿՍՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների առաջնության արդյունքներով կազմավորվել են այս տարիքային խմբի տղաների եւ աղջիկների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն հունիսի 15-ից 23-ը Տոկիոյում կայանալիք աշխարհի առաջնությանը: Տղաների հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց. «Առաջնությունը ցույց տվեց, որ ծանրորդները մարզվում են: Արդյունքներն այնքան էլ բարձր չէին, սակայն մոտ էին նորմալ համարվելուն: Ուրախալի է, որ մասնակիցների քանակն է ավելացել: Այժմ ուսումնամարզական հավաքներ են նախատեսվում նախ՝ Ուկրաինայում, ապա՝ Աբովյանում եւ Ծաղկաձորում: Հավաքներին հրավիրվելու է ութ ծանրորդ, որոնցից էլ կընտրվեն նրանք, ովքեր կմեկնեն Ճապոնիա: Պլանավորում ենք աշխարհի առաջնությանը մասնակցել 4-5 ծանրորդով»,- տեղեկացրեց մարզիչը: Մելիք Ղուկասյանը նշեց, որ աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը հիմնականում հայտնի է՝ Սիմոն Մարտիրոսյան, Սամվել Գասպարյան, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան: Բայց հավելեց նաեւ, որ եթե հավաքների ժամանակ այլ մարզիկներ էլ համապատասխան կիլոգրամներ բարձրացնեն, հնարավոր է՝ թիմի կազմն ընդլայնվի:




Լրահոս