Արդեն հայտնել ենք, որ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ռազմա-տակտիկական զորավարժություններ են սկսել, որոնց ընթացքում կօգտագործվեն հրետանային տեխնիկա, զրահապատ տրանսպորտային միջոցներ, ականանետեր, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև կմասնակցեն հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Այս և ԱԳ նախարարների հանդիպման մասին ArmLur.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:
-Պարո′ն Բադալյան, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ռազմա-տակտիկական զորավարժություններից հայկական կողմը ինչ կարող է սպասել:
-Միշտ էլ այդ զորավարժությունների ժամանակ Ադրբեջանը կարող է փորձել ինչ-որ լայնածավալ ռազմական գործողություններ իրականացնել, որովհետև եթե անցած տարվա ապրիլի 2-ից առաջ ասեին, որ կարող է լինել չորսօրյա պատերազմ, բնականաբար, դժվար թե մեկը հավատար, որ այդպիսի պատերազմ կարող է լինել: Այդ իսկ պատճառով, դառը փորձը հաշվի առնելով, հայկական կողմը պետք է զգոնություն պահպանի: Բայց ասել, որ այս զորավարժություններին կարող են հետևել լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այս պահի դրությամբ կանխատեսելի չէ: Չենք էլ կարող ասել, թե զորավարժություններից հետո ամեն ինչ խաղաղ կլինի, քանի դեռ ԼՂՀ հարցը լուծված չի:
-Ապրիլի 28-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս հանդիպումից ի՞նչ արդյունքներ կարող ենք սպասել:
-Մոսկվայում կայացավ ԱԳ նախարարների հանդիպումը և դեռևս անհայտ է, թե փակ, վարագույների հետևում ինչի են հասել, մենք չենք կարող ասել: Բայց Ադրբեջանի միշտ էլ ասել է, որ եթե հաջողություններ չունենա, ապա ռազմական ճանապարհով է լուծելու հարցը:
Զորավարժությունները նպաստում են զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, բանակի ցուցանիշների բարձրացմանը:
Արփինե Թովմասյան