ArmLur.am-ը երեկ ներկայացրել է, թե ինչպես է կատարվելու պատգամավորական մանդատների բաշխումը: Այսօր կներկայացնենք, թե ինչ է նախատեսված վեցերորդ գումարման Խորհրդարանի առաջին նիստի օրը:
Ինչպես հայտնի է՝ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18-ին. այդ օրը կառավարությունը վայր կդնի իր լիազորությունները, սակայն կշարունակի աշխատանքը՝ մինչ նոր կառավարության ձևավորումը։
Հետաքրքիր է, որ նոր խորհրդարանն ընդամենն այդ օրն է նիստ գումարելու: Արդեն հաջորդ նիստը կկայանա աշնանային նստաշրջանում: Առաջին նիստում ընտրվելու են ԱԺ նախագահը, ԱԺ նախագահի տեղակալները, հանձնաժողովների նախագահները: Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ երկու փոխնախագահներից մեկը պետք է լինի ԱԺ-ում ամենաշատ թվով ձայներ ստացած ընդդիմադիր կուսակցությունից։
Խորհրդարանը կհաստատի հանձնաժողովների թիվն ու իրավասության շրջանակները, որից հետո Ազգային ժողովի նիստը կավարտվի: Ըստ ԱԺ նոր կանոնակարգի՝ դրանցից մեծամասնության նախագահը կլինի ՀՀԿ-ն, 3-ինը՝ ԲՀԿ-ն, 1-ը ղեկավարելու է «Ելք»-ը, իսկ ՀՅԴ-ն հանձնաժողովի նախագահի պաշտոն չի ունենա: Դոնթի բանաձեւի համաձայն, որով խորհրդարանական ուժերի միջեւ բաժանվում են հանձնաժողովները՝ առաջինը ՀՀԿ-ն է որոշելու, թե որ հանձնաժողովներն է ղեկավարելու, այնուհետեւ ԲՀԿ-ն, վերջում միայն «Ելք»-ը: