
ՀՀ արդարադատության նախարարությունը համաձայնվել է քննարկել Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի մասին հարցը:
«Վալերի Պերմյակովը դատապարված է և՛ հայկական, և՛ ռուսական դատարանի կողմից: Այժմ քննարկվում է նրա պատժի կրման վայրի մասին հարցը»,-«Ինտերֆաքս»-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունում:
Իր հերթին, Պերմյակովի փաստաբան Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ «տեսականորեն Պերմյակովը կարող է տեղափոխվել Ռուսաստան»:
«Կոնկրետ տվյալներ դեռևս չկան: Սակայն կարող է հաշվի առնվել այն հանգամանքը, որ հայկական դատարանի կողմից գործի քննության ժամանակ նա արդեն դատապարտվել էր ռուսական դատարանի կողմից»,-ասել է փաստաբանը:
Ընդ որոմ, ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Պերմյակովին կարող են փոխարինել Ռուսաստանում դատապարված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ: