«ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է, ՀԱՎԱՆԱԲԱՐ ՎԱԽ ՈՒՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանի» կուսակցությունը եւս այս օրերին շրջում է Երեւանի փողոցներում եւ հանրությանը իրազեկում իրենց ծրագրի եւ ընդհանրապես «Երկիր Ծիրանի»-ի մասին, որովհետեւ այս կուսացությունը միայն վերջերս է ստեղծվել է: Սակայն չնայած դրան` Զարուհի Փոստանջյանը հայտարարում է, որ իրենք «գրավելու են» Երեւանի քաղաքապետարանը: Արդյոք դա հնարավոր է. Gallup International Association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ-ի տվյալներով՝ այս կուսակցությունը ընդամենը երրորդ հորիզոնականը կզբաղեցնի: Ինչպե՞ս է Փոստանջյանն արձագանքում այս սոցհարցման տվյալներին, եւ արդյո՞ք երրորդ հորիզոնականում հայտնվելու դեպքում իրենք կմասնակցեն ավագանու նիստերին, թե՞ կբոյկոտեն դրանք: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է:

-Տիկի՛ն Փոստանջյան, Gallup International Association-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ կողմից Երեւանում ապրիլի 12-20-ն ավագանու ընտրությունների վերաբերյալ 1044 քաղաքացիների շրջանում անցկացված հարցման տվյալներով` ավագանու առաջիկա ընտրություններում Տարոն Մարգարյանին պատրաստ է ձայն տալ 61.2 տոկոսը, Նիկոլ Փաշինյանին՝ 11.5 տոկոսը, Ձեզ՝ 3.9 տոկոսը: Ինչպե՞ս եք արձագանքում այս սոցհարցման տվյալներին, որովհետեւ Դուք վստահորեն հայտարարում եք, որ գրավելու եք Երեւանի քաղաքապետարանը:
-Չեմ ուզում անդրադառնալ, որովհետեւ լուրջ չէ, եւ բացի նրանից, որ լուրջ չէ, կարելի է ասել՝ ուղղակի կրիմինալ ինչ-որ կառույց է, որը չգիտեմ՝ ինչ է հրապարակում: Այդ հրապարակումների մասին եթե խոսենք, անիմաստ կլինի, մի բան կարող եմ ասել, որ եթե նա հարցում է անում, ապա գոնե գրանցված կազմակերպության վերաբերյալ պետք է աներ հարցում, մինչդեռ ես չգիտեմ, թե որ օրերին է նա այդ հարցումն անցկացրել, այսքանը կարող եմ ասել:
-Խորհրդարանական ընտրություններից առաջ էլ նրանք հարցումներ անցկացրին, եւ եղավ գրեթե այնպես, ինչպես կանխատեսել էին…
-Կներեք, ես չեմ մտահոգվում, որովհետեւ դա լուրջ չէ, դրա համար չեմ ուզում շարունակել:
-«Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված, Երեւանի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը քաղաքապետի թեկնածուներին բանավեճ անցկացնելու հետաքրքիր տարբերակ է առաջարկել՝ որպես բազմազավակ թեկնածուներ հավաքվեք եւ պատմեք, թե ինչպես եք պահում ձեր բազմաթիվ զավակներին: Այդ առաջարկի մասին ի՞նչ կասեք:
-Նախ բանավեճը պետք է լինի, որովհետեւ եթե մենք ուզում ենք իրոք ունենալ ժողովրդավար համակարգ, ապա բանավեճը ժողովրդավար համակարգի բաղկացուցիչ մասն է: Եթե չկա նման բանավեճ թեկնածուների միջեւ, ապա սա արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանը հեռու է այդպիսի ժողովրդավար համակարգից, դա է նաեւ պատճառը որ ավտոլիտար համակարգի ներկայացուցիչը չի ցանկանում բանավեճի մասնակցել:
-Այսինքն՝ Դուք մշտապես պատրաստ եք քաղաքական բանավեճերին մասնակցե՞լ:
-Քաղաքական բանավեճը պետք է տեղի ունենա սուբարդինացիայի ներքո, հասկանալի է, որ քաղաքապետի թեկնածուները պետք է միմյանց հետ բանավիճեն, բայց հիմա հասկանում ենք, որ դա տեղի չի ունենում, որովհետեւ Տարոն Մարգարյանը խուսափում է, հավանաբար թույլ է իրեն պատկերացնում, վախ ունի, դրա համար էլ չի ցանկանում մասնակցել:
-Տարածված կարծիք կա, որ «Ելք» դաշինքը եւ «Երկիր Ծիրանի»-ի կուսակցությունը ընտրությունների ժամանակ իրարից ձայներ են տանելու: Համամի՞տ եք:
-Մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը, քաղաքական ուղղվածությունը, քաղաքական դիրքորոշումը, որը տարբերվում է «Ելք»-ից, հետեւաբար մենք տարբեր լսարաններ ունենք եւ մենք միմյանց հետ խնդիր չունենք:
-Լրագրողական հարցումների ժամանակ պարզ է դառնում, որ քաղաքացիների մեծամասնությունը «Երկիր Ծիրանի»-ին չի ճանաչում, այլ ճանաչում է Զարուհի Փոստանջյանին: Այս փաստը չի՞ խանգարի ընտրությունների ժամանակ:
-Այնտեղ գրված է «Երկիր Ծիրանի» եւ Զարուհի Փոստանջյան, երկուսն էլ գրված է լինելու:
-Ձեր քարոզարշավը հիմնականում տարբերվում է Ձեր մրցակիցների քարոզարշավներից, Դուք նաեւ հեծանիվներով եք շրջում քաղաքում` այդկերպ հանրությանն իրազեկելով ձեր մասին: Չե՞ք կարծում, որ Ձեր քարոզարշավը պասիվ է:
-Դա Ձեր կարծիքն է, մենք շատ ինտենսիվ քարոզարշավ ենք իրականացնում:
-Տիկի՛ն Փոստանջյան, եթե «Երկիր Ծիրանի»-ին չհաջողվի հաղթել այս ընտրություններում…
-Ձեր հարցը կանխորոշելի է, Դուք սխալվում եք, մենք գրավելու ենք Երեւանի քաղաքապետարանը:
-Իսկ եթե «չգրավեք», կմասնակցե՞ք ավագանու նիստերին, թե՞ որոշել եք այդ դեպքում բոյկոտել:
-Եթե-ի ժամանակ կխոսենք, «եթե» չի լինելու:

 

 

 

ԻՄԻՋԻԱՅԼՈՑ ՔՆՆՈՒՄ ԵՆ «ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ» ԴԱՇԻՆՔԻ ՀԱՅՑԸ

Արդեն երեք օր է՝ Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների ամփոփման մասին ԿԸՀ-ի որոշումներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը:

Դաշինքի լիազոր ներկայացուցիչները երեկ պատասխանում էին պատասխանող կողմի հարցերին։ Հարցերն ուղղում էր ՀՀ գլխավոր դատախազության լիազոր ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը։ Նա, մասնավորապես, հարցրեց, թե ինչո՞ւ մինչ օրս ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների, հանցագործության մասին հաղորդում չեն ներկայացրել դատախազություն: Ի պատասխան՝ դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը նշեց. «Պատճառն այն անվստահությունն է, որ ունենք ձեր ամբողջ համակարգի նկատմամբ: Մենք մի անգամ փորձեցինք սահմանադրական հանրաքվեի ժամանակ համագործակցել դատախազության հետ: Ամեն օր ներկայացնում էինք հաղորդումներ, բայց դրանց ավարտն այն եղավ, որ մենք տեսանք, որ ե՛ւ դատախազությունը, ե՛ւ իրավապահ մարմինները, ե՛ւ դատարանները պարտակեցին այդ բոլոր հանցագործությունները, եւ անգամ այն մարդիկ, որոնք դատարաններում դատապարտվեցին, ի դեպ, շատ ծանր հանցագործությունների համար, մի օր բանտում չանցկացրեցին»:
Դիմումի քննության ժամանակ երեկ ելույթով հանդես եկավ նաեւ պատասխանող կողմը՝ ի դեմս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի:
Վերջինիս խոսքով՝ ներկայացված դիմումում առկա են կամայական մեկնաբանություններ, եւ դրանք իրականության հետ որեւէ աղերս չունեն: Անդրադառնալով դիմումի իրավական հիմնավորումներին՝ Տիգրան Մուկուչյանը այն որակեց ամբողջովին հիմնազուրկ եւ հայտարարեց, որ իրավական հիմնավորումներ չկան: Ըստ ԿԸՀ նախագահի՝ հիմնազուրկ են նաեւ այն պնդումները, որ ծառայողական պարտականություններ կատարելիս անձինք զբաղվել են քարոզչությամբ:
Սահմանադրական դատարանի կողմից հայցը քննելու ընթացքից իսկ արդեն հասկանալի է դառնում, թե ինչ հանգուցալուծում է ունենալու այս գործընթացը: Դատավորներն ի միջայլոց, առանց համակ ուշադրության են հետեւում գործի ընթացքին, տպավորությունն այնպիսին է, որ ընդամենը ապահովում են իրենց ֆիզիկական ներկայությունը:
Ինչեւէ: Երբ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը դիմեց ՍԴ, եւ այդպիսով հետաձգվեց նաեւ նոր ձեւավորվող խորհրդարանի առաջին նիստի օրը, տեսակետներ հնչեցին, որ դաշինքը այդպես լավություն արեց նաեւ իշխանություններին՝ անուղղակի կերպով հնարավորություն տալով նոր ԱԺ-ում մանդատների եւ պաշտոնների բաշխման գործընթացն ավելի լավ հաշվարկել: Սակայն կարծես կուսակցությունների ներքաղաքական «ռազմագորկաներն» արդեն հանգուցալուծվել են: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել, որ Սահմանադրական դատարանը ամեն կերպ փորձում է որոշումը շուտ կայացնել, որպեսզի անմիջապես սահմանվի նոր ԱԺ-ի առաջին նիստի օրը: Ինչո՞ւ ավելորդ ձգձգեն, երբ արդեն իսկ ստացել են իշխանության վերին էշելոնների վճիռը:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿԱ» ԱՐՇԱՎԸ
Երեւանի ավագնու ընտրություններին մասնակցող Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցության երեկվա քարոզարշավին հետաքրքիր դեպք պատահեց: Կուսակցության ներկայացուցիչները բարձրախոսով իրենց քաղաքական ուժի անունից ողջույներ էին հղում հանրությանը, երբ Ֆրանսիայի հրապարակի մոտ հանդիպեցին փողոցում նվագող երաժիշտների: Կուսակցության ներկայացուցիչներին ոգեւորեց այդ փաստը, մի քանի դրամ տվեցին երաժիշտներին, որից հետո նրանք հատուկ Զարուհի Փոստանջյանի համար սկսեցին նվագել «Երեւանի սիրուն աղջիկ» երգը: Դրանից կուսակցապետն ավելի շոյվեց եւ ոգեւորված հայտարարեց. «Սա նվիրվում է «Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց»:

 

 

ՍՊԱՐՏԱԿԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Քննչական կոմիտեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խարդախների հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի դեմ հարուցված հերթական քրեական գործն է ուղարկել դատարան. այս անգամ Ս. Դանիելյանը մեղադրվում է կալանավայրից 48 դրվագներով տարբեր, այդ թվում` առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ նա կալանավայրից հեռախոսով քաղաքացիների վստահությունը չարաշահելով հափշտակել է տարբեր իրեր: Իսկ դրսում նրան օգնել են Երեւանի բնակիչ Ռազմիկ Արզունյանն ու մի շարք` քրեական գործով դեռեւս չբացահայտված անձինք, որոնք նաեւ իրացրել են հափշտակված ապրանքները: Այժմ Ռ. Արզունյանը կալանքի տակ է ու այս գործով անցնում է որպես մեղադրյալ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ քրեական գործը դատարան է ուղարկվել ապրիլի 25-ին, գործով դատավոր է նշանակվել Մնացական Մարտիրոսյանը:
Մինչ այդ նկատենք, որ սա Դանիելյանի կողմից կալանավայրից խարդախության հերթական քրեական գործն է. նախկինում էլ նա դատապարտվել էր կրկին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 25 դրվագներով խարդախությամբ հափշտակություն անելու համար, եւ այն ժամանակ եւս դատավորը եղել է Մնացական Մարտիրոսյանը: 2016թ. դեկտեմբերի 14-ի դատավճռով Ս. Դանիելյանը դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման: Իրավաբանների կարծիքով՝ այս քրեական գործով Դանիելյանին սպառնում է 25-30 տարվա ազատազրկում /գումարած նախորդ դատավճիռներով սահմանված պատժաչափը/:
Բայց այդ պատիժները չեն խանգարում, որ Ս. Դանիելյանը կալանավայրում գտնվելու ընթացքում տարիներ շարունակ հեռախոսով կարողանա անարգել ավելի քան 70 դրվագով մարդկանց խաբել, իրեր գնել ու գումարները չտալ: Եւ չնայած բողոքներին, հարուցված քրեական գործերին՝ մինչ օրս չեն պատժվել բանտի այն աշխատակիցները, որոնք հավանաբար գումարի դիմաց հեռախոս են մատակարարել հայտնի խարդախին՝ ըստ էության, նպաստելով նրա կողմից հանցագործությունների ազատ իրագործմանը:
Նշենք նաեւ, որ Դանիելյանն այժմ գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում, սակայն «Նուբարաշեն»-ում արդեն ստեղծել է հանցավոր խմբավորում, որի անդամներն այս օրերին էլ զբաղված են խարդախություններով:




Լրահոս