ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին Արցախյան հիմնախնդիրն է: Այս հարցը ժամանակավորապես երկրորդ պլան էր մղվել այն բանից հետո, երբ սիրիական ճգնաժամում խորացավ լարվածությունը: Ապրիլի 7-ին ԱՄՆ-ը ռմբակոծեց Սիրիայի Շայրաթ ռազմաբազան՝ այդպես հարուցելով ՌԴ լուրջ դժգոհությունը եւ նպաստելով ճգնաժամում լարվածության խորացմանը: Այսօր, սակայն, կարելի է ասել` իրավիճակը մասամբ հարթվել է: Եվ Սիրիայի ճգնաժամում իրավիճակը հանդարտվելուց հետո ՌԴ-ն, որ տեւական ժամանակ արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացում իր ձեռքն է վերցրել նախաձեռնությունը, փորձում է արագացնել այն, եւ այս օրերին ականատեսն ենք լինելու գործնական քայլերի: Ընդ որում, տեսակետ կա, որ Սիրիայի դեպքերը նոր թափ են հաղորդել արցախյան հիմնահարցը հնարավորինս արագ կարգավորելու ռուսական ծրագրին:

Պատահական չէ, որ վաղը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը. հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է հանդիմանը մասնակցելու մասին: Ենթադրվում է` Մոսվկայում ԱԳ նախարարները քննարկելու եւ պայմանավորվածություններ են ձեռք բերելու Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հետագա հանդիպման կազմակերպման հարցում. հանդիպում, որի անհրաժեշտության մասին խոսվում էր տեւական ժամանակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել Մյունխենում` այս տարվա փետրվարին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Այդ օրերին զուգահեռաբար Փարիզ եւ Մոսկվա էին մեկնել նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Բայց, հավանաբար, նաեւ հայաստանյան խորհրդարանական ընտրությունների պատճառով նրանց հանդիպումը հետաձգվել էր մինչեւ ապրիլ:
Մինչ այդ, երեկ Մոսկվայում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսին Սերգեյ Լավրովը խոսել է ԼՂ խնդրի մասին: «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ձգտումը` օժանդակել Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը: Նաեւ ականատեսն ենք Անդրկովկասում անվտանգության եւ կայունության պահպանմանն ուղղված ժնեւյան բանավեճին ԵԱՀԿ դրական մասնակցությանը: Այդ բոլոր ուղղություններում կարգավորման ճանապարհին բավական լուրջ խոչընդոտներ են առկա: Այնուհանդերձ, կարգավորման գործընթացներում ներգրավված բոլոր արտաքին խաղացողները հակված են պայմաններ ստեղծել` հակամարտություններում անմիջականորեն ներգրավված կողմերի միջեւ փոխզիջումների որոնման համար»,- ասել է նա: Հատկանշական է այն հանգամանքը, որ չնայած սիրիական խնդրում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջեւ տարաձայնություններին, արցախյան հիմնախնդրում նրանք կարծես թե միակարծիք են. համենայն դեպս, այդ մասին են վկայում մինչ այս հնչած հայտարարությունները, նաեւ Լավրովի երեկվա խոսքերը հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված արտաքին խաղացողների վերաբերյալ:
Ուշագրավ է փաստը, որ սրան զուգահեռ երեկ Հայաստանում էր Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, որը հանդիպել է Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկումների հիմնական թեման էլ եղել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նալբանդյան-Զալբերի հանդիպման ժամանակ խոսվել է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի մասին, շեշտվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե իրենք պատրաստ են առարկայական բանակցություններին, եւ եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: «Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի ձեռքբերման համար պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը քննարկված քայլերն ու ծրագիրը
Միայն թե, նկատենք, որ այս հարցում ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, ազնիվ չէ. չէ՞ որ հենց իրենք են խոչընդոտում հայ-ադրբեջանական սահմանին մշտադիտարկման սարքերի տեղադրման գործընթացին եւ հենց իրենք են խուսափել նախորդ տարի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ընդունված պայմանավորվածությունները կատարելուց:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ՉԷ
«Միասնություն» շարժումը չի պատրաստվում Երեւանի ավագանու ընտրություններին սատարել որեւէ մեկին. այդ մասին մեզ հետ զրույցում ասաց այդ շարժման ղեկավար Արման Վարդանյանը: Ինչպես հայտնի է՝ դեռեւս ամիսներ առաջ «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Վարդանյանը Երեւանի ավագանու ընտրություններում կգլխավորի իրենց համամասնական ցուցակը, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, դաշինքը որոշեց չմասնակցել ընտրություններին: «Իհարկե, ոչ, ինչի՞ց հիասթափվենք: Խնդիրը ավելի խորքային եւ ավելի վաղուց էր: Ինձ եղել էր առաջարկ, որի մասով ես հրապարակային մամուլում կամ ներքին շրջանառության լսարաններում չեմ արտահայտվել, որ ես ընդունել եմ այդ առաջարկը, առաջին համարը լինելու, այդ առաջարկը եղել է «Ծառուկյան» դաշինքի անունից, ես օֆիցիալ պատասխան չեմ տվել: Եկել է ժամանակը, ես արտահայտել եմ իմ կարծիքը, դաշինքն՝ իր, եւ ունեցել ենք այն, ինչ ունենք, դաշինքը չի մասնակցել, իսկ «Միասնություն»-ը առանձին ցանկություն չի ունեցել մասնակցելու»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Իսկ դիտարկմանը, թե արդյո՞ք դրանից հետո չեն լարվել իրենց եւ դաշինքի հարաբերությունները, Վարդանյանը պատասխանեց. «Իմ հարաբերությունները դաշինքի ղեկավարի հետ միշտ եղել են անձնական: Մեր հարաբերությունները շատ դրական են»:

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ
Տարոն Մարգարյանը երեկ Երեւանի ավագանու հերթական նիստում հավանության է արժանացրել երեք կազմակերպությունների հողի եւ գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ որոշման նախագծերին: Այսպես՝ արտոնություն ստացել է «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ն, Հայաստանում Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության մասնաճյուղը եւ «Հայաստան» մարզական ՀԿ-ն: Ուշագրավն այն է, որ պարոն Տարոն Մարգարյանն այս արտոնությունները շնորհում է նախընտրական շրջանում, ասել է, թե օգտագործելով վարչական լծակները՝ անուղղակի ընտրակաշառք է բաժանում: Համաձայնեք՝ եթե այս արտոնությունները քաղաքապետարանը շնորհեր ընտրություններից հետո, ապա ավելի արդարացի կլիներ:

 

 

 

ՄԻԱԿԸ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ
2015թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը արձանագրված ընտրախախտումներից միայն մեկ գործ է բողոքարկվել վարչական դատարան, այն էլ բողոքարկողը եղել է տուժող կողմը: Բանն այն է, որ Քանաքեռ ՀԷԿ-ում տեղակայված 4/01 տեղամասում ՀՀԿ-ական Վարդան Հակոբյանը բռնություն է գործադրել «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտորդ Ռոմիկ Դանիալի նկատմամբ: ՀՀԿ-ականը ազատազրկման էր դատապարտվել 2 տարի ժամկետով, սակայն նշանակվել էր փորձաշրջան ու չէր կալանավորվել: Եւ, ահա, 2017թ. փետրվարին տուժողը բողոքարկել է, վերաքննիչ դատարանն այն չի քննել ժամկետանց լինելու պատճառով:

 

 
ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎՐԱ
«Ելք» դաշինքի քարոզարշավը երեկ անցել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավտոտնակների տանիքների վրա: «Չհուսահատվե՛ք, ժողովուրդ ջա՛ն, որովհետեւ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելից, մահվան լիֆտերից, փոշու եւ աղբի ամպերից ելք կա»,- դիմելով բնակիչներին՝ բարձրախոսով հայտարարել է Փաշինյանը:
 

ԵՎՍ ՄԵԿ ՓՈՐՁ
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից սենատոր Ռոբերտ Մենենդեսը Սենատին է ներկայացրել նոր փաստաթուղթ, որը ճանաչում եւ դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից հայերի Ցեղասպանությունը, փոխանցում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեն: Բանաձեւի համահեղինականերն են սենատորներ Թեդ Քրուզը, Էդ Մարկին եւ Թոմ Յուդալը: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես եւ նախկին նախագահ Բարաք Օբաման, իր ելույթում չօգտագործեց ցեղասպանություն եզրույթը՝ այդ իրադարձություններն անվանելով «Մեծ եղեռն»:

 

 

ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ
Բրյուսելում երեկ Եվրամիության երկրների դեսպանները հաստատել են Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացումը: Սա կարեւոր քայլ է համարվում, որին հաջորդելու է Եվրամիության նախարարների որոշումը: Ակնկալվում է, որ դա տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ մայիսի 17-ին Ստրասբուրգում կկայանա համաձայնագրի ստորագրման արարողությունը: Եվրամիության դիվանագետները «Ազատությանը» ասել են, թե հավանաբար հունիսի կեսերից Ուկրաինայի քաղաքացիները առանց վիզայի կարող են ճամփորդել ԵՄ երկրներ:

 

 

ՈՂՋՈՒՆԵԼ Է
«Չեխիայի Պատգամավորների պալատի բանաձեւը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»,-Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հայտարարել է նախարար Էդվարդ Նալբանդյանը։

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ
Հայաստանի տարածքում ապրիլի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-30-ը` երեկոյան ժամերին, հյուսիսային առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երեւանում ապրիլի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս