Լուսանկարներում երեւացող էտված ծառերը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցում են: Ու որքան էլ տարօրինակ է, խորը էտված ծառերը ո՛չ բնապահպանների, ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցների, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ուշադրությանը չարժանացան:
Նկատենք, որ այս ծառերը եւս էտվել են բավականին խորը, եւ տպավորություն է, որ այլեւս չեն աճելու: Ճիշտ այնպես, ինչպես Դավիթաշենում (տե՛ս լուսանկարը) էտված
ծառերը, որոնք դարձան համայն հայության քննարկման առարկան: Ե՛ւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ե՛ւ նրա կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը հարկ համարեցին անդրադառնալ եւ վանդալիզմ որակել խորը էտված ծառերի նկատմամբ վերաբերմունքը:
Մինչդեռ իրականում ե՛ւ Դավիթաշենի, ե՛ւ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող խորը էտված այս ծառերն աճելու են, եւ անհարկի աղմուկը պարզապես հիմնավորում է այն կարծիքը, որ Տարոն Մարգարյանը նախընտրական շոու էր բեմադրում՝ Դավիթաշենի էտված ծառերի համար նիստ հրավիրելով: Իսկ եթե շոու չէր, ապա պետք է նույն դեմքի խրոխտ արտահայտությամբ նա նույնաբովանդակ ելույթ ունենա նաեւ այս ծառերի մասին: Բայց քանի որ չի արել, նշանակում է` նրա մոտ շոուն ավելի լավ է ստացվում, քան աշխատելը:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Դավթաշեն 36/2 հասցեի մոտ հայտնաբերվել եւ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1966թ. ծնված Ալեքսան Սամսոնյանը՝ հիմնավորմամբ, թե նա կտրել է 23 բարդի տեսակի ծառեր: Տարիներ շարունակ այդ ծառերը մշակած ու այս անգամ էլ խորը էտած Ալեքսան Սամսոնյանն այժմ գտնվում է անազատության մեջ: Ծառերի հատման վնասն էլ բնապահպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը հաշվարկել են շուրջ 2 մլն դրամ: Մինչդեռ քաղաքացին իր կողմից տնկած ծառերն ընդամենը խորը էտել է, որը շուտով կաճի:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՊԵԿ-Ը ՆՈՐ Է ԹՄԲԻՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ, ԻՍԿ ՍԱՊԾ-Ն ԹԵՐԱՆՈՒՄ Է
Օրեր առաջ ՀՀ ներքին շուկա մուտք գործած ադրբեջանական խնձորների շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում: Բանն այն է, որ երեկ՝ կեսգիշերին մոտ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտարարեց, որ իրենք շրջայց են իրականացրել շուկայում, խանութներում, ոչնչացրել են ադրբեջանական խնձորները եւ արգելել են դրանց վաճառքը: Եւ չնայած սրան` ՍԱՊԾ հայտարարության հենց հաջորդ օրը ադրբեջանական խնձորները կրկին հայտնաբերվել են սպառողների կողմից:
Երեկ սննդամթերքի անվտանգության մասնագետ Դավիթ Պիպոյանը մի տեսանյութ տարածեց, որտեղ երեւում է, թե ինչպես է ինքը Գումի շուկայում գնում ադրբեջանական ծագման խնձոր, որի մեկ կիլոգրամն արժի 1200 դրամ: Պիպոյանի հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ, իսկապես, ՍԱՊԾ մասնագետները պարզապես չեն աշխատել եւ թերի են իրականացրել վերահսկողությունը իրացման ցանցում:
Ի դեպ, ՍԱՊԾ-ն հայտարարել էր նաեւ, որ ադրբեջանական ծագման խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել եւ միաժամանակ քաղաքացիներին հորդորել չօգտվել դրանցից: Ստացվում է, որ ադրբեջանական ծագման խնձորները ՀՀ սահմանն անցել են մաքսանենգ ճանապարհով:
Բացի այս, երեկ օրվա ընթացքում, ի վերջո, իր գոյության մասին հիշեցնել տվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Մոտ մեկ շաբաթ է, ինչ հանրության շրջանում եւ լրատվամիջոցներով բարձրաձայնվում է ՀՀ մուտք գործած, իրացման ցանցում վաճառվող ադրբեջանական խնձորների մասին, բայց ՊԵԿ-ը նոր է թմբիրից դուրս եկել:
Եւ չնայած սրան՝ ՊԵԿ-ն այս պահին խնձորի մաքսանենգության փաստի վերաբերյալ տեղեկություն չունի, ինչի արդյունքում նախաձեռնել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի մանրամասները ճշտելու նպատակով: Բացի այս՝ ՊԵԿ-ը իր հայտարարության մեջ նշել է նաեւ, որ ՀՀ օրենսդրությամբ՝ հանրապետության տարածք անձնական օգտագործման համար թույլատրված քանակով մինչեւ 50 կգ խնձորի եւ այլ պտուղ-բանջարեղենի ներկրումն անգամ իրականացվում է խիստ հսկողության տակ:
Այս դեպքում հարց է առաջանում` որտեղ էին ՀՀ սահմանին կանգնած ՊԵԿ եւ ՍԱՊԾ տեսուչները, երբ ադրբեջանական խնձորը մտավ ՀՀ: Գուցե՞ քնած էին: Հուսանք ՀՀ կառավարության այսօրվա նիստին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ադրբեջանական խնձորների՝ ՀՀ մուտքի մասին խնդիրը կբարձրաձայնի եւ պատկան կառույցների ղեկավարներից բացատրություն կպահանջի:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՔԱՐՈՒՔԱՆԴ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ
Տավուշի մարզի ավտոճանապարհներին ամեն օր կարելի է տեսնել մի քանի տասնյակ «Կամազ» մակնիշի բեռնված ավտոմեքենաներ: Դրանք Զոդի ոսկու հանքերից ոսկու խտանյութը Ալավերդի են հասցնում:
Տավուշի մարզի բնակիչները տարակուսած են, թե ինչո՞ւ ոսկու խտանյութը ավելի մեծ բեռնատարողությամբ ավտոմեքենաներով չեն տեղափոխում, այդ դեպքում տրանսպորտային ծախսերն ավելի քիչ կլինեին: Նկատենք, սակայն, որ Տավուշի մարզի ավտոճանապարհները շատ վատ վիճակում են:
Ներկայումս Դիլիջան-Իջեւան եւ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի առանձին հատվածներում ճանապարհաշինարարները ասֆալտով լցնում են ճանապարհին առկա փոսերը: Սակայն դրանից խնդիրը չի լուծվում: Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մաս կազմող Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ, 11 կմ երկարությամբ ավտոճանապարհի ծածկը ճկված է, ձեւախեղված, մեծ փոսեր կան: Այդ ճանապարհը հնարավոր չէ փոսային նորոգումներով կարգի բերել, այն հիմնանորոգման կարիք ունի:
Մեծ քաշով բեռներ տեղափոխող մեքենաները ճանապարհի ծածկի վրա ճնշում գործադրելով` այն ավելի են շարքից հանում: Զոդի հանքից ոսկու խտանյութը Ալավերդի կարելի է տեղափոխել երկաթուղիով: Սակայն այդ գործը ձեռնարկողները գերադասում են խտանյութը ավտոճանապարհով ավելի արագ տեղափոխել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ