«ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ԷԼ ԱՐԺԱՆԱՑՆԵՆՔ «ԱՎՐՈՐԱՅԻ»»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձան «Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա հավակնորդների անունները: Մոտ 250 թեկնածուներից ընտրվել են հինգը` Ֆարթուն Ադանը եւ Իլվադ Էլմանը, ովքեր Սոմալիում խնամում են երեխա-զինվորականներին եւ մարդասիրական կազմակերպություն են հիմնադրել, Ջամիլա Աֆղանին, ով Աֆղանստանում զբաղվում է կանանց եւ աղջիկների կրթության խնդիրներով, Մուհամադ Դարվիշը՝ սիրիացի բժիշկ, Դենիս Մուկվեգեն, ով օգնում է պատերազմի ժամանակ բռնաբարված կանանց, եւ բժիշկ Թոմ Քաթինան, ով Սուդանի լեռներում աշխատող միակ վիրաբույժն է, որն ամեն օր սպասարկում է հարյուրավոր հիվանդների: Նշենք, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիրը հայտնի կդառնա մայիսի 28-ին:

ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեմմա Բառնասյանը, գնահատելով «Ավրորա» մարդասիրական մրցանակի համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի եւ Նուբար Աֆեյանի ջանքերը, վերջիններիս առաջարկում է մրցանակի հավակնորդների ցանկում ներառել նաեւ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բանագետ, ժողովրդագետ, բանահավաք, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանին:
«Գովելի այդ մրցանակաբաշխության մեջ առկա է մի շա՜տ մեծ բացթողում… Աշխարհով մեկ ցրելով մրցանակաբաշխության ֆոնդը՝ կարելի էր, չէ՞, մի փոքր էլ մեր բյուրավոր հոգսերին ուղղորդեինք այն։ Ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը 60 երկարուձիգ տարիներ մեկիկ-մեկիկ գտել ու գրառել է ցեղասպանությունից վերապրածների հուշերը՝ զոհաբերելով իր առողջությունն ու սուղ նյութական միջոցները։ Ինչո՞ւ այդպիսի հսկայածավալ աշխատանքը պիտի լինի այդ հզոր կամքի տեր հայուհու խղճուկ աշխատավարձի ու թոշակի հաշվին։ Թե՞ այլոց պես նա էլ պիտի ճչա ու գոռա՝ ի ցույց դնելով իր հերոսական աշխատանքը։ Նա 80 անց է ու դեռ շարունակում է իր տիտանական ջանքերը՝ համալրելու իր կուտակած հազարավոր վկայություններից կազմված հատորները, որոնք մեծ դժվարությամբ տասնյակ լեզուներով են թարգմանվել մի կերպ հայթայթված նվիրատվություններով։ Ու՞ր է մեր արժանապատվությունը։ Այդ հսկա հատորները պիտի աշխարհին պատմեն Հայոց ցեղասպանության մասին՝ մոտեցնելով համաշխարհային հանրության կողմից ճանաչման եւ հայոց պահանջատիրությանը արդարացի լուծում տալու խնդիրը։ Ինչպես միշտ, մենք ավելի շատ ուզում ենք նախապատվությունը տալ օտարներին»,-կարծում է տիկին Բառնասյանը:
«Ժողովուրդ»-ի այն դիտարկմանը, որ «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվում է նրան, ով օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով, եւ որ մրցանակը ստեղծվել է` խրախուսելու համար այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում, տիկին Բառնասյանը պատասխանեց. «100-ամյա վաղեմության հուշեր փրկելը մարդկանց փրկելուն չի զիջում, հատկապես մեզ նման պահանջատիրական հարցեր արծարծող ազգի համար։ Տիկին Սվազլյանը մի երկրից մյուսը տեղափոխվելու եւ ցեղասպանությունը վերապրածներին գտնելու համար միջոցներ չի ունեցել եւ նույնիսկ վաճառել է իր ամուսնական մատանին: Մի խոսքով` այս կինն իր ամբողջ կյանքը նվիրել է ցեղասպանությունը վերապրածների հուշերը փրկելուն: Գովելի է, երբ գնահատում ենք օտարների ջանքերը, բայց կցանկանամ, որ մեր հերոսներին էլ տեսնենք»:
Ու թեեւ տիկին Բառնասյանի առաջարկն այս տարվա համար փոքր-ինչ ուշացած էր, հայ հանրության շրջանում արդեն սկսվել են քննարկումներ` թեման զարգացնելու շուրջ:
Հավելենք, որ «Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Մրցանակի դափնեկիրը ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

 

 

 
ԴՈՐՆԸ` ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ուկրաինացի երգիչ, դի-ջեյ, հաղորդավար Իվան Դորնը հունիսի 3-ին բացօթյա համերգով հանդես կգա Երեւանում: Սա կլինի Դորնի առաջին համերգային այցը Հայաստան:

«Ժողովուրդ»-ը համերգի կազմակերպիչ «Մեցցո» փրոդաքշնի վաճառքի բաժնի ղեկավար Անի Պապանյանից հետաքրքրվեց` ինչով է պայմանավորված արտիստի ընտրությունը. «Հատկապես 2013-ից ի վեր` հայ հանրության շրջանում միշտ էլ Դորնի հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել: Նույնիսկ սոցցանցերում նրա անունով ֆան-էջեր են բացվել, որոնց միջոցով երկրպագուները պահանջել են Դորնին հրավիրել Երեւան: Մենք էլ որոշեցինք բավարարել նրանց ցանկությունը»,-տեղեկացրեց փրոդաքշնի ներկայացուցիչը` հավելելով, որ կախված հայ հանրության ընդունելությունից` չի բացառվում, որ Դորնը հետագայում կրկին համերգային այց կատարի մեր երկիր:
Ուշագրավ է, որ համերգի տոմսերն արժեն 7000 դրամ, եւ որքան միջոցառումը մոտենա, տոմսերի գինը կաճի` հասնելով մինչեւ 12 հազար դրամի: Մեր այն դիտարկմանը, թե մեկնարկային գինը բավական բարձր է, Ա. Պապանյանը պատասխանեց. «Գինը պայմանավորված է նախագծի բյուջեով: Ի դեպ, նշեմ, որ խոսքը մուտքի տոմսի մասին է, այսինքն` նստատեղեր չեն լինելու»:
Մենք հետաքրքրվեցինք` Երեւանում հնարավոր է արդյոք ապահովել Դորնի համերգի համար անհրաժեշտ տեխնիկան. «Երգիչը տեխնիկայի մի մասը կբերի իր հետ, մյուս մասը մենք կտրամադրենք»,-ասաց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ Դորնը բավական պատասխանատու եւ հետաքրքիր մարդ է, եւ ինքն էլ ոգեւորված է սպասվելիք երեւանյան համերգով: Իսկ հարցին, թե արդյոք հունիսի 3-ին կհնչեն պրեմիերաներ, փրոդաքշնի ներկայացուցիչը պատասխանեց. «Անպայման: Բացի հանրությանը ծանոթ սիրված երգերից` կներկայացվեն նաեւ նոր գործեր: Առհասարակ, մենք խոստանում ենք ինտերակտիվ համերգ, որի ընթացքում կլինեն բազում անակնկալներ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Լեգենդար երգիչ Էլթոն Ջոնը մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում է անցկացրել հազվագյուտ վարակիչ հիվանդության հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: Նշվում է, որ Ջոնը հիվանդացել է Հարավային Ամերիկայից Միացյալ Թագավորություն թռիչքի ընթացքում: «Վարակի տեսակը հազվագյուտ է եւ ճակատագրական»,-ասել է երգչի ներկայացուցիչը: Հիվանդության պատճառով 70-ամյա Էլթոն Ջոնը չեղարկել է ապրիլ-մայիս ամիսներին նախատեսված բոլոր համերգները:

 

 

 

ԱՌՑԱՆՑ ՎԱՃԱՌՔՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Արվեստի գործերի առցանց վաճառքների ծավալը 2016 թվականին աճել է 15 տոկոսով եւ կազմել է 3,75 մլրդ դոլար: Այդ մասին փոխանցում է «Արմենպրես»-ը: Այսպիսով` արվեստի գործերի շուկայում առցանց վաճառքների բաժինը մեկ տարի առաջվա 7,4 տոկոսից աճել է մինչեւ 8,4 տոկոս: Աշխարհի խոշորագույն աճուրդային տները` Sotheby՚s¬ը, Christie՚s¬ը եւ Heritage Auction-ը, անցյալ տարի իրենց առցանց խանութների միջոցով վաճառել են 720 մլն դոլար գումարի արվեստի ստեղծագործություններ: Sotheby՚s-ը վաճառքների աճ է գրանցել 84 տոկոսով: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ հավաքորդները դեռեւս զգուշանում են առանձնապես թանկարժեք առարկաներ ձեռք բերել համացանցի միջոցով. գործարքների ճնշող մեծամասնության գումարը չի գերազանցում 5 հազար դոլարը: Փորձագետների գնահատումներով` ինտերնետ-խանութների միջոցով նկարների, քանդակների եւ այլ ստեղծագործությունների վաճառքները կարող են 9,14 մլրդ դոլարի հասնել արդեն չորս տարի հետո:

 

 

ԿԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է
Կիեւը լիովին պատրաստ է «Եվրատեսիլ¬2017» երգի մրցույթի անցկացմանը: Այդ մասին հայտարարել է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի փոխնախագահ Ալեքսեյ Ռեզնիկովը: Նա նշել է, որ Կիեւում մետրոյի «Լեւոբերեժնայա» կայարանի շրջանում, որտեղ կկայանա մրցույթը, ենթակառուցվածք է պատրաստվում սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Նաեւ կանաչապատվում է տարածքը, փոխվում է լուսավորությունը: Կիեւի իշխանությունները խոստանում են, որ մրցույթի անցկացումը չի խանգարի այն շենքերի բնակիչներին, որոնք գտնվում են մոտակայքում:




Լրահոս