ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է «Բուկինիստ» խանութում

«Բուկինիստ» գրախանութի դռան վրա գրված է. «Տարածքը վերահսկվում է տեսախցիկներով», ապա ավելացրել են` «Գրքի գողը ԳՈՂ» է արտահայտությունը: Փաստորեն, գրախանութի աշխատակիցները, գրքագողերից հոգնած, եկել են այն եզրակացության, որ «գրքի գողը գող չէ» արտահայտությունը այլեւս ժամանակավրեպ է:

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ սեփականաշնորհված տնամերձ հողատարածք Կոտայքի մարզում: Շուրջ 10 տարի նշված տարածքի սեփականատերն եմ: Այս ընթացքում կառուցել եմ 2 փոքրիկ շինություն: Քանի որ հողամասս տնամերձի կարգավիճակ ունի, գիտեմ, որ շինություն կառուցելու իրավունք ունեմ: Սակայն տարածքը ձեռք բերելիս տրված սեփականաշնորհման վկայականում բնականաբար դրանք ընդգրկված չեն: Ուզում եմ իմանալ` ի՞նչ է պետք շինությունները հողամասի հատակագծում ընդգրկելու եւ դրանց գոյությունը փաստաթղթերում օրինականացնելու համար: Խնդրում եմ նշել նաեւ ժամկետներ եւ վճարվելիք գումարի չափեր:

Լարիսա Մանուկյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մանուկյանի կողմից գրությամբ բարձրացված հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ, որով հաստատված կարգի պահանջների համաձայն` քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերում (տնամերձ, այգեգործական, ինչպեu նաեւ անհատական բնակելի տան կառուցման եւ uպաuարկման համար հողամաuեր) գտնվող` ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (անկախ դրանց ավարտվածության աստիճանից) շենքերը, շինությունները կարող են ճանաչվել օրինական, եթե դրանք բավարարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով եւ նշված կարգով սահմանված օրինականացման պայմանները:
Նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի պահանջների համաձայն ինքնակամ կառույցներն օրինական են ճանաչվում համայնքների ղեկավարների կողմից, հետեւաբար գրությամբ նշված հողամասի վրա ինքնակամ կառույցների օրինականացման համար քաղաքացին վերը նշված կարգի պահանջների համաձայն` սահմանված կարգով կարող է դիմել համապատասխան համայնքի ղեկավարին (ըստ գույքի գտնվելու վայրի):
Ինչ վերաբերում է պետական գրանցման համար նախատեսված վճարներին եւ ժամկետներին, ապա հայտնվում է, որ իրավունքների պետական գրանցման ժամկետները եւ պետական գրանցման համար նախատեսված վճարները սահմանված են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 73-րդ, 74-րդ հոդվածներով, իսկ նույն օրենքի 75-րդ հոդվածով սահմանված են պետական գրանցման վճարների մասով արտոնությունները:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքները, որոնք նշվում են այլ փաստաթղթերում, բացի անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանի գրանցման թերթիկներից, չեն համարվում ճանաչված եւ գրանցված:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Լեւոն Սիրադեղյան (32 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Իրավաբանական անձանց, ձեռնարկությունների գրանցումը իրավաբանական պրակտիկայի կարեւոր բաղկացուցիչներից է:
Հետո ձեռնարկության գրանցման ժամանակ պետք է կողմնորոշվել ֆիրմային անվանման հարցում: Ձեռնարկությունների գրանցման իրավախորհրդատուն պետք է իմանա պատվիրատուի պահանջները, իսկ անհրաժեշտության դեպքում օգնի կողմնորոշվել դրանց հարցում: Մինչ փաստաթղթերի նախապատրաստմանն ու անմիջականորեն ձեռնարկությունների գրանցմանն անցնելն անհրաժեշտ է որոշել ստեղծվող ընկերության հիմնական չափանիշները:
Ձեռնարկությունների գրանցմանը նախորդում է ստեղծվող ընկերության կազմակերպա-իրավական ձեւի ընտրությունը: Դա շատ կարեւոր պահ է, որից կախված է կառավարման կարգը ձեռնարկությունում, մասնակիցների փոխհարաբերությունները, եկամուտի բաշխման մեխանիզմը եւ այլ հարցեր: Ձեռնարկության գրանցումից հետո դժվար կլինի փոխել կազմակերպա-իրավական ձեւը (այդպիսի գործընթացը կոչվում է` «վերակազմավորում»):

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ գրանցող մարմինը կարող է գրանցել ձեռնարկությունը` հիմք ընդունելով նույնիսկ այն տեղեկությունները, որոնք դիմողը ներկայացրել է: Սակայն, եթե այդ տեղեկությունները չհամապատասխանեն իրականությանը, հետագայում Ձեր ձեռնարկությունը ենթարկվում է հարկադիր լուծարման ռիսկին:




Լրահոս