ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅՀՈՅԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբանների պալատում տեւական ժամանակ տիրող լարվածությունը հասել է գագաթնակետին. կողմերի նյարդերը տեղի են տվել, եւ բանը հասել է ծեծկռտուքի: Պատճառն էլ եղել է սոցիալական կայքում Աթանեսյանի արած գրառումները, որոնցում նա վիրավորական արտահայտություններ է արել փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի հասցեին: Վերջինս էլ որոշել է հարցերը լուծել բռնության եղանակով: Սակայն այս միջադեպի իրական պատճառներն ավելի խորն են, եւ ֆեյսբուքյան գրառումներն ընդամենը առիթ են եղել:
Իսկ պատճառը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի եւ մի խումբ փաստաբանների` Երվանդ Վարոսյանի, Լուսինե Սահակյանի, Տ. Աթանեսյանի եւ այլոց միջեւ արդեն մեկ ու կես տարի ձգվող անձնավորված հակասություններն են: Ու այս ժամանակահատվածում լարվածությունը թուլանալու փոխարեն գնալով ավելի ու ավելի խորացավ: Մի հանգամանք, որը չի կարող մտահոգության լուրջ տեղիք չտալ: Ինչո՞ւ, որովհետեւ պալատի ներսում առկա անառողջ մթնոլորտը, տարբեր միջադեպերը լրջորեն սպառնում են փաստաբանական համակարգին՝ վարկաբեկելով այն հասարակության մոտ: Իսկ փաստաբանի ինստիտուտը կարեւոր օղակ է ցանկացած երկրի զարգացման գործում: Արդարության հասնելու մղումով մարդիկ առաջին հերթին հենց փաստաբաններին են դիմում: Բայց տեսնելով «ստատուսի համար» միմյանց «աչք հանելու» դրսեւորումները՝ դժվար թե բանական մարդու մոտ փաստաբանին վստահելու ձգտում առաջանա:

 

 
Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կուսակցությունները գրեթե դադարեցրել են միմյանց հետ շփումները, եւ ակնհայտ է, որ նրանք հազիվ թե տեսանելի ապագայում շարունակեն իրենց համագործակցությունը: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի՝ չի բացառվում, որ «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցությունները գնան ինքնալուծարման ճանապարհով: Բայց «Ժողովուրդ»-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Դրա պատճառը չկա: Բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի»: Ի դեպ, Մարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ իրենց կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, նա ԱՄՆ-ում է, իսկ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է ՌԴ՝ կոնֆերանսի մասնակցելու:

 

 

 

Քաղաքական անբովանդակ սերիալ հիշեցնող ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, որոշել է կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ: Սա, իհարկե, ամենեւին էլ նորություն չէր. պարզ էր, որ ՀՀԿ-ն, այնուամենայնիվ, կոալիցիա կկազմի ՀՅԴ-ի հետ, առավել եւս, որ խորհրդարանում մի շարք օրենքներ 3/5-րդով անցկացնելու համար իրենք այլ քաղաքական ուժի աջակցության կարիք ունեն: Պարզապես ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մանրամասնեց, որ դաշնակցականների հետ ընդհանուր հարցերում եկել են համաձայնության, եւ տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: Թե ո՞րն է տեսանելի ապագան, նա չմանրամասնեց՝ նաեւ չհայտնելով, թե առաջիկայում նախարարական քանի պորտֆել բաժին կհասնի ՀՅԴ-ին: Նշենք, որ այժմ ՀՅԴ-ն ունի նախարարի երեք պորտֆել, սակայն ըստ խոսակցությունների՝ ցանկանում է ձեռք բերել եւս մեկը:

 

 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի հազար խոշոր հարկատուների ցանկը: Պատկերը բավական հետաքրքիր է. առաջին տեղը կրկին զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որը ՀՀ պետբյուջե վճարել է 16 մլրդ 843 մլն 298 հազար դրամ: Երկրորդ տեղը զբաղեցնում է «Գրանդ Տոբակո» հայ կանադական ՀՁ-ն, որը տարվա առաջին եռամսյակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը. այս տարի նրանք պետական բյուջե վճարել են 5 մլրդ 479 մլն 405 հազար դրամ, բայց սա հիմնականում այն բանի հետեւանքով, որ հունվարից բարձրացավ ակցիզային հարկը: Ցանկի երրորդ տեղն է զբաղեցնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե վճարել է 4 մլրդ 702 մլն 117 հազար դրամ: Ի դեպ, այս ընկերությունն էլ անցած տարվա առաջին եռամսյակում զբաղեցնում էր ցանկի 11-րդ հորիզոնականը` վճարելով 1 մլրդ 990 մլն 540 հազար դրամ: Ուշագրավ մեկ փաստ եւս. Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, որ նախորդ տարի երրորդ հարկատուն էր, այս տարի հայտնվել է հինգերորդ տեղում՝ վճարելով 4 մլրդ 112 մլն 21 հազար դրամ:

 

 
ԱՆԱՐՁԱԳԱՆՔ
Մինչ տարբեր տրամաչափի եվրոչինովնիկներ հայտարարում են Ադրբեջանի հետ առանց վիզայի ռեժիմի անցման հեռանկարի հավանականության մասին, մինչ Եվրամիության երկրները մանդատ են տալիս՝ Ադրբեջանի հետ համապարփակ գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցելու համար, այդ երկիրը, դեռեւս խորհրդային տարիներին հայտնի կարգախոսի բառերով ասած, «լայն քայլերով» գնում է դեպի բռնապետություն: Ի թիվս մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ակնհայտ ոտնահարման այլ աղաղակող դեպքերի, Ալիեւի վարչակազմը հիմա էլ դատական կարգով է ձեռնամուխ եղել իր համար անցանկալի էլեկտրոնային լրատվամիջոցները լռեցնելուն: Մասնավորապես երեկ Բաքվի Սեբայիլի շրջանային դատարանը սկսել է քննել տրանսպորտի նախարարության էլեկտրոնային անվտանգության կենտրոնի հայցը, որով կառավարությունը պահանջում է արգելափակել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի էլեկտրոնային էջը:
Եվ մինչ տարբեր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կսկսեն հերթական զեկույցները հրապարակել՝ դատապարտելով ալիեւների սուլթանապետության այս հերթական դրսեւորումը, այդ նույն ընթացքում Եվրամիությունը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն Ալիեւին ընդունել ամենաբարձր մակարդակով, իսկ Ադրբեջանն էլ հռչակել կարեւոր գործընկեր: Ռուսաստանի մասին չենք խոսում, քանի որ այդ երկիրը բռնապետական ռեժիմների հանդեպ առանձնակի սեր ունի:
Բայց ինչ վերաբերում է ժողովրդավարական արժեքները տարփողող Արեւմուտքի այս երկակի ստանդարտներին եւ հանուն նավթի աչքակապությանը, նկատենք, որ դա խիստ մտահոգիչ մոտեցում է մեզ համար:
Եթե ՀՀ իշխանությունները մինչ այս ամեն կերպ փորձում էին հաճոյանալ Արեւմուտքին՝ թեկուզ իմիտատիվ ժողովրդավարության խորացմանն ուղղված քայլերով, ապա այսուհետ հատկապես Արեւմուտքից դրամաշնորհների նվազմանը զուգահեռ՝ նրանք կարող են տարածաշրջանում բալանսը պահելով՝ ավելի անկաշկանդ հետեւել հարեւան երկրի օրինակին եւ կոշտացնել պայքարը անցանկալի լրատվամիջոցների գործունեության դեմ: Ի՞նչը եւ ո՞վ պետք է խոչընդոտի իր վերարտադրման հարցը շատ սահուն կերպով լուծած Սերժ Սագսյանի վարչակարգին:
Ի վերջո, եթե ի պատասխան ԱՄՆ կոնգրեսականների քննադատությանը եւ շրջանառության մեջ դրված «Ադրբեջանում մարդու իրավունքների մտահոգիչ վիճակը» անվանմամբ նախագծին՝ Ադրբեջանի Մեջլիսը պաշտոնապես շրջանառության մեջ է դնում եւ քննարկում «ԱՄՆ-ում մարդու իրավունքների մտահոգիչ վիճակը» անվանմամբ նախագիծ, եւ դրանից հետո Ալիեւը Նյու Յորքում արժանանում է ԱՄՆ նախագահի եւ փոխնախագահի բարձր ընդունելությանը, ապա պետք չէ զարմանալ, որ հիմա էլ նա ձեռնամուխ է եղել նույն ԱՄՆ պաշտոնական ֆինանսավորմամբ գործող «Ազատություն» կայքէջի փակմանը:




Լրահոս