Խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջնորդներն ընդհատակ անցան, դաշինքի որեւէ ներկայացուցիչ այս օրերին որեւէ պարզաբանմամբ հանդես չի գալիս, նրանց խոսքով՝ ցանկություն չունեն հրապարակավ ոչինչ ասելու: Մինչ նրանք կփորձեն հաղթահարել խորը դեպրեսիան, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ դաշինքի կազմում գտնվող կուսակցությունները՝ «Համախմբում»ը եւ «Ժառանգություն»-ը, ինքնալուծարման փուլում են գտնվում: Երեկ ողջ օրվա ընթացքում դաշինքի անդամներին փնտրելուց հետո «Ժողովուրդ» օրաթերթին ի վերջո հաջողվեց մի քանի հարցերի շուրջ զրուցել «Համախմբում» կուսակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ:
-Պարո՛ն Մարգարյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընտրություններից հետո խորհրդավոր լռություն է պահպանում, ինչո՞ւ, ի՞նչ փուլում եք գտնվում:
-Առանձնապես ոչ մի բան չկա: Եթե այդպես վերցնենք, բան չկա առանձնապես:
-Դաշինքի անդամներով չե՞ք հանդիպում, քննարկումներ չե՞ք անցկացնում ընդհանրապես:
-Դե, երբեմն-երբեմն, այո՛, խոսում ենք, քննարկում ենք:
-Դաշինքի ապագայի՞ մասին են քննարկումները, ինչ-որ ծրագրեր կազմու՞մ եք:
-Չէի ասի, թե այս պահին մշակվում են ծրագրեր, բայց միեւնույն ժամանակ սուտ կլինի ասելը, որ չենք խոսում ապագայի մասին: Բնականաբար քննարկել ենք հետագայում դաշինքը պահել-չպահելու հարցը եւ այլն, բայց հիմա այնպես չէ, որ շատ հրատապ է դա, համենայն դեպս, ինչ-որ ձեւով դաշինքում ինչ-որ ֆորմատով համագործակցություն կլինի, թե ավելի խիստ կլինի… կարծում ենք, որ ինչ-որ բան կլինի, կմնա, համագործակցությունն իր որոշակի ֆորմատով, կարծում եմ, որ խնդիր չի առաջանա: Ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ դրանք բոլորը քննարկման հարցեր են:
-Այսինքն՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ դաշինքը սկսել է մասնատվել:
-Ո՛չ, դե, դաշինք ասվածը «Համախմբում» եւ «Ժառանգություն» կուսակցություններն են եղել, հետո միացել են այլ կուսակցություններ եւս, բայց հիմնական առանցքը եղել են երկու կուսակցությունները, մասնատվել նշանակում է, ենթադրենք, ասեմ, որ «Ժառնագությունը»-ը եւ «Համախմբում»-ն այլեւս որեւէ քննարկում չեն անելու, բայց դրա իմաստն էլ չկա ասելու, թե ինչու չպետք է անեն: Այսինքն՝ որպես այդպիսին ինքը մասնատվում է կամ, չգիտեմ, ինչ է լինում, որեւէ գործընթաց չկա, չկա նաեւ տրամաբանությունը, թե ինչ է նշանակում մասնատվել եւ ինչու, որովհետեւ ես ասում եմ՝ համատեղ չի բացառվում, եւ ինչ-որ ձեւաչափով համագործակցություն, ես վստահ եմ, որ կլինի մշտապես: Ուրիշ բան, թե ինչքան կխորանա, ինչ կլինի, ես պատրաստ չեմ այս պահին ասել եւ կարծում եմ, որ որեւէ մեկը պատրաստ չէ: Դրանք լուրջ քննարկումների խնդիր են:
-Ըստ տարածված տեղեկությունների՝ Սեյրան Օհանյանը եւս շատ հիասթափված է եւ պատրաստվում է հեռանալ Հայաստանից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Այն քննարկումները, ինչի մասին որ ես ասում եմ, դրանք այնպես չէ, որ վերջին օրերին են եղել: Որովհետեւ, դե, գիտեք՝ ե՛ւ Օսկանյանը, ե՛ւ Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայեցին, այդ օրերին բոլորն էլ մասնակցել են այդ քննարկումներին, մենք խոսում էինք, քննարկում էինք, հիմա այս վերջին օրերին ես չեմ տեսել պարոն Օհանյանին, ես ինքս զբաղված էի այլ խնդիրներով, բայց չկա մի որեւէ պատճառ, որ ասեմ՝ գիտեք՝ ինչ-որ մեկը հայտարարել է, կամ չգիտեմ ինչ, ուղղակի վերջնական պատկերացում վերջնական կառուցվածքի տեսքով որեւէ մեկը չունի, թե ինչ կարող է լինել, այս պահին որեւէ բան չկա:
-Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հիասթափված լքեցի՞ն Հայաստանը, ասել է, թե հեռանո՞ւմ են քաղաքականությունից:
-Ո՛չ, ո՛չ, Օսկանյանն արդեն այստեղ է, Հովհաննիսյանը, չգիտեմ, թե որն է պատճառը, որ գնացել է, բայց Օսկանյանը վաղուց պայմանավորվածություն ուներ, որ ինչ-որ մի կոնֆերանսի պետք է մասնակցեր եւ զեկուցում կարդար, դա շատ վաղուցվա պայմանավորվածություն է եղել, ինքը գնացել է եւ արդեն այստեղ է:
-Պարո՛ն Մարգարյան, տեղեկություններ կան, որ ինչպես «Ժառանգությունը», այնպես էլ «Համախմբում» կուսակցությունը ինքնալուծարման փուլում են, Ձեր մասով ի՞նչ կասեք, շարունակելո՞ւ եք մնալ քաղաքական դաշտում:
-Ենթադրում եմ՝ այո, որովհետեւ դրա ալտերնատիվը հայտարարելն է, որ լուծարվում ես, որի պատճառը չկա, բնականաբար կմնա «Համախմբում»-ը, բնականաբար կլինեն ֆորմատներ, որով կհամագործակցի: «Ժառանգության» հետ բնակաբար որեւէ պատճառ չկա, որ ասենք՝ գիտեք, վերջնականապես էլ չենք ուզում խոսել, հանդիպել: Այսինքն՝ քննարկումներ եւ ինչ-որ չափով համագործակցություններ բացառել չեմ կարող ես, ապագայում թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:
-Մինչ ընտրությունները տարածված կարծիք կար, որ եթե ՕՐՕ-ին չհաջողվի անցնել խորհրդարան, հետընտրական զարգացումներ կլինեն: Այդպես չեղավ, ինչո՞ւ:
-Գիտեք, կա մի սխալ կարծիք, որ հետընտրական որեւէ պրոցեսը կախված է ինչ-որ քաղաքական ուժից, այդպես չէ, կարող եմ ավելին ասել՝ միայն այդպես չէ, եթե հետընտրական պրոցես լինում է, մեծ մասամբ լինում է ինքնաբուխ, հասարակության կողմից, հասարակական պատվերն է լինում: Մենք այդ հասարակական պատվերը չտեսանք:
-Եթե Սամվել Բաբայանը լիներ ազատության մեջ, ա՞յլ պատկեր կլիներ:
-Ես դժվարանում եմ ասել: Այն, որ բավականին բաներ տեղի ունեցան նախընտրական շրջանում, որոնք վնասեցին մեզ, դա ակնհայտ է, բայց որը ինչ չափով, ես դժվարանում եմ գնահատել:
ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԱԻՆ-Ը
Երջանկահիշտակ Արմեն Երիցյանի մահվանից հետո արտակարգ իրավիճակների նոր նախարարի տարբեր թեկնածուների անուններ էին շրջանառվում, եւ ամենամեծ հարցն այն էր, թե ո՞վ կարող է արժանի շարունակողը լինել լուսահոգի նախարարի գործի: Եւ փետրվարի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով այնժամ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Տոնոյանը նշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
Այդ նշանակումից անցել է ավելի քան երկու ամիս: «Ժողովուրդ» օրաթերթը Տոնոյանից փորձեց հետաքրքրվել, թե ինչպես է իրեն զգում արտակարգ իրավիճակների նախարարությունում, արդյո՞ք հարմարվել է նոր պաշտոնին: Տոնոյանի պատասխանը հակիրճ էր, բայց եւ հետաքրքիր: «Արտակարգ»,- եղավ նախարարի արձագանքը: Եւ քանի որ վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթին անընդհատ տեղեկություններ էին հասնում, որ այդ գերատեսչությունում պարապուրդի են մատնվել, որովհետեւ կարծում են, որ Տոնոյանը երակարաժամկետ նախարար չի լինելու, ավելին՝ տեղեկություններ էին տարածվում, որ այս շրջանում այդ նախարարությունում հարցեր լուծողը դարձել է ԱԻՆ փրկարար ծառայության պետ Մուշեղ Ղազարյանը, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նաեւ Տոնոյանի պարզաբանումը լսել այդ տեղեկությունների շուրջ. «Այդ ամեն ինչը մեկնաբանությունից դուրս է»,- նշեց իրեն արտակարգ զգացող նախարարը: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ նա շուտով տեղափոխվի ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ եւ ԱԱԽ քարտուղարի պաշտոնում փոխարինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակված Յուրի Խաչատուրովին: ԱԻՆ նախարարը, սակայն, խուսափեց պատասխանից եւ նման խոսակցությունները որակեց ապատեղեկատվություն: Այնուամենայնիվ, Դավիթ Տոնոյանը կշարունակի՞ մնալ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, արդյո՞ք նրան կտեսնենք այդ պաշտոնում նոր ձեւավորվելիք կառավարությունում. այս հարցերին ի պատասխան՝ նախարարն իրեն բնորոշ համեստությամբ ընդամենը գլխով դրական արձագանք տվեց:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՏԱՐՈՆԻ ԵՆԹԱԿԱՆ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԱԾ-ում ավարտվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 4-րդ բաժնի պետ Արամայիս Ավետիսյանի գործով նախաքննությունը: Հիշեցնենք, որ 2016թ. դեկտեմբերի 6-ին վերջինս կալանավորվել էր կաշառք վերցնելու մեղադրանքով: Նա 2016թ. հոկտեմբերի 27-ին Ն. Շենգավիթ 6-րդ փող. թիվ 28 հասցեի բնակելի տան ավարտական ակտը տրամադրելու պատրվակով քաղաքացի Ս. Ղեւոնդյանից ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնտեսական մասի եւ սպասարկման անձնակազմի ղեկավարի միջոցով պահանջել եւ ստացել է 800.000 ՀՀ դրամ: Սակայն միայն 120.000 ՀՀ դրամն է օրենքով սահմանված պետական վճարումներն արել, իսկ 680 հազար դրամը հափշտակել է: Նրա գործը կքննվի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, գործը նախագահող դատավորն է Արմեն Բեկթաշյանը: Հիշեցնենք, որ Ա. Ավետիսյանի եղբայրը՝ Գուրգեն Ավետիսյանն էլ օրերս Աջափնյակում խոչընդոտել էր «Ելք» դաշինքի քարոզարշավը. հավանաբար նա հանուն իշխանությունների էր այդ քայլին գնացել՝ եղբոր գործով դրական ելք ակնկալելով:
ՄՏԱՀՈԳՎԱԾ ՉԵՆ
Քանի որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը սահմանադրական դատարան դիմելով՝ ցանկանում է սպառել նաեւ ՀՀ բոլոր ատյաններն ու դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, «Ժողովուրդ»-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից փորձեց հետաքրքրվել՝ իրենք մտահոգված չեն այդ հեռանկարով, եւ արդյոք իրենց պատճառով Հայաստանը ստիպված չի լինի կրկին պետբյուջեից միլիոններ փոխհատուցել: «Մենք մեր դատողությունները, որը որ իրականացնում ենք, հենվում ենք գործում առկա փաստական հանգամանքների եւ ընդհանրապես ընտրության անցկացման ընթացքում ձեռք բերված բոլոր-բոլոր ապացույցների վրա, որովհետեւ հանձնաժողովի որոշումը, որը կայացվել է, հիմքում ունեցել է հենց այդ ամենը, ու նման որեւէ մտահոգություն չունենք»,- ասաց ԿԸՀ նախագահը:
ՉԵՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ
Մաքսանենգ ճանապարհով ՀՀ մուտք գործած ադրբեջանական ծագում ունեցող խնձորների թեման այլ երանգներ է ստանում: Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ սահմանային վերահսկողություն չանցած խնձորները ՍԱՊԾ մասնագետների կողմից փնտրվում, ոչնչացվում են: Ի դեպ, ո՛չ ՊԵԿ-ը եւ ո՛չ էլ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնապես չեն խոստովանել, թե ում մեղքով են խնձորները մաքսանենգ ճանապարհով հայտնվել ներքին շուկայում: Բայց եւս մեկ կարեւոր խնդիր կա. ադրբեջանական խնձորները, որոնք ինչ-ինչ ճանապարհով հայտնվել են վերավաճառողների մոտ եւ ՍԱՊԾ-ի կողմից «գազանաբար» ոչնչացվում են, ո՞վ է փոխհատուցելու վերավաճառողների կրած վնասը: Խնձորների 1 կգ-ն վաճառվել է 1200 դրամով: Արդյոք ՍԱՊԾ-ն առեւտրականներին փոխհատուցելու է կրած վնասի համար: «Ժողովուրդ»-ի այս հարցին ծառայությունից տեղեկացրին, որ գերխնդիրը այդ խնձորը ներքին շուկայից արագ դուրս հանելն է. «Յուրաքանչյուր իրացնող իր մասով պատասխանատվություն ունի»: