ԻՆՉՈ՞Ւ ԲԱՆՏՈՒՄ ՄԱՀԱՑԱՎ ԿԱԼԱՆԱՎՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում երեկ մահացել է 10 ամիս կալանքի տակ գտնվող, Վարդենիս քաղաքի 42-ամյա բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը, որը առավել հայտնի է Մեմիրի Ռաֆո անունով: 42-ամյա կալանավորի մահը տարաբնույթ հարցերի տեղիք է տվել:

Հիշեցնենք, որ Վարդենիս քաղաքի բնակիչ Ռաֆայել Թադեւոսյանը կալանքի տակ էր հայտնվել 2016 հունիսի 9-ին: Նրա անունը կապվում էր Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ «ռազբորկաների» հետ, որտեղ շրջանառվում էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Եվ ահա այդ «ռազբորկաների» արդյունքում Ռաֆայել Թադեւոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը վնաս պատճառելը: Այս արարքի համար Ռաֆայել Թադեւոսյանին սպառնում էր առավելագույնը հինգ տարվա ազատազրկում: Ու մինչ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում էր Ռաֆայել Թադեւոսյանի գործով քննությունը, 10 ամիս «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում իր կալանքը կրող Ռաֆայել Թադեւոսյանը առեղծվածային պայմաններում մահացավ:
Վարկած 1
Ըստ Ռաֆայել Թադեւոսյանի հարազատների՝ նա առանձնապես չի դժգոհել իր առողջական վիճակից: Ուստի հարց է առաջանում՝ ինչի՞ց է մահացել Ռաֆայել Թադեւոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատվական բաժնից հայտնեցին, որ ՔԿՀ այցելած շտապօգնության աշխատակիցները կալանավորի մոտ արձանագրել են կենսաբանական մահ` հավելելով, որ, այնուամենայնիվ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչի հետեւանքով է կալանավորը մահացել:
Սակայն այս պատմության մեջ մի շարք ուշագրավ հանգամանքներ կան, որտեղ էլ իրականում թաղված է շան գլուխը:
Բանն այն է, որ Ռաֆայել Թադեւոսյանի դիահերձումը իրականցվել է բավականին օպերատիվ կերպով: ՔԿՀ-ից զանգահարել են հարազատներին եւ ասել, որ Ռաֆայել Թադեւոսյանը մահացել է, այնուհետեւ նրա դին շտապ տարել են դիահերձման: Ըստ էության, ո՛չ կալանավորի պաշտպանը, ո՛չ հարազատները չեն տեսել, թե ինչ վիճակում է գտնվել Ռաֆայել Թադեւոսյանի դին: Միգուցե նրան սպանե՞լ են կամ այլ հանգամանք կա՞, որը տեսականորեն կարող է թաքցվել: Բացառված չէ, որ նրա մահվան վկայականում գրվի այն, ինչ «անհրաժեշտ է», այլ ոչ թե այն, ինչ կա իրականում: Մի խոսքով, Ռաֆայել Թադեւոսյանի մահվան հանգամանքները մնում են օդից կախված. ինչո՞ւ ՔԿՀ-ում շտապեցին արագ դիահերձել կալանավորին:
Վարկած 2
Բանտարկյալների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը «Հրազդան» ՔԿՀ-ի այն խցում, որտեղ իր պատիժն է կրել Ռաֆայել Թադեւոսյանը, վիճաբանություն է եղել: Ըստ լուրերի՝ նա միջադեպի ժամանակ թմրանյութ է օգտագործած եղել եւ երբ վիճաբանության ժամանակ հարված է ստացել, թուլացել ու վայր է ընկել: Ընկնելու պահից ի վեր Ռաֆայել Թադեւոսյանը չի տեղաշարժվել: Նրա խցակիցները աղմուկ են բարձրացրել, որպեսզի բժիշկները օգնության հասնեն: Ու երբ բուժօգնության հասածները ստուգել են ընկած Ռաֆայելին, պարզել են, որ մահացել է:
Եթե այս լուրերի մեջ շրջանառվող վարկածը թմրանյութի օգտագործման մասով ճիշտ է, ապա հարց է առաջանում, թե ինչպես է Ռաֆայել Թադեւոսյանի խցում թմրանյութ հայտնվել, ո՞վ է նրան փոխանցել, ի՞նչ տեսակի թմրանյութ է եղել, ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է նա օգտագործել: Ու ամենակարեւորը` ինչպե՞ս է ապացուցվելու, թե կոնկրետ ինչն է հանգեցրել նրա մահվան:
Վարկած 3
Արդեն գրել էինք, որ Ռաֆայել Թադեւոսյանը կալանավորվել էր Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութերի շուրջ «ռազբորկաների» արդյունքում, որտեղ շրջանառվում էին նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անունները: Եվ ահա վարկածներից մեկն էլ այն է, որ նրան «ոսկու թեմայով» առաջացած անհրաժեշտությունից ելնելով՝ «մաքրեցին» իրենց ճանապարհից, որպեսզի այլեւս դուրս չգա բանտից: Առավել եւս, որ Վարդենիսում լուրեր կան, թե Ռաֆայել Թադեւոսյանն իր գործով հերթական դատական նիստի օրը` մայիսի 3-ին, պետք է դատարանի դահլիճից ազատ արձակվեր:
Բանտապետը` դեպքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Հրազդան» ՔԿՀ-ի պետ Վահան Մարգարյանի հետ, որն ասաց, թե նախնական վարկածով Ռաֆայել Թադեւոսյանը մահացել է սրտի անբավարարությունից:
-Պարո՛ն Մարգարյան, ինչո՞ւ եք այդքան արագ կազմակերպել կալանավորի դիահերձումը, ինչ-որ բա՞ն եք թաքցնում:
-Իր փաստաբանը եւ հորեղբայրը քիչ առաջ ինձ մոտ են եկել մորգից, ես օրենքով ինչ նախատեսվում է, կատարել եմ, նրան ուղարկել եմ մորգ: Քիչ առաջ իր փաստաբանից իմացա՝ բժիշկը նախնական ինչ է ասել, թե ինչից է նա մահացել, սրտի մկանի անբավարարություն` ինֆարկտ, լյարդի ցերոզ ուներ, որը համարյա ռակի էր վերածվել:
-Դիահերձմանը արդյո՞ք հարազատներից որեւէ մեկը ներկա եղել է:
-Չգիտեմ, իրենք ներկա եղել են, թե ոչ, իրենք մորգից են եկել ինձ մոտ, այլ բան չեմ կարող ասել: Ես էլ եմ զանգահարել դատաբժշկին, նա էլ ինձ ասաց, որ նախնական տվյալով՝ նա մահացել է ինֆարկտից:
-Մեզ լուրեր են հասել, որ Ռաֆայել Թադեւոսյանը թմրանյութ է օգտագործել, խցում վիճաբանություն է եղել, հարված է ստացել, ինչից հետո ընկել, մահացել է:
-Ես նման բան չեմ կարող ասել, դա 40 օր հետո նոր կպարզվի: Նման բան որեւէ մեկը չի կարող ասել, մինչեւ լաբորատոր փորձաքննությունը չանցկացվի:
-Այսինքն՝ Դուք չե՞ք բացառում, որ թմրանյութ է մտել կալանավայր:
-Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Եթե մենք իր մոտ որեւէ բան չենք հայտնաբերել, խուցը զննվել է, խուզարկվել է, օրենքով սահմանված կարգով ընթերականներով դիակի զննություն է կատարվել, ամեն ինչ արվել է, նոր տեղափոխվել է մորգ: Եթե այնտեղ որեւէ բան չի հայտնաբերվել, մնացածը 40 օր հետո նոր կարող եմ ասել:
-Իսկ մինչ այս դեպքը, Ռաֆայել Թադեւոսյանը երբեւէ Ձեզ դիմե՞լ է, որ լավ չի զգում իրեն, խնդիրներ ունի:
-Ինձ մոտ նա բողոքներ չի ներկայացրել, մնացած հարցերով դիմե՛ք լրատվական:
Մինչ կանցնի 40 օրը, եւ կփորձեն պարզել, թե ինչու է մահացել Ռաֆայել Թադեւոսյանը, արձանագրենք եւս մեկ տխուր իրողություն. Ռաֆայել Թադեւոսյանի որդին` Վահան Թադեւոսյանը, տեղեկանալով հոր մահվան մասին, դանակի մի քանի հարվածներ է հասցրել ինքն իր որովայնին` փորձելով ինքնասպան լինել: Մտերիմները հասցրել են Վահանին տեղափոխել Վարդենիս քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ:
Նշենք, որ 22-ամյա Վահան Թադեւոսյանը իրավապահների կողմից գտնվում է հետախուզման մեջ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը: Ու այս պահին նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
250 ՄԻԼԻՈՆԻ ՅՈՒՐԱՑՈՒՄԸ
Արդեն 5 ամիս է, ինչ ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել Եվրամիության գումարները շորթած հասարակական կազմակերպությունների ղեկավարների նկատմամբ: Ու մինչ իրավապահները փորձում են գտնել ԵՄ գումարները յուրացրած ՀԿ-ների ղեկավարներին, գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս:
Ստացվում է, որ Եվրամիության գումարները շորթած ՀԿ-ների ղեկավարները միայնակ չէին կարող գործը գլուխ բերել, եւ նրանց այդ հարցում օգնել են ԵՄ հայաստանյան գրասենյակի աշխատակիցները: Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ԵՄ դրամաշնորհների յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի մարտից կոմիտեում քննություն է գնում դրամաշնորհների յուրացման գործով:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Եվրամիությունը գումարներ է տրամադրել ՀՀ մի շարք հասարակական կազմակերպությունների` տարբեր ծրագրեր իրականցնելու համար, որոնք էլ ձեւական ծրագրեր էին ներկայացրել, թե իբր ուսանողների համար սեմինարներ են կազմակերպել՝ այդ ճանապարհով հափշտակելով խոշոր գումարներ: Եվրոպական գրանտները «կերել էին» «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը, «Տարածաշրջանային վերլուծությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը եւ այսպես շարունակ:
Մեղադրյալի աթոռին էին հայտնվել 10 անձ, որից երկուսի՝ «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Սակայն մինչ օրս` 5 ամիս անց, գործով դեռ տեղաշարժ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Եվրոպայից իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչներ են եկել Հայաստան եւ տեւական ժամանակ կմասնակցեն դրամաշնորհների յուրացման փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը:
Այսինքն` գործն այնքան լուրջ է, որ «դրսից» մարդիկ են խառնվել: Հիշեցնենք, որ հափշտակված գումարի չափը հասնում է շուրջ 250 միլիոն դրամի:

 

 

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Ազգային անվտանգության ծառայությունում շարունակվում է տրանսպորտային կեղծ կտրոնները վաճառելու գործով նախաքննությունը: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ-ն կեղծ կտրոններ վաճառելու համար 6 անձի էր մեղադրանք առաջադրել տրանսպորտային կեղծ կտրոններ վաճառելու գործով եւ այն ուղարկել Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Բայց պարզվում է, որ ԱԱԾ-ում կեղծ կտրոնների մասով դեռեւս քննությունը կանգնած չէ, նոր բացահայտումներ են իրականացվել: Ասել է, թե ԱԱԾ-ն միայն վերոնշյալ 6 անձանց մասով է գործը ավարտել եւ ուղարկել դատարան: Բայց գործում կան ներգրավված այլ անձինք, որոնց մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 
ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ
ՀՔԾ տեղեկացմամբ՝ araratnews.am լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանի եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լեւոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քր. օր. 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի /ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչեւ հինգ տարի ժամկետով/ հատկանիշներով:

 

 

 

ՆՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկանում ենք, որ Շաքիի ջրվեժի շուրջ պարբերաբար հնչող ահազանգերի հետ կապված՝ նախարարությունը բանակցություններ եւ քննարկումներ է կազմակերպել «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչների եւ ոլորտի մասնագետների հետ: Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել «Հակոբջանյանի եւ Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման թույլտվությունը: Նոր ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվել է «Շաքի» ՓՀԷԿ-ի շահագործման համար գետից ջրառի նոր ռեժիմ, ըստ որի` ընկերությունը Շաքի գետից լիարժեք ջրառ կարող է անել միայն մարտի 15-ից ապրիլի 30-ը` 11:00-ից 17:00-ից, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` 11:00-19:00-ից, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` 11:00-17:00 ժամանակահատվածներից դուրս:




Լրահոս