Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի գարեջուր» ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է պետական բյուջե վճարվող հարկերի, տուրքերի չափը. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից:
Եվ այսպես` այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը պետբյուջե վճարել է 170 մլն 660 հազար 900 դրամ հարկ` զբաղեցնելով 177-րդ տեղը: Իսկ ահա անցած տարվա նույն ժամանակահատվածում «Գյումրի գարեջուր» ընկերությունը եղել է 147-րդ տեղում՝ վճարելով 188 մլն 185 հազար 200 դրամ հարկ: Եւ սա այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում, ըստ ԱՎԾ տվյալների, Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները 5.5 տոկոսով աճել են: