«ԺԱՄԱՆԱԿՆ ԱՆՑՆՈՒՄ Է, ՏԱՂԱՆԴԸ՝ ՄԱՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը զրուցել է ջութակարուհի Նարինե Դելլալյանի հետ, որը մոտ 20 տարի է՝ բնակվում է Լիսաբոնում (Պորտուգալիա): Նա Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մենակատարներից է։ Այս օրերին երաժիշտը Երեւանում է։

-Տիկի՛ն Դելլալյան, գործնական այցո՞վ եք Հայաստանում։ Մի փոքր պատմեք, խնդրեմ, առաջիկա ծրագրերի մասին:
-Անկեղծ ասած՝ չեմ հիշում, թե երբ եմ վերջին անգամ այցելել Հայաստան՝ ոչ գործնական նպատակով։ Այս այցս բազմանպատակ է։ Այս տարի նշվում է հայրիկիս՝ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանի 80-ամյակը, եւ այդ առիթով կազմակերպվելու են մի քանի միջոցառումներ։ Ապրիլի 28-ին եւ մայիսի 1-ին կայանալու են համերգներ՝ նվիրված նրա հիշատակին։ Նաեւ տպագրման ենք պատրաստում կոմպոզիտորի կամերային ժանրի հինգ ստեղծագործությունները, որոնք, հուրախություն շատերիս, մի քանի օր հետո պատրաստ կլինեն, եւ երաժիշտները հնարավորություն կունենան այսուհետ իրենց ձեռքի տակ ունենալու նրա նոտաները։ Շատ կարեւորում եմ այն փաստը, որ այս գործում իր աջակցությունն է ցուցաբերել մշակույթի նախարարությունը։ Հաջորդ կարեւոր իրադարձությունը համահայկական նվագախմբի երեւանյան առաջին ելույթն էր, որտեղ հրավիրված երաժիշտների թվում էինք ես եւ որդիս, որը եւս երաժիշտ է։ Ըստ իս, սա բացառիկ իրադարձություն է, որը միավորելով տարբեր երկրներից եկած հայ երաժիշտների՝ մաշկի վրա զգացնել տվեց մեր միասնության ուժը։
-Հայաստան-սփյուռք մշակութային հարաբերություններում կա՞ մտահոգիչ հանգամանք, որի մասին կցանկանաք խոսել։
-Աշխատելով Լիսաբոնում՝ փորձում եմ իմ նպաստը բերել Հայաստան-սփյուռք մշակութային կապերի ամրապնդմանը՝ դրանով նաեւ տեղացիներին ի ցույց դնելով մեր մշակույթը։ Անշուշտ, ունենք շատ մտահոգիչ հարցեր, որոնցից կարեւորագույնը, թերեւս, միմյանցից լավատեղյակ չլինելն է։ Խորհրդային տարիներն ավելի խորացրեցին հայերի միջեւ անջրպետը։ Մենք գրեթե անտեղյակ ենք այն մշակույթից, որը ստեղծվել եւ ստեղծվում է սփյուռքում, եւ կարծում եմ՝ նույնն էլ հակառակն է։ Դեռ որեւէ հայտարարի չենք եկել նաեւ լեզվական խնդիրների շուրջ։ Սա նույնպես չի նպաստում երկու տարբեր մշակույթներ կրող մեր հայրենակիցների մերձեցմանը։ Ցանկալի կլիներ, որ սփյուռքը ազատորեն մասնակցեր հայրենիքի հզորացմանը՝ ոչ միայն ֆինանսական օժանդակությամբ, այլեւ մարդկային ներուժի, մասնագետների օգտակարությամբ։ Ինքս շատ կցանկանայի տեսնել սփյուռքահայության գործունեությունը նաեւ երկրի կառավարման գործում։
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ մեզ անհապաղ անհրաժեշտ է հնարավորություն տալ մեր լավագույն ուժերին՝ ստեղծելու ամենատարբեր օպերաներից ու բալետներից բաղկացած, համաշխարհային նորմերով հագեցած խաղացանկ, որը կհրապուրի եւ կկանչի հանդիսատեսին։ Իսկ ի՞նչ փոփոխություններ կցանկանաք տեսնել դասական երաժշտարվեստի ոլորտում։
-Կուզենայի, որ մեր տաղանդավոր երաժիշտները, որոնք թվով շատ են, մեր երկրում կայանալու եւ իրենց ունակությունները ճիշտ ժամանակին օգտագործելու հնարավորություն ունենային։ Այլապես ժամանակն անցնում է, իսկ տաղանդը, որը մատնվում է անգործության, մարում։
-«Հայրիկ Մուրադյան» հասարակական կազմակերպության նախագահն եք: Ձեր կարծիքով՝ Հայրիկ Մուրադյանի վաստակն ըստ արժանվույն գնահատվե՞լ է մեր իշխանությունների կողմից:
-Կարծում եմ՝ շատերի համար Հայրիկ Մուրադյան անունը խորհրդանիշ է սերունդների մեջ ազգային ինքնության արթնացման հարցում։ Նա այն կերպարն է, որը նախ եւ առաջ գոյություն ունի եւ ապրում է ժողովրդի սրտում։ Վստահաբար կարող եմ փաստել, որ ամեն անգամ, երբ որեւէ դուռ եմ թակել Հայրիկ Մուրադյանի կամ իր գործունեությանը վերաբերող ինչ-որ հարցով, միշտ հանդիպել եմ հարգանքի եւ բարյացակամ վերաբերմունքի։ Կազմակերպության նպատակը մշակութային ժառանգության պահպանման եւ փոխանցման հարցում մեր անմիջական դերակատարությունն ունենալն է։ Տարբեր ծրագրեր ենք իրականացրել եւ պետք է շարունակենք անել այն ամենը, ինչ գտնում ենք անհրաժեշտ։

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
«ԱՐԳԵԼՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌԵՍՏՈՐԱՆ ՉԻ ԼԻՆԻ»

Դեռեւս ապրիլի սկզբին Էրեբունի արգելոց-թանգարանում կայացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը, որի օրակարգում եղել է «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման եւ այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումն ու քննարկումը:

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, նախագծի աշխատանքների համակարգող Գագիկ Գյուրջյանը ներկայացրել է նախագծի կառուցվածքը՝ անդրադառնալով աշխատանքների ընթացքին: Մի շարք նախագծերին զուգահեռ ներկայացվել է նաեւ ուրարտական խոհանոցի եւ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը, որը, սակայն, հայ հանրության որոշակի զանգվածների շրջանում տարակարծությունների առիթ է տվել` Էրեբունի արգելոցի տարածքում ռեստորա՞ն է բացվելու: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հավաստիացնել, որ նման բան չի կարող լինել. «Ռեստորանում կարելի է պատվիրել ամեն ինչ, իսկ այստեղ միայն ուրարտական վերականգնված ճաշատեսակներ են մատուցվելու, արգելոցի տարածքում չենք նախատեսում ռեստորան ունենալ, երբեք»,-ասաց նա:
Պարոն Գյուրջյանի խոսքով` միջնաբերդից դուրս` այն տարածքում, որտեղ բնակելի տներ են եղել եւ հանվել են, որտեղ ճահիճ կա գոյացած, առաջարկվում է ստեղծել ուրարտական խոհանոց, որը մոտ կլինի ավտոկանգառին. «Հիմա աշխարհում ընդունված է նյութական եւ ոչ նյութական (հնագույն ճաշատեսակները համարվում են ոչ նյութական մշակութային ժառանգություն) ժառանգությունը միաժամանակ ներկայացնելու միտումը: Մեզ մոտ պեղումների ընթացքում հայտնաբերվել են գյուղատնտեսական արտադրանքի հետքեր` սալոր, քունջութ, ոսպ, սիսեռ, ցորեն, ձավար, ինչպես նաեւ` գառան, ոչխարի, տավարի ոսկորներ: Գտածոները ենթադրել են տալիս, որ ժամանակին դրանցով ճաշատեսակներ են պատրաստել, որոնք կարելի է վերականգնել եւ փորձել մատուցել: Միաժամանակ Կարմիր բլուրում եւ Էրեբունի հնավայրում` միջնաբերդից դուրս, պեղումների ժամանակ ուրարտական բնակելի տներ են հայտնաբերվել: Այդ տան տիպի մեջ կարելի է մատուցել ուրարտական խոհանոցի նմուշները: Կարծում եմ` դա կհետաքրքրի զբոսաշրջիկներին»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 
ՋԱԶԻ ՕՐՎԱ ՀԱՄԱՐ
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար եւ երգեհոնահար Գարի Քյոսայանը Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին կներկայացնի իր նոր ստեղծագործությունը` Day of my dream («Իմ երազելու օրը»): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Քյոսայանը այս ստեղծագործությունը գրել է հատուկ Ջազի օրվա կապակցությամբ: «Ես ելույթ եմ ունենալու այդ միջոցառմանը Hammond B3 երգեհոնով, որը բերել եմ ինձ հետ ԱՄՆ-ից: Առաջին անգամ պետք է հնչի ստեղծագործություն, որը գրել եմ վերջերս»,-նշել է Գարի Քյոսայանը:
Նշենք, որ ապրիլի 30-ին Կասկադ համալիրի տարածքում տեղի կունենա բացօթյա համերգ, որին հանդես կգա նաեւ Քյոսայանի հայաստանյան քառյակը: Համերգային երեկոյի ընթացքում ունկնդրին կներկայացվեն Գարի Քյոսայանի սիրված եւ հայտնի ստեղծագործությունները, ինչպես նաեւ ամերիկյան եւ այլ ազգի հայտնի ջազ կոմպոզիտորների գործեր:

 

 

ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՆ Օ’ԲՐԱՅԵՆԻՆ
ArmComedy հումորային նախագծի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը շրջագայություններով մեկնել են Միացյալ Նահանգներ: Հաղորդավարները նաեւ առաջարկ են ստացել հյուրընկալվելու աշխարհահռչակ հաղորդավար Քոնան Օ’Բրայենի հայտնի թոք-շոուին:
«Երբ Քոնանը հյուր էր մեր հաղորդմանն, ասաց՝ երբ Լոս Անջելեսում լինեք, հրավիրում եմ ձեզ մասնակցելու իմ հաղորդմանը»,-նշել է հաղորդավարը News.am style-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Քոնանը անցած տարի էր ժամանել Երեւան: Հայտնի հաղորդավարը զբոսնել էր քաղաքում, շրջել հայկական շուկայում, այցելել Գառնի եւ եղել ArmComedy-ի թողարկումներից մեկի հատուկ հյուրը:

 

 

ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Ամերիկացի դերասան եւ պրոդյուսեր Նիկոլաս Քեյջը, որը հանդես է գալիս «211» ֆիլմում՝ մարմնավորելով ոստիկանի, նկարահանումների ժամանակ՝ հնարքներից մեկի կատարման ընթացքում, վնասվածք է ստացել։ Այս մասին փոխանցում է Lenta.ru-ն։
Նշենք, որ նկարահանումներն ընթանում են Բուլղարիայում։ Դեպքից հետո դերասանին հոսպիտալացրել են: Քեյջն արդեն վերադարձել է ԱՄՆ, որտեղ էլ նրան կվիրահատեն:




Լրահոս