ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԷԼԻ ԱՆՍԱՀՄԱՆ ԱՆԱՐԴԱՐ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը երեկ մերժեց խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը անհիմն լինելու պատճառաբանությամբ: Ավելի ուշ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց. «Սա հավանաբար Հայաստանի պատմության մեջ առաջին հայցն է, երբ Սահմանադրական դատարանը հայց է քննում, որն, ըստ էության, զուրկ էր ինչպես իրավական, այնպես էլ ապացուցողական հիմքից»: Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունների՝ նախորդ բոլոր ընտրությունների վերաբերյալ ներկայացված դիմումները եղել են իրավական, ապացուցողական հիմքով, եւ քանի որ ՍԴ-ն նախկինում մերժել է այդ դիմումները, կարելի է ենթադրել՝ երկրի թիվ մեկ դատարանը պարզապես աչք է փակել նախորդ բոլոր ընտրախախտումների վրա. համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել հենց Մուկուչյանի խոսքերից:
Բայց իրականում պարզ է, որ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ ներկայացված դիմումների հիմնավոր կամ անհիմն լինելը, ապացուցողական հիմքի առկայությունն ամենեւին էլ էական չէ. անկախ ընտրախախտումների վերաբերյալ մատնանշված փաստերից՝ ՍԴ-ն միշտ էլ մերժել է ընդդիմադիրների բողոքները եւ այդպես վարվեց նաեւ երեկ: Ի վերջո, Գագիկ Հարությունյանի ղեկավարած հիմնարկի միակ առաքելութունը դա է եղել տարիներ շարունակ:
Նկատենք, որ երեկ ՍԴ-ն նաեւ քաղաքական գնահատականներ է տվել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ընտրությունների արդյունքները դատարանում բողոքարկելու նախաձեռնությանը՝ անվանելով այն քաղաքական շահարկում: «Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»,- ասված է այնտեղ: Ու տպավորություն է, որ այս որոշումն իրականում գրվել է ոչ թե ՍԴ-ում, այլ Բաղրամյան 26-ում կամ Մելիք-Ադամյանում՝ ՀՀԿ գրասենյակում:

 

 
Հայաստանի ժողովրդագրական վիճակը, մեղմ ասած, մտահոգիչ է. այս տարվա առաջին եռամսյակում բնական հավելաճը կազմել է 497 հոգի՝ նախորդ տարվա 1 հազար 381-ի փոխարեն: Սա ծնվածների եւ մահացածների թվի տարբերությունն է: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ սա աննախադեպ ցածր ցուցանիշ է. վերջին տարիներին բնական հավելաճը երբեք այդքան քիչ չի եղել: Նշենք, որ հունվար-մարտ ամիսներին ծնվել է 8 հազար 534 երեխա՝ նախորդ տարվա 9 հազար 125-ի փոխարեն, մահացել է 8 հազար 37 հոգի՝ 2015-թ. 7 հազար 744-ի փոխարեն: Այս տարվա առաջին եռամսյակում եւս շարունակվել է Հայաստանից արտագաղթը: Ըստ ԱՎԾ-ի՝ հունվար-մարտ ամիսներին ՀՀ-ից հեռացել է 353 հազար 839 ՀՀ քաղաքացի, վերադարձել՝ 338 հազար 855-ը: Ասել է, թե միայն երեք ամսվա ընթացքում արտագաղթել է 14 հազար 984 հոգի: Հատկանշական է, որ Հայաստանից հիմնականում մեկնել են Բագրատաշենի անցակետով եւ «Զվարթնոց» օդանավակայանով:

 

 

 
ՀՔԾ-ի եւ ԴԱՀԿ-ի միջեւ միջգերատեսչական պայքար է սկսվել, որը գնալով բացահայտ դրսեւորումներ է ստանում: Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ իրենց մոտ ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյա Գրիգոր Սարգսյանի կողմից կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ժամեր անց հաղորդագրություն տարածեց ԴԱՀԿ-ն՝ շեշտելով, որ Գրիգոր Սարգսյանն իրենց նախկին աշխատակիցն է, որը դեռ 2014թ. ազատվել է ծառայությունից: Ավելին՝ ԴԱՀԿ-ն իր հայտարարության մեջ ՀՔԾ-ին հատուկ կոչ էր արել. «Հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք եւ հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն»: Այսիպիսով՝ պետք է արձանագրենք, որ պետական երկու գերատեսչությունները միմյանց դեմ բացահայտ պայքար են տանում՝ պաշտոնական հաղորդագրություններ տարածելով. մի երեւույթ, որին ականատես ենք եղել նաեւ այլ պետական մարմինների դեպքում. հիմնականում դատախազություն-քննչական-ոստիկանություն հարթությունում:

 

 
Հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Կենաց-Ջուր» ձեռնարկությունը, որ զբաղվում էր գինու-կոնյակի արտադրությամբ, սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությունն ունեցել է 2 մլն դրամի պարտք եւ քանի որ տեւական ժամանակ չի մարել այն, ՊԵԿ-ը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել: Այս տարվա փետրվարի 22-ին պատասխանողի գտնվելու վայրը անհայտ լինելու պատճառով ՍՊԸ-ի, վերջինիս տնօրենի, ընկերությանը պատկանող գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ դատարանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել, եւ մինչեւ հիմա ո՛չ ընկերության տնօրենն է հայտնաբերվել, ո՛չ ՍՊԸ-ին պատկանող գույքն ու դրամական միջոցները, եւ չեն կատարվել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ ՍՊԸ պարտավորությունները: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է նաեւ Միկա Բաղդասարովի հետ, որը հայտարարել է. «Ի՞նչ պարտքեր: Ես ոչ մի պարտք չունեմ: Եւ չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ զրուցել Ձեզ հետ»: Նշենք, որ «Միկա Կենաց-Ջուր» ՍՊԸ-ն ժամանակին հիմնադրել է «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, որը պատկանում էր Միկա Բաղդասարովին:

 

 

 
ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը, որի համաձայն՝ 199 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը: Անցած տարվա նման ունենալով 63 միավոր՝ մեր երկիրը շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը 4-րդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային: Նկատենք, որ ընդհանուր ազատության մակարդակով Հայաստանը դասված է մասամբ ազատ երկրների շարքին, իսկ ահա համացանցի ազատությամբ՝ ընդգրկված է ազատ երկրների ցանկում:
Մեր հարեւաններից Ադրբեջանն ու Իրանը, հայտնվելով ամենացածր վարկանիշ ունեցող երկրների տանյակում, կիսել են 190-րդ տեղը՝ 90 միավորով, Թուրքիան՝ 163-րդ տեղը՝ 76 միավորով: Իսկ ահա Վրաստանը զբաղեցրել է 102-րդ տեղը՝ 50 միավորով՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում եւ ցույց տալով տարածաշրջանում լավագույն արդյունքը: ՀՀ ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, հայտնվել է 174-րդ տեղում՝ 83 միավորով՝ ԵՏՄ-ում մեր մյուս դաշնակիցը համարվող երկրի՝ Բելառուսի նման դասվելով «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքին:
Նշենք, որ զեկույցում մանրամասն անդրադարձ է արված անցած ամռանը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ դա որակելով «անարգանք»:
Այսպիսով՝ ՀՀԿ-ական իշխանութան կողմից այնքան հաճախ տարփողվող «ձեռքբերումը» մամուլի ազատության հարցում, միջազգային հեղինակավոր կառույցի համար տեսանելի չէ. վերջին տարիներին Հայաստանի ցուցանիշներն այդպես էլ չեն բարելավվում: Սա, իհարկե, միանգամայն համահունչ է երկրում առկա քաղաքական եւ տնտեսական իրավիճակին, երբ բարեփոխումները՝ դատական համակարգի անկախության, մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ պայքարում այդպես էլ խոսքերից գործի չեն վերածվում, ընդհակառակը առկա «գաղջ» մթնոլորտը գնալով ավելի է արմատավորվում, ինչի ցցուն դրսեւորումն էին վերջին խորհրդարանական ընտրությունները:
Ի վերջո, չի կարող մամուլը ազատ լինել մի երկրում, որտեղ չկան ազատ տնտեսական հարաբերություններ, ազատ գործարարներ, որոնք չեն ենթարկվում հարկային եւ այլ բնույթի ճնշումների, եւ որտեղ անգամ մեկ դրամի հոսքը վերահսկվում է: Եվ այն, որ Հայաստանը դեռ շարունակում է մնալ ազատ համացանց ունեցող երկիր, կարելի է համարել մեծ ձեռքբերում, իսկ դա ապահովող մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցներին էլ հերոսի կոչում տալ` առհասարակ գործունեություն ծավալելու համար:




Լրահոս