ՍԴ-Ն ԱՐԴԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ Է ՏԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը երեկ մերժեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը՝ որակելով այն անհիմն:

ՍԴ այս որոշումը, իհարկե, սպասելի էր: Միայն թե այստեղ խնդիրը նույնիսկ ընդդիմադիր դաշինքի դիմումի հիմնավոր կամ անհիմն լինելու մեջ չէ, այլ ՍԴ-ն միշտ եղել է իշխանությունների կամակատարը, եւ այս ողջ ընթացքում, անկախ ներկայացված դիմումների բովանդակությունից, մերժել ընդդիմադիրներին: Նույնը, փաստորեն, եղավ նաեւ այս անգամ: Մինչեւ ՍԴ-ի որոշումը, այդ հանգամանքն իր եզրափակիչ խոսքում շեշտել էր նաեւ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ պնդելով, որ միեւնույն է՝ դատարանը կմերժի իրենց դիմումը. «Ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք։ Դուք այստեղ իրականում միայն մեկ գործ եք անում՝ ինչքան հնարավոր է ավելի լավ պաշտպանել Հանրապետական կուսակցության եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը ու նրա կողմից կազմակերպված ընտրակեղծարարությունը։ Դրա համար երկրում ստեղծվել է ճշմարտության մերժման մի ամբողջ իրավաբանություն։ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ Սահմանադրական դատարանը ոչ թե լուծում է ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը, այլ «ընտրությունների արդյունքում ընդունված որոշումների» հետ կապված վեճերը։ Հատուկ այնպես է արված, որ ԿԸՀ գործողություններից դուրս որեւէ գործոն Սահմանադրական դատարանում քննարկման առարկա չդառնա»,- ասել է նա։ Փաստաբան Վահե Գրիգորյանն էլ ուշադրություն հրավիրեց այն իրողության վրա, որ թեեւ Հայաստանը Սահմանադրությամբ միապետություն չէ, բայց իշխանության բոլոր ճյուղերը կենտրոնացած են մեկ կուսակցության՝ ՀՀԿ-ի ձեռքում, դատավորները նշանակվում են այդ կուսակցության ղեկավարի կողմից, ասել է, թե ՀՀԿ-ն վերահսկում է իշխանության բոլոր ճյուղերը: «Ծայրահեղ հակասահմանադրական իրավիճակ է: …Միակուսակցական ամբողջատիրության դիակը վաղուց բախում է այս դատարանի դռները, կա՛մ դուք նրան ցույց եք տալու իր տեղը, կա՛մ դուք սպասելու եք, որ նա վերակենդանացած ձեզ ցույց տա այդ տեղը»,- հայտարարեց Գրիգորյանը, ում խոսքերը դահլիճում ծափահարությունների արժանացան: Բնականաբար, պատասխանող կողմը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ ասաց, թե ներկայացված դիմումն ամբողջովին զուրկ է փաստերից, որ դատարանում չներկայացվեցին հաստատված ապացույցներ:
Այսքանից հետո ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ: Մոտ երկու ժամ այնտեղ անցկացնելուց հետո ՍԴ-ն հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը մերժելու մասին որոշումը:
Նկատենք, որ ՍԴ որոշման մեջ նաեւ քաղաքական ձեւակերպումներ կան, մի հանգամանք, որը տարակուսանքների տեղիք է տալիս: Մասնավորապես ՍԴ-ն իր որոշման մեջ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին մեղադրել է դատարան դիմելով քաղաքական շահարկումներ անելու մեջ: «ՀՀ Սահմանադրական դատարան դիմած կուսակցությունների դաշինքի անդամ «Հայ ազգային կոնգրեսի» կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների շուրջ 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները, առանց բացառության, ստորագրել են քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով այդ տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությունը,- ասված է ՍԴ որոշման մեջ,-նման իրավիճակում Սահմանադրական դատարանում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»: ՍԴ որոշման մեջ նաեւ նշված է, թե ընդդիմության պահանջով հրապարակվեցին ընտրացուցակները, հիմա էլ վերջիններս պահանջում են ընտրատեղամասերի տեսագրությունների հատուկ ստուգումների կազմակերպում, ինչը ՀՀ ընտրական օրենսգրքի առկա կարգավորումների շրջանակներում բավարար չափով չհիմնավորված պահանջ է: Կարճ ասած, տպավորություն էր, թե այս որոշումը գրվել է ոչ թե ՍԴ խորհրդակցական սենյակում, այլ Բաղրամյան 26-ում, կամ առնվազն Մելիք-Ադամյան փողոցի հայտնի շենքում՝ ՀՀԿ գրասենյակում, այլապես գոնե զերծ կմնային քաղաքական գնահատականներից:
Մյուս կողմից, սակայն, նկատենք՝ քանի որ ընտրակաշառքի եւ ընտրողների նկատմամբ ճնշումների մասին պնդումներն անառարկելի էին, ավելին՝ այդ մասին իրենց հայտարարություններում խոսել էին միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկրյա պետությունների դեսպանատները, ՍԴ-ն ստիպված է եղել անդրադառնալու այս ամենին՝ նշելով. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել այն մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ: Ընդհուպ ԵՄ փորձագետների եւ պաշտոնյաների անունից հնչեցվեց, որ քաղաքական կոռուպցիան անհարիր է իրավունքի գերակայության սկզբունքը որդեգրած երկրի ժողովրդավարության զարգացումներին եւ անվտանգության սպառնալիք է: Դրա արմատախիլ անելը պետական քաղաքականության եւ երկրի իրավական անվտանգության օրակարգային առաջնահերթություն պետք է լինի: Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որը հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»: Նաեւ նշված է, թե գործատու-վարձու աշխատող հարաբերությունների մակարդակն էլ պետք է որակապես բարելավել, որ վարձու աշխատողը լիարժեք իրավասուբյեկտ դառնա՝ ընտրական գործընթացներում քաղաքական ու գործարար շահերի միահյուսման հնարավորությունը հաղթահարելու համար: Այլ կերպ ասած՝ ՍԴ-ն այդպես էլ չի կարողացել շրջանցել մատնանշված աղմկահարույց փաստերը, ստիպված է եղել գնահատական տալ այդ ամենին, բայց եւ մերժել հայցը:
Հ.Գ. ՍԴ որոշումից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ խորհրդարան անցած չորս ուժերից Հանրապետական կուսակցությունը, այդ որոշման համաձայն, ստացել է 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, եւ ՀՅԴ-ն 7 մանդատ։ Իսկ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա մայիսի 17-ին: Մինչ այդ, ԿԸՀ-ն ինքնաբացարկ հայտնել ցանկացողների համար ժամկետ կսահմանի, որից հետո արդեն տեղի կունենա մանդատների բաշխման արարողությունը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՀՅԴ-ԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ՞Ն
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հակառակ ՀՅԴ-ականների պահանջին, չի ցանկանում այս կուսակցությանը գործադիրում եւս մեկ նախարարական պորտֆել տալ: Նա այդ մասին հայտարարել է նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, ու հիմա որոշվել է Դաշնակցության պահանջը կոմպեսացնել՝ ԱԺ-ում մի փոքր ավելացնելով նրանց դերակատարությունը: Մասնավորապես նախարարական պորտֆելի փոխարեն ՀՀԿ-ն ուզում է ՀՅԴ-ին ԱԺ-ում պաշտոններ տալ՝ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ: Հարցի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից: Վերջինս, ի պատասխան տեղեկությունների, նշեց. «Խնդրիը դրան չի հասել, սպասեք, դեռ որեւէ մեկին հայտնի չէ»:
Մինչդեռ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ համագործակցության քննարկումները գրեթե ավարտվել են, ընդհանուր հարցերում եկել են համաձայնության եւ տեսանելի ապագայում կստորագրեն համագործակցության փաստաթուղթը:

 

 

 

ՔԻՉ ՀԱՐԿ Է ՏԱԼԻՍ
«Քեթրին գրուպ» ընկերությունը, որ պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ, օֆշորային սկանդալում հայտնված, բայց եւ Երեւանի թիվ 1 ընտրատարածքից ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանին, նվազեցրել է իր վճարած հարկերը եւ այս տարվա առաջին կիսամյակում 16 մլն դրամ պակաս գումար մուծել:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունը զբաղեցրել է 108-րդ հորիզոնականը եւ վճարել 288 մլն 977 հազար 700 դրամ հարկ ու տուրք: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը հայտնվել է ցանկի 89-րդ տեղում՝ վճարելով 304 մլն 594 հազար դրամ հարկ ու տուրք: Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո բանանի գինը կտրուկ բարձրացավ, եւ այսպես Պողոսյանին պատկանող ընկերությունը փորձեց հետ բերել ընտրություններին ծախսած գումարները: Մեզ մնում է հուսալ, որ այս ամենի արդյունքում ընկերությունը բարեխիղճ կգտնվի եւ կսկսի հարկերը վճարել:

 

 

 

ՇԱՏ ՄԵՔԵՆԱ
Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում 11.3 տոկոսով աճել են առեւտրի ծավալները: Սա պայմանավորված է հիմնականում մեծածախ առեւտրի եւ ավտոմեքենաների առեւտրի ծավալների աճով: Մեծածախ առեւտրի ծավալներն ավելացել են 17 տոկոսով, ավտոմեքենաներինը՝ 54.3 տոկոսով: Ինչ վերաբերում է մանրածախ առեւտրին, ապա այն ավելացել է 5 տոկոսով: Նկատենք, որ հատկապես մեքենաների առեւտուրը սկսեց աճել այն բանից հետո, երբ ԵՏՄ անդամ երկրներից հնարավոր դարձավ Հայաստան ավտոմեքենա ներկրել առանց մաքսազերծելու՝ ընդամենը վճարելով ԱԱՀ-ն:

 

 
ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԲՆԱԿԱՆ Է
ՀՀԿ-ում շատ բնական է, որ լինեն ինքնաբացարկներ, եւ դրանք կլինեն նաեւ տարածքային ցուցակներից, բայց ոչ արհեստական, այս մասին Tert.am-ին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Այս եւ այլ հարցերի շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել, բայց ես չեմ բացառում ,- նշել է նա եւ հավելել,- դուք զարմացեք, երբ ընդդիմադիրներից են ինքնաբացարկներ լինում, բայց ոչ ՀՀԿ-ից, որովհետեւ մեր մի մասն աշխատում է գործադիրում, մի մասը՝ պառլամենտում»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսային (նստավայրը՝ Մոսկվա): Կարեւորելով Հայաստանի հարաբերությունները լատինաամերիկյան երկրների հետ՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի հետ համագործակցության զգալի առաջընթացը:

 

 

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը քննարկելու է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային խնդիրները: Բացի այդ՝ նախատեսվում է քննարկել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը եւ Սիրիայի ճգնաժամի կարգավորումը: Պուտինը եւ Էրդողանը հանդիպելու են մայիսի 3-ին Սոչիում:




Լրահոս