ԴԱՀԿ-Ն ԸՆԴԴԵՄ ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ հատուկ քննչական ծառայության «ջրերը մի առվով չեն հոսում»: Ու նրանք սկսել են փոխադարձ անհասկացվածությունը կարգավորել հրապարակային դաշտում` պաշտոնական հաղորդագրություններ տարածելով:

Եվ այսպես՝ երեկ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ ՀՔԾ-ում ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյա Գրիգոր Սարգսյանի կողմից կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ն ներկայացրեց, թե ԴԱՀԿ պաշտոնյան, իր լիազորություններից դուրս գալով, ինչ յուրացումներ է իրականացրել: Ըստ այդմ, ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը պարտապան, Երեւանի բնակիչ Արմեն Քոչարյանից 2012-2013 թթ.-ի ընթացքում ստացել է 7000 դոլարից 3500 ԱՄՆ դոլար, սակայն այդ գումարները չի հանձնել ԴԱՀԿ դեպոզիտ հաշվին: Նա այդ գումարը յուրացրել է` օգտագործելով անձնական կարիքների համար:
Եվ ահա այս արարքի համար ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով: Այդ արարքը պատժվում է երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա):
Թվում էր, թե փաստարկված այս հայտարարությունը տարակարծության առիթ չէր կարող լինել: Բայց պարզվեց, որ այն ԴԱՀԿ-ում փոթորիկ է առաջացրել եւ միջգերատեսչական կռվի առարկա դարձել:
ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից ժամեր անց դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն իր հերթին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով. «Հարկադիր կատարման ծառայությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել, որ հիշյալ հաղորդագրության մեջ վկայակոչվող հարկադիր կատարող Գրիգոր Սարգսյանը հարկադիր կատարման ծառայության նախկին աշխատակից է, ով ծառայողական քննության արդյունքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով դեռեւս 10.02.2014 թվականին ազատվել է հարկադիր կատարման ծառայությունից՝ «ծառայությունից ազատում կարգապահական տույժի ենթարկվելու հիմքով»: Բայց տեղեկություն հայտնելով ԴԱՀԿ ծառայության պետի ԺՊ Արմեն Հարությունյանը չի բավարարվել: Նա նաեւ կոչով է հանդես եկել` ընդգծելով, որ «հարկադիր կատարման ծառայությունը կոչ է անում հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք եւ հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն»:
Նկատենք, որ սա առաջին դեպքն է, երբ ԴԱՀԿ-ն հրապարակային կերպով դիմում է ՀՔԾ-ին` պահանջելով հաղորդագրություն տարածելիս «հանրությանը տրամադրել լիարժեք եւ հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն»: Այսինքն` ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանը միտում է տեսնում:
Այս պատմության մեջ տարակուսելին այն է, որ փորձ չի արվել կամ անհաջող փորձ է եղել ԴԱՀԿ-ՀՔԾ հակասությունը ծածուկ կարգավորելու: Դրա համար էլ երկու գերատեսչությունները ստիպված են եղել դիմել հրապարակային «կսմիթների» մեթոդին:
Մեզ մնում է հավելել, որ Միհրան Պողոսյանից հետո ԴԱՀԿ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմեն Հարությունյանը չի կարողանում հաջողությամբ ոչ միայն իր ղեկավարած կառույցում «յոլա գնալ» աշխատակազմի հետ, քանի որ պարբերաբար դժգոհություններ են հրապարակվում նրա գործունեությունից, այլեւ պետական այլ կառույցների հետ խնդիր ունի:
Նկատենք, որ հատուկ քննչական ծառայությունն այդպես էլ երեկ պատասխան «կոնտր» հայտարարությամբ հանդես չեկավ: Սա էլ, թերեւս, պայմանավորված է ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի խառնվածքով` զուսպ, հավասարակշռված:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Մայիսի 18-ին լրանում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից կալանավորված Արթուր Մովսիսյանի՝ Հայաստան տեղափոխելու վերջնաժամկետը:
Ասել է, թե ՀՀ իրավապահները մինչեւ մայիսի 18-ը կա՛մ նրան կտեղափոխեն Հայաստան, կա՛մ Ռուսաստանի Դաշնության իրավապահները նրան ազատ կարձակեն:
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականի մայիսի 20-ին Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում ավտովթար էր եղել: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորն ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվել ոստիկանություն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այս գործով 9 անձի առաջադրվել է մեղադրանք, որոնց թվում է Ժիրայր Սէֆիլյանը, նրանցից 7-ը կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Գրել էինք, որ հետախուզվող անձը Երեւան քաղաքի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանն է, որին Ռուսաստանի Դաշնության իրավապահները հայտնաբերել են եւ կալանավորել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Արթուր Մովսիսյանի հարազատները այս ամիսների ընթացքում որեւէ տեղեկություն չունեն նրա մասին, ուստի տեսնելով, որ նրա՝ Հայաստան տեղափոխման գործընթացը ուշանում է, դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` փորձելով հետաքրքրվել, թե նրա տեղափոխման հարցն ինչ փուլում է գտնվում: Նրանք նշել են, որ իրավաբանական պաշտպանության կարիք ունեն:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` չնայած ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացված դիմումից անցել է 2 շաբաթ, սակայն մինչ օրս Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված Արթուր Մովսիսյանի հարազատներին որեւէ պաստասխան չի տրվել:
Նկատենք՝ ՀՀ իրավապահները դեռեւս չեն կազմակերպել Արթուր Մովսիսյանի՝ Հայաստան տեղափոխելու գործընթացը, բայց Ժիրայր Սէֆիլյանի եւ մյուս մեղադրյալների մասով հարուցված քրեական գործով նախաքննությունը ավարտվել է, եւ առաջիկայում այն կուղարկվի դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ գլխավոր դատախազություն՝ հասկանալու համար, թե ինչու չեն պատասխանել Արթուր Մովսիսյանի մտերիմների դիմումին, ինչին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի եւ լրատվության բաժնից հայտնեցին, որ ՀՀ գլխավոր դատախազությունից արդեն պատասխանել են դիմումատուին: Ստացվում է` Ռուսաստանի Դաշնությունում կալանավորված Արթուր Մովսիսյանի հարազատների նամակը երկու շաբաթ է՝ ճանապարհին է: Հուսանք՝ շուտ տեղ կհասնի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ Բրյուսելում կայացել է ԵՄ Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հերթական հանդիպումը, որին մասնակցել են գործընկեր վեց պետությունների եւ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները։ Հայաստանի արտգործնախարարության հաղորդմամբ՝ ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը։

 

 

ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԵՔՎ կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով եւ ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ: Բացի այդ՝ փաստաբանների պալատի նախագահը կարգապահական վարույթ է հարուցել 2017 թ. ապրիլի 27-ին փաստաբաններ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի, Գեւորգ Մկրտչյանի, Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

 

 

ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՈՒ ՓԱԽԵԼ
Երեկ՝ Ժամը 17:15-ի սահմաններում, BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ վրաերթի ենթարկվածներից մեկը մահացել է, մյուս 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Կայքը հրապարակել է տեսանյութ, որում երեւում է վրաերթ կատարած մեքենան, ինչպես նաեւ կոշիկներ, արյան հետքեր: Վարորդը մեքենան թողել է հարակից շենքերից մեկի բակում եւ հեռացել: NEWS.am-ի տեղեկացմամբ էլ վրաերթի ենթարկված երիտասարդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Նա գտնվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում, ունի բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ գանգուղեղային:

 

 

ԵՎՍ ՄԵԿ ԶՈՀ
Երեկ՝ ժամը 9:30-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:




Լրահոս