Հայտնի օլիգարխ Միկա Բաղդասարովին պատկանող «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ձեռնարկությունը սնանկ է ճանաչվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Ոգելից ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին:
«Ժողովուրդ»-ը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերության հիմնադիրը հանդիսանում է «Միկա Լիմիթեդ» ընկերությունը, որի հիմնադիրն էլ գործարար Միկա Բաղդասարովն է: Նշենք, որ պետական ռեգիստի համաձայն` «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ձեռնարկության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: ՀՀ ՊԵԿ-ը այս տարվա հունվարի 1-ին դիմել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ խնդրել է պատասխանող «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ձեռնարկություն ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերությունը ՊԵԿ-ին պարտք է ընդամենը մոտ 2 մլն դրամ: Դատարանը այս տարվա փետրվարի 22-ին պատասխանողի` «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության գտնվելու վայրը անհայտ լինելու պատճառով ՍՊԸ-ի, վերջինիս տնօրենի, ընկերությանը պատկանող գույքի եւ դրամական միջոցների նկատմամբ հետախուզում է հայտարարել: Սակայն այդպես էլ ո՛չ ընկերության տնօրենն է հայտնաբերվել, ո՛չ ՍՊԸ-ին պատկանող գույքն ու դրամական միջոցները: Արդյունքում ՀՀ պետական բյուջեի նկատմամբ «Միկա Կենաց-Ջուր» կոնյակի-գինու ձեռնարկության պարտավորությունները այդպես էլ չեն մարվել: Ապա դատարանը բացակայող պարտապան «Միկա Կենաց-Ջուր» գինու-կոնյակի ձեռնարկություն» ՍՊԸ-ի վերջին՝ գտնվելու վայրի հայտնի հասցեով ուղարկել է քաղաքացիական գործի վարույթը վերսկսելու մասին որոշման եւ դիմումի օրինակները՝ առաջարկելով նրան վիճարկել իր սնանկությունը, սակայն ծրարը հետ է վերադարձվել «չպահանջված» նշումով: Ինչի արդյունքում դատարանը ապրիլի 3-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի դիմումն ընդդեմ «Միկա Կենաց-Ջուր գինու-կոնյակի ձեռնարկություն» ՍՊԸ-ի` սնանկ ճանաչելու պահանջի մասին բավարարել է:
Ի դեպ, նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ ապրիլի 6-ի որոշմամբ սնանկացած ընկերության գործով կառավարիչ է նշանակվել Արմենակ Ադամյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է հունիսի 6-ին: Տարիներ առաջ Միկա Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Այժմ, սակայն, Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկանում են: Հիշեցնենք, որ Բաղդասարովին էին պատկանում նաեւ «Արմավիա» եւ «Միկա Լիմիթեդ» ընկերությունները: Դեռեւս 2014 թվականին «Միկա Լիմիթեդ» ընկերությունը դիմել էր դատարան՝ «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եվ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին դատարանի վճռով ընկերությունը սնանկ ճանաչվեց: «Արմավիա»-ի պարտատերերի ցուցակում են 122 քաղաքացիներ եւ 27 ընկերություններ: «Արմավիայի»՝ միայն դոլարային պարտքը կազմում է մոտ 90 միլիոն: Իսկ Բաղդասարովին պատկանող մյուս՝ «Միկա Քորփորեյշն» ընկերութունը, որը հայտնի էր բենզինի եւ դիզվառելիքի շուկայում, սնանկ է ճանաչվել հողի հարկերը չվճարելու պատճառով: Ծնունդով ղարաբաղցի, գործարար Միկա Բաղդասարովը Հայաստանում բիզնեսով սկսել է զբաղվել դեռ 1990-ականներից, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցրեց ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը: Իսկ արդեն 1998թ. հեղաշրջումից հետո, երբ նախագահի պաշտոնում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, Բաղդասարովը գլխապտույտ արագությամբ սկսեց բիզնեսն ընդլայնել` հիմնականում օֆշորային գոտում գրանցված իր ընկերությունների անունով. նրան տրվեց հեղուկ վառելիք Հայաստան ներկրելու մեծ քվոտա, հետո իշխանությունների միջամտությամբ սնանկացված պետական «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը: Դրա հիման վրա ստեղծվեց «Արմավիա»-ն, այն էլ` ազգային փոխադրողի կարգավիճակով: Այս գործարքներից յուրաքանչյուրն առանձին պատմություն է, մասնագետների պնդմամբ` առանձին քրեական գործերի նյութ: Չնայած Բաղդասարովն առաջխաղացում ապրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն նրա հիմնական հովանավորը համարվում էր Սերժ Սարգսյանը. պատահական չէ, որ ռուսական լրատվամիջոցները, անդրադառնալով հայ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին, Սերժ Սարգսյանի բիզնեսների շարքում մատնանշել էին Բաղդասարովի ընկերությունները` պարզաբանելով, որ վերջինս գործում է նրա հովանու ներքո:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Միկա Բաղդասարովի հետ եւ փորձեց հասկանալ, թե երբ է, ի վերջո, մարելու պարտքերը: Հարցին ի պատասխան՝ Բաղդասարովը զարմացավ` նշելով. «Ի՞նչ պարտքեր: Ես ոչ մի պարտք չունեմ: Եւ չեմ ցանկանում այդ թեմայի շուրջ զրուցել Ձեզ հետ»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ