«Ժողովուրդ»-ը շոու-բիզնեսից ունեցած սպասլիքների եւ ներքին խոհանոցին ծանոթանալուց հետո ունեցած մտորումների մասին զրուցել է երգչուհի, «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի հաղթող Մաշա Մնջոյանի հետ։
-Մաշա՛, վերջին շրջանում երաժշտական ակտիվ գործունեություն էիք ծավալում Ավստրալիայում։ Այդ երկրի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք։
-Ինքս չեմ կարող վստահաբար ասել, թե իրադարձություններն ինչպես կդասավորվեն։ Համենայն դեպս, հիմա դեռ Հայաստանում եմ, մոտ ժամանակներում չեմ պլանավորում երկրից դուրս գնալ։ Բայց նաեւ չեմ բացառում, որ հետագայում Ավստրալիայի հետ ճանապարհներս կրկին կխաչվեն։
-Ձեզ առաջիկայում որտե՞ղ, ի՞նչ միջոցառումների շրջանակում կարող ենք լսել։
-Ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան նվիրված համերգ է սպասվում, բացի այդ՝ «Եվրոպայի օրերի» շրջանակում (մի շարք տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ վարպետության դասեր եվրոպացի արվեստագետների մասնակցությամբ) սպասվում են համերգներ՝ իմ եւ Հայկ Պետրոսյանի մասնակցությամբ։ Ի դեպ, վերջերս նկարահանվել եմ նաեւ ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանի տեսահոլովակում, եւ, փաստորեն, առաջին անգամ հանդես եմ եկել ոչ որպես երգչուհի, այլ դերասանուհի։
-Իսկ Դուք ինքներդ ինչո՞ւ տեսահոլովակ չեք թողարկում։
-Ամենակարեւոր պատճառը ֆինանսն է, ապա ժամանակի սղությունը։
-Հիշում եմ, որ խոստացել էիք Սոնայի հետ դուետի՝ «Runaway» երգի հիման վրա տեսահոլովակ ներկայացնել։
-Այո՛, բայց չստացվեց այդ գաղափարը կյանքի կոչել հենց ֆինանսների բացակայության պատճառով։ Ամեն դեպքում, դեռ հույս ունեմ, որ տեսահոլովակ թողարկելու հնարավորություն կունենանք։ Ի դեպ, Սոնայի հետ շարունակում ենք համագործակցել, բացի այդ՝ մենք հարազատ ընկերներ ենք՝ ընտանիքի անդամների պես։
-Իսկ ստեղծագործական կյանքի այս փուլում շոու-բիզնեսում հաստատվելու մտադրություններ ունե՞ք, հետաքրքիր է՝ պրոդյուսեր ունե՞ք։
-Ես ձգտում եմ միշտ տեսադաշտում մնալ՝ գեղեցիկ ու գրագետ գործեր ներկայացնելով։ Պրոդյուսեր, հովանավորներ չունեմ, բայց ինձ շատ է օգնում հորաքույրս, որը երգարվեստին մոտ մարդ է եւ մշտապես իմ կողքին է։
-Երկրպագուներն ուզում են, որ Դուք ավելի ակտիվ գործունեություն ծավալեք։
-Ես էլ եմ ուզում, ուժերիս ներածին չափով իրականացնում եմ դա։
-Մաշա՛, իսկ Դուք երգեր գրո՞ւմ եք։
-Այո՛, երբեմն գրում եմ, բայց բավականաչափ չեմ հավանում, որպեսզի հրապարակեմ։ Ինքս ինձ քննադատաբար եմ մոտենում։
-Իսկ հայկական շոու-բիզնեսում կա՞ մի իրականություն, որի հետ մինչեւ այժմ չեք համակերպվում։
-Ես ե՛ւ շոու-բիզնեսի մեջ եմ, ե՛ւ դրանից դուրս, բայց «չկամ» այն ամենի մեջ, ինչ կատարվում է հայկական շոու-բիզնեսում։ Սիրում եմ, որ ամեն բան ճիշտ ու գրագետ լինի, բայց մի բան միշտ սխալ է գնում։ Համենայն դեպս, շոու-բիզնեսում ունեմ շատ ընկերներ, որոնց գնահատում եմ։
-Այսինքն՝ հայկական շոու-բիզնեսն այնքա՞ն էլ հոգեհարազատ չէ Ձեզ։
-Ես շոու-բիզնեսը այլ կերպ էի պատկերացնում։ Երբ մասնակցում էի «Հայաստանի ձայնին», մտածում էի՝ տեսնես ինչ է կատարվում համերգների կուլիսներում, ինչպես են իրականացվում մի շարք ծրագրեր։ Բայց երբ ծանոթացա ներքին խոհանոցին, պատկերը փոխվեց։ Ասում են, չէ՞, որ պետք է ավելին չսպասես, որպեսզի հուսախաբ չլինես։ Համենայն դեպս, ես ամեն կերպ փորձում եմ պահել այն նշաձողը, որն ինքս եմ ինձ համար սահմանել։
-Իսկ Ձեր՝ հեռուն գնացող նպատակներն ինչի՞ն են վերաբերում։
-Շատ եմ ուզում մատուցել այնպիսի պրոդուկտ, որը կհետաքրքրի ե՛ւ տեղի, ե՛ւ արտերկրի հանդիսատեսին։ Ինձ համար դա կարեւոր հանձնարարական է։
-Եվ վերջում՝ հետաքրքիր է՝ Ձեր անձնական կյանքում այժմ ի՞նչ փուլ է։
-Անձնականի մասին չեմ մտածում, բայց չգիտեմ՝ ինչ կլինի, չեմ կարող ասել, թե Աստված ինձ համար ինչ է պատրաստել։ Ամեն դեպքում, ես ընտանիքի մարդ եմ, գյումրեցիների իմ ընտանիքում ես տեսել եմ միայն սեր եւ ջերմություն։ Նույնը ցանկանում եմ տեսնել իմ սեփական ընտանիքում։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՎԵՐԱԴԱՐՁԻ 30-ԱՄՅԱԿԸ ԿՆՇԱՆԱՎՈՐԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳՈՎ
Երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն, այս տարի նշում է Սիրիայից Հայաստան վերադարձի 30-ամյակը եւ մտադիր է առիթը տոնի վերածել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ Երեւանում մենահամերգով հանդես գալու մտադրություն ունի, արդեն աշխատում է այդ ուղղությամբ. «Թե որքանով գաղափարս կիրականացվի, կախված է ֆինանսական միջոցներից»,-ասաց նա:
Մեր զրուցակիցը նաեւ տեղեկացրեց, որ Մոնթե Մելքոնյանին նվիրված երգի հիման վրա (հեղինակ` Գուսան Հայկազուն) պատրաստվում է տեսահոլովակ նկարահանել: Բացի այդ` Մրոյի՝ արցախցի երկրպագուները շուտով նրա կենդանի կատարումներն ունկնդրելու հնարավորություն կստանան մայիսյան հաղթանակներին նվիրված համերգների շրջանակում: Իսկ ավելի ուշ արդեն Արսեն Գրիգորյանը համերգով հանդես կգա Սիրիայում հալեպահայերի համար:
«Ժողովուրդ»-ը, անդրադառնալով երիտասարդ երգիչների կողմից ժողովրդական, ազգային երգերի մատուցմանը, նկատեց, որ այդ միտումը, կարծես, վերջին շրջանում «մոդայիկ» է դարձել. «Դա գովելի փաստ է, միայն թե հարկավոր է, որ մեր երգիչ-երգչուհիները հայերենը լավ իմանան, հայկական հնչերանգին տիրապետեն, զգան այն վտանգը, որ հնարավոր է, սխալ կատարման հետեւանքով աղավաղեն երգը: Դրա համար միշտ կոչ եմ արել հասկանալ, թե ինչ են երգում, չէ՞ որ հայ երգի պարագայում խոսքի իշխանությունն է կարեւորը, այսինքն` խոսքերին մեծ ուշադրություն է դարձվում»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Քանի որ պարոն Գրիգորյանը ժողովրդական երգարվեստը հանրահռչակելու ուղղությամբ որոշակի ծրագրեր է իրականացնում, հետաքրքրվեցինք` գործընթացն ի՞նչ փուլում է. «Արդեն որոշակի ժամանակ է` իրականացնում ենք Երեւանի, մարզային քաղաքների փողոցներում ազգային երգն ու պարը մատուցելու, ուսուցանելու ծրագրեր: Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերականգնվում է «Զարթոնք» խումբը, որը տարիներ շարունակ, այսպես ասած, ընդհատակում էր: Ծրագրում ենք նաեւ ստեղծել ազգային երգի, պարի խմբեր այն քաղաքներում, որտեղ դրանք բացակայում են»,-եզրափակեց երգիչը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՆՎԻՐԱԲԵՐՎԵԼ Է
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Երեւանի Շառլ Ազնավուրի տուն¬թանգարանի համար նախատեսված տարածքը՝ 1224.4 քառ. մետր մակերեսով եւ զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1 հեկտար հողամասով, նվիրաբերվել է «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի թանգարան եւ մշակութային կենտրոն ծառայեցնելու պայմանով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, ապրիլի 28¬ին պետական գույքի կառավարման վարչությունում Ազնավուր ընտանիքի անդամների մասնակցությամբ կնքվել է նվիրատվության պայմանագիրը, որն «Ազնավուրը» հիմնադրամի անունից ստորագրել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինա Սարկիսյանը (Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի կինն է): Ստեղծվելիք թանգարանում կպահպանվեն եւ կցուցադրվեն արվեստի եւ մշակութային արժեքներ՝ չսահմանափակվելով միայն Շառլ Ազնավուրի կյանքն արտացոլող տեսալսողական նյութերի ցուցադրություններով:
ԱՍՏՂԱԲԱՇԽԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔ
ԱՄՆ նախագահներից մեկի՝ Ջոն Քենեդու անձնական օրագիրը Բոստոնում կայացած աճուրդի ժամանակ վաճառվել է 718.750 դոլարով: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ 61 էջանոց օրագիրը գնել է ամերիկացի Ջոզեֆ Էլսոլը: Օրագիրը գրվել է 1945-ին 28-ամյա Քենեդու կողմից, որն այդ տարիքում աշխատում էր որպես լրագրող:
Ի դեպ, օրագրում ԱՄՆ 35-րդ նախագահը մի քանի անգամ անդրադառնում է այնժամ Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին, որին կոչում է առասպել:
ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու քույրը` Քորթնին, վերջերս մեկնել էին Մեքսիկա` հանգստանալու: Հանգիստը, սակայն, վերածվել է իսկական փորձանքի: Բանն այն է, որ պապարացիները Քիմին լուսանկարել են ծովափին այնպիսին, ինչպիսին նա կա` ցելյուլիտով եւ ոչ այդքան գրավիչ կազմվածքով: Լուսանկարների հրապարակումից հետո քննադատության մեծ ալիք է բարձրացել աստղի երկրպագուների շրջանում: Սոցցանցերի օգտատերերը Քիմին մեղադրում են անազնիվ խաղի մեջ՝ հայտարարելով, որ մինչ այս բոլոր լուսանկարներում մոդելը ֆոտոշոփ է օգտագործել՝ մարմնի թերությունները ծածկելու համար: Այս ամենի հետեւանքով Քարդաշյանը սոցցանցերի 100 հազար բաժանորդ է կորցրել (ի դեպ, Instagram-ում Քիմը հինգերորդ ամենակարդացվող աստղն է՝ Արիանա Գրանդեից, Բեյոնսեից, Թեյլոր Սվիֆթից եւ Սելենա Գոմեսից հետո):