Ադրբեջանական խնձորներն անվտա՞նգ էին. ՊԵԿ աշխատակիցները կաշառք էին վերցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ մուտք գործած ադրբեջանական ծագում ունեցող խնձորների թեման շարունակվում է քննարկվել:

ԱԱԾ-ն, հիշեցնենք, պաշտոնապես հայտարարեց, որ ներմուծումն ապօրինի է եղել: Իսկ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իր հերթին վստահեցնում է, որ սահմանային վերահսկողություն չանցած խնձորները ՍԱՊԾ մասնագետների կողմից փնտրվում, ոչնչացվում են:

Ամենակարևոր հարցը, սակայն, դեռևս մնում է անպատասխան. արդյոք խնձորները անվտանգ էին: ArmLur.am-ի հարցին ի պատասխան` ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ փորձաքննության արդյունքներն ամբողջությամբ դեռ չեն ամփոփվել, սակայն նախնական տվյալներով՝ անվտանգության հիմնական ցուցանիշները փորձաքննությամբ շեղումներ չեն հայտնաբերվել: Արդյունքներն ամփոփելուց հետո ՍԱՊԾ-ն դրանք կհրապարակի:

Ի դեպ, ո՛չ ՊԵԿ-ը և ո՛չ էլ պաշտոնապես չեն խոստովանել, թե ում մեղքով են խնձորները մաքսանենգ ճանապարհով հայտնվել են ներքին շուկայում:

Իսկ քիչ առաջ ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ պետական եկամուտների կոմիտեն տեղական շուկայի տարբեր վաճառակետերում, այդ թվում սուպերմարկետներում և ՍԱՊԾ-ի տրամադրած այլ հասցեներում, ադրբեջանական արկղերով խնձորի հայտնվելու դեպքի մանրամասները ճշտելու նպատակով իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում պարզվել է, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր առևտուր իրականացնելու նպատակով պարբերաբար հատել են սահմանը, մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալու միջոցով ակնհայտ առևտրային քանակ հանդիսացող գյուղմթերքը ներկրել են հանրապետություն: ՊԵԿ աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների փաստերի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի՝ կաշառք ստանալու հատկանիշներով:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել տվյալներ նաև մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով ևս հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար:

ՊԵԿ նախագահի հանձնարարականով սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում նմանատիպ երևույթները բացառելու նպատակով:




Լրահոս