ՓՊ-ում քննարկվել է անվճար իրավական օգնություն տրամադրելու Միացյալ Նահանգների փորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդունել է Վաշինգտոնի LegalAidSociety կազմակերպության իրավաբանական տնօրեն Չին Լիին:

Հանդիպմանը հյուրի խնդրանքով Պալատի նախագահը ներկայացրել է Հայաստանում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու օրենսդրությանը և գործող պրակտիկային առնչվող մանրամասներ:

Անդրադառնալով իր կազմակերպությանը՝ Չին Լին նշել է դրա ստեղծման նպատակները, քաղաքացիական գործերով ProBono (կամավոր անվճար) ծառայություններ մատուցելու ձևավորված ավանդույթները և փաստաբանական գրասենյակների հետ համագործակցության եղանակները:

Ներկայացնելով նահանգային և դաշնային մակարդակներում իրավական անվճար օգնության առանձնահատկություններն ու տարբերությունները՝ Չին Լին անդրադարձել է բոլոր համակարգերին հատուկ օրինաչափություններին ՝ նշելով, որ կամավորության սկզբունքով իրավական ծառայություններ մատուցելը փոխշահավետ է փաստաբանական գրասենյակների, անհատ փաստաբանների և այդ հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար:

Նա տեղեկացրել է, որ ProBono ծառայություններ մատուցած և դրանք ֆինանսավորած փաստաբաններն ու փաստաբանական գրասենյակները հաշվետու են Ամերիկայի փաստաբանների միությանը և տարեկան կտրվածքով այս ուղղությամբ տարվող իրենց աշխատանքների, ժամերի քանակի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրում Ամերիկայի փաստաբանների միությանը: Հետագայում փաստաբանների աշխատանքը սանդղակավորվում և զետեղվում է Ամերիկայի փաստաբանների միության պաշտոնական կայքում:

Պատասխանելով մեր երկրի փաստաբանության ոլորտին առնչվող հարցերին՝ Արա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ ՀՀ ազգային ժողովում է գտնվում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում լրամշակված և բարեփոխված են անվճար իրավական օգնության տրամադրմանն առնչվող դրույթները:

Նա նշել է, որ նախագծում ներառվել են Հանրային պաշտպանի գրասենյակին զուգահեռ անվճար իրավական օգնության նոր մեխանիզմներ, որոնց կյանքի կոչելու դեպքումփաստաբաններին կամավոր անվճար իրավական օգնության մղելու հիմքեր են նախանշվելու:

Հանդիպմանը քննարվել են նաև Միացյալ Նահանգներում հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությանը, տարեկան գործերի քանակին, որակի չափելիությանն առնչվող հարցեր:

Չին Լին հանդիպել է նաև Փաստաբանական դպրոցի տնօրենին և Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմին:

ՀՀ ՓՊ մամուլի կենտրոն




Լրահոս