Երեկ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ռազմա-տակտիկական զորավարժություններ են սկսել, որոնց ընթացքում կօգտագործվեն հրետանային տեխնիկա, զրահապատ տրանսպորտային միջոցներ, ականանետեր, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև կմասնակցեն հակաօդային պաշտպանության և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:
Ինչ սպասել նման զորավարժություններից սահմանային լարված իրավիճակի ֆոնին, ArmLur.am-ը փորձեց պարզել քաղաքագետ Սերգեյ Մինասյանից:
«Հայկական հասարակության համար մի քիչ մտահոգիչ է այն առումով, որ ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի զինված ուժերն են այդ զորավարժություններին մասնակցում: Բայց, ընդհանուր առմամբ, ես հասկանում եմ, որ այդ զորավարժությունները ծավալով եւ ներգրավվածությամբ բավականին զիջում են մի շաբաթ կամ երկու շաբաթ առաջ ավարտված Ադրբեջանի բանակի զորավարժություններին»,- ի պատասխան մեր հարցի ասաց նա:
Նրա խոսքով` թուրքերը փորձում են ցույց տալ, որ նրանք սատարում են Ադրբեջանին. «Այստեղ ավելի շատ քաղաքական մեսսիջ եմ տեսնում: Այսինքն` թուրքերը փորձում են ցույց տալ, որ նրանք սատարում են Ադրբեջանին արցախյան հարցում, Ադրբեջանը, բնականաբար, փորձում է ներգրավել Թուրքիային: Բայց հուսով եմ, որ դա ինչ որ ռազմական աստիճանի չի հասնի»:
Մինասյանի գնահատմամբ` ռազմական գործողությունները, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, կարող է տարբեր աստիճանի լինել, և ինչ-որ պրովակացիաներ, ինչ-որ դիվերսիոն գործընթացներ կան:
Անդրադառնալով Մոսկվայում ապրիլի 28-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, քաղաքագետը որևէ դրական սպասելիք չարձանագրեց, «Ադրբեջանցիք ձևական ասեցին կողմ ենք: Խոստանում են, գնում են Բաքու, մոռանում են»:
Արփինե Թովմասյան