Ամեն ինչը ստիպում է Թուրքիային և Ադրբեջանին բոլորի հետ շանտաժի լեզվով խոսել. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Զորավարժությունները կապված են Թուրքիայի բուն խնդիրների հետ, որովհետև Թուրքիայի նախագահը հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահի հետ, և արդեն ռուսական մամուլում հրապարակված էր, որ նախօրոք ինչ-որ ելույթներ են սպասվում, որ Ռուսաստանի կողմից կարող են ներկայացվել կոշտ պահանջներ: Բնական է, որ այս ամեն ինչը ավելի լուրջ է, քան խոսվում է»:

Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ ռազմա-տակտիկական զորավարժություններ սկսելու մասին, ասաց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Նրա խոսքով` զորավարժությունների երկրորդ պատճառը, որը պակաս կարևոր չէ, Ադրբեջանի հետ կապված վիճակն է. «Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ Թուրքիայի հետ միասնական է իր դիրքորոշման մեջ, որովհետև չի կարողանում որևէ կերպ իր պայմաններով բանակցություններ վարել Հայաստանի հետ` ԼՂՀ խնդրի հետ կապված: Փորձում է այն պայմանները հանել, որոնք դրված են կողմերի առաջ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որովհետև իր համար անթույլատրելի են»:

Մինասյանի փոխանցմամբ` ստեղծվել է մի վիճակ, որ Հայաստանը պայման է դրել, որպեսզի Ադրբեջանը կատարի Վիեննայում ձեռք բերված պայմանավորածությունները, և այստեղ մնում է միայն ընդհանրական մոտեցումը` տարածաշրջանում լարվածություններ ստեղծել:

«Թուրքիան էլի պրոբլեմներ ունի Սիրիայի հետ սահմանում: Այնտեղ էլ մի քիչ բարդ վիճակ է ստեղծվել. Ռուասատանը և ԱՄՆ-ն դիրքորոշում են ներկայացրել` կապված Թուրքիայի գործողությունների հետ Սիրիայի տարածքում: Այս ամեն ինչը ստիպում է և′ Թուրքիային, և′ Ադրբեջանին բոլորի հետ շանտաժի լեզվով խոսել»,- իր խոսքն ամփոփելով` նշեց քաղաքագետը:

Արփինե Թովմասյան




Լրահոս