ՖՈՏՈ. Արգելոցում հովազ, բեզոարյան այծ որսալու համար` 15 մլն տուգանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` Խոսրովի պետական արգելոցում շուրջօրյա հսկողությունն իրականացվում է հատուկ ջոկատի եւ տեղամասային տեսուչների կողմից: Սակայն Խոսրովի պետական արգելոցում պահպանության գծով փոխտնօրեն Ռաֆիկ Պետրոսյանի խոսքերով հիմնական խնդիրներից մեկն այն է, որ արգելոցի տարածքը բաց է, եւ բոլոր տեղերից կարող են մարդիկ մուտք գործել: Միաժամանակ պահպանության գծով փոխտնօրենը հավաստիացրեց, որ արգելոցում որս չկա: Փոխարենը նկատեց, որ կենդանական աշխարհի աճ կա: Արգելոցը բաժանված է չորս տեղամասի:

«Ժողովուրդ» օրաթերթը փոխտնօրեն Պետրոսյանից տեղեկացավ, որ արգելոցի պահպանության համար նախատեսված «ռենջերների» աշխատավարձը ցածր է` հավելավճարի հետ միասին 80 հազար դրամի չափ: Այդ մասին օրեր առաջ խոսել է նախ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Նախարարի խոսքերով՝ ռենջերների ինստիտուտի կայացման խնդիր կա ե՛ւ լիազորությունների, ե՛ւ տեխնիկական զինվածության, ե՛ւ աշխատավարձի առումով:

Հատկապես վերջինը սուր է. «Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են: Ահազանգերի դեպքում հնարավոր է՝ գիշերվա ժամը երկուսին նրանք գնան շրջագայության: Չէ որ այս դեպքում մարդուն քնից հանում, տանում ենք»,- ներկայացրեց Պետրոսյանը: Մեր զրուցակիցը նկատեց նաեւ, որ եթե ռենջերները որսագողի կամ որսագողության դեպք հայտնաբերեն, ապա իրենք իրավասություն չունեն տեղում արձանագրություն կազմելու»: Միայն պետք է բռնենք, հանձնենք ԲՆ-ի բնապահպանական պետական տեսչությանը, քանի որ իրենք են որոշում տուգանքի չափը:

Մենք նաեւ իրավասու ենք դեպքը հանձնել ոստիկանությանը»,- ներկայացրեց Պետրոսյանը` ընդգծելով, որ վերջին շրջանում նման դեպքեր տեղի չեն ունեցել: Նա տեղեկացրեց, որ ե՛ւ բեզոարյան այծ, ե՛ւ կովկասյան ընձառյուծ` հովազ, որսալու դեպքում տուգանքի չափը կազմում է 3 մլն դրամ: Իսկ եթե որսը տեղի է ունեցել արգելոցի տարածքում, ապա տուգանքի չափը բազմապատկվում է 5-ով`դառնալով 15 մլն դրամ:

Փոխտնօրենը հավաստիացրեց, որ արգելոցը պահպանող եւ հսկող հատուկ ջոկատը զենքով ապահովված է: Այսօրվա դրությամբ ռենջերները չունեն նաեւ ավտոմեքենաների, վառելիքի եւ հագուստի խնդիր:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս